ԴԵՐԱՍԱՆՈՒՀՈՒՆ «ՔՑՈՒՄ» ՈՒ «ՔՑՈՒՄ» ԵՆ Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի դերասանուհի Լուսինե Կիրակոսյանը զարմացած է մշակութային դաշտում տիրող «քցոցի»-ից։ Նա ամեն ինչ տվել է թատրոնին, իր կարծիքով, փոխարենը չստանալով ոչինչ, նույնիսկ անձնականն է զոհաբերել հանուն բեմի, բայց թատրոնից հրաժարվելու փորձ անգամ չի արել։ Նա մի շարք գլխավոր դերեր է մարմնավորել «Աստվածային կատակերգություն», «Հալածված առաքյալը», «Սեր եւ ծիծաղ», «Ավտոբուս» ներկայացումներում, Դմիտրի Քեոսայանի «Հեծյալը, որին սպասում էին» երկսերիանոց ֆիլմում։ Նրան բազմիցս առաջարկել են թողնել դրամատիկականը եւ տեղափոխվել այլ թատրոն։ Ժամանակին էլ Մոսկվայի Փոքր թատրոնի ղեկավար Բորիս Ռավենսկիխը առաջարկել է մշտապես աշխատել եւ բնակվել Մոսկվայում, սակայն դերասանուհին հրաժարվել է, հավատարիմ մնալով իր սկզբունքներին։ Այսօր Լ. Կիրակոսյանը ընդամենը խաղում է «Ավտոբուս» ներկայացման մեջ։ Նրա կարծիքով, դերասանի զբաղվածությունը ամենեւին էլ նրա տաղանդավոր լինելուց չէ, այլ «բախտի բան է»։ Իսկ ինքը միշտ տուժում է իր ճշմարտախոսության պատճառով։ Դերասանուհու հավաստմամբ, իրենց թատրոնը դերերի բաշխման առումով այնքան էլ չի սիրում իրեն։ Նրան մտահոգում է նաեւ այն, որ բոլոր թատրոնների դերասանների միջեւ «սպայկա» չկա։ Օրինակ, եթե որեւէ մեկին խիստ ցածր գումարով առաջարկում են որեւէ գովազդում նկարահանվել, մի մասը հրաժարվում է, իսկ մյուսները՝ ոչ։ Դրա համար էլ իր շատ գործընկերներ էժան աշխատուժ, իսկ մի մասն էլ գործազուրկ են դառնում։ Նա կատակեց, որ թեեւ գովազդներից մեկում բոլորին խորհուրդ է տալիս վճարել ջրի վարձը, սակայն ինքը չի պատրաստվում այդպես վարվել, քանի որ ողջ ամառ ջուր չի ունեցել, թեեւ ամեն օր ջրմուղի տասը աշխատող թակել են իրենց դուռը։ Լ. Կիրակոսյանը արդեն համակերպվել է ամենուր տիրող «քցողական» մթնոլորտին։ Նրան «քցել» են, երբ նկարահանվել է մարտի 8-ի երաժշտական հումորային հաղորդմանը, 2001-ին նույն հեռուստաընկերությունը չի վճարել նաեւ ամանորի ծրագրում նկարահանվելու համար, որը կատարվել է Մանկական երկաթուղում։ Ըստ դերասանուհու, իրեն «քցել» են նաեւ Վիգեն Չալդրանյանի «Լռության սիմֆոնիա» ֆիլմում նկարահանվելուց հետո։ Լ. Կիրակոսյանը պնդում է, որ ինքը եւ շատ դերասաններ նկարահանվել են ֆիլմի մասսայական տեսարաններում, որը կատարվել է Արզնիում. «Ձմեռվա ցրտերին մենք մի քանի ժամ շարունակ նստել ենք սառը գետնին ու այդքանից հետո ոչ մի կոպեկ չենք էլ ստացել»։ Վիրավորված դերասանուհին հենց դրա համար էլ չի գնացել ֆիլմի պրեմիերային։ ՆԻԿՈԼԱՅ ՄԵԼԻՔՅԱՆ Հ. Գ. Լուսինե Կիրակոսյանի մեղադրանքներին ի պատասխան, Վիգեն Չալդրանյանը սկզբում պարզաբանեց, որ ինքը ֆիլմի գումարների հետ կապ չունի, մեղավորը ֆինանսների նախարարությունն է, որը ժամանակին գումար չի փոխանցել «Հայֆիլմ» կինոստուդիա։ Այնուհետեւ հեռախոսով տեղեկացրեց, որ ինքը «Հայֆիլմ» կինոստուդիայի տնօրեն Գեւորգ Գեւորգյանից ճշտել է, որ բոլոր դերասաններին վաղուց վճարվել են իրենց հոնորարները։ Վ. Չալդրանյանի կարծիքով, մեղավորը Լ. Կիրակոսյանն է, որ տեղյակ չի եղել, մնում է, որ դերասանուհին ցանկացած աշխատավարձի օր ներկայանա կինոստուդիայի հաշվապահություն ու ստորագրի իր անվան դիմաց։