«ԱՅԼԱՆԴԱԿ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՃՆՇՄԱՆ» ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ՀՀ նախագահի մինչեւ այժմ առաջադրված թեկնածուներն այնքան անընդունելի են, որ «Ազատություն» կուսակցության առաջնորդ, էքսվարչապետ Հրանտ Բագրատյանն անգամ չի պատկերացնում, թե նախագահական ընտրություններին Լեւոն Տեր-Պետրոսյանի չառաջադրվելու դեպքում ում օգտին է լռելու։ Իսկ առաջադրվելու դեպքում՝ իհարկե, կպաշտպանի։ Նա հավաստիացնում է, որ այս թեմայով ոչ մի անգամ չի խոսել «իր» նախագահի հետ. «Ես այն մարդն եմ, որ գտնում եմ, որ պետք է թույլ տալ, որ մարդն ինքն իր համար հանգիստ ընդունի իր որոշումը»։ Խորհրդարանում էլ պարոն Բագրատյանն իր խնդիրը չի տեսնում։ «Ազատության»՝ առաջիկայում կայանալիք համագումարում իր թեկնածությունն առաջադրելն անհնարին է համարում, քանի որ չի կարծում, որ վերջինը կլիներ թեկնածուներից, բայց հաղթողն էլ չի լինի։ Իսկ որ Խակամադան գալիս է Հայաստան ու ռամկավարների հետ է շփվում, «դա վատ չէ, դրանից ռամկավարները չեն տուժի»։ Նույնպես ազատական կոչվող ռամկավարներին Հ. Բագրատյանն իրեն գործընկեր չի համարում, որովհետեւ «չի կարող մի կուսակցություն, որը սեփականության բոլոր բաները գովում է, իշխանության բոլոր ձեւերը գովում է եւ նույն տոնով, գուցե ավելի խիստ, քան կոմունիստները, խոսում է ժողովրդի թշվառ վիճակից», լինել լիբերալ։ Իրենց կուսակցությանը զբաղեցրած տարածքից վտարելը պարոն Բագրատյանը գնահատում է որպես այլանդակ քաղաքական ճնշում, որպիսի վրեժխնդրությունն ու չարությունը բնական է համարում։ Հատկապես զգում է, որ «իրենք» Լեւոն Տեր-Պետրոսյան-Հրանտ Բագրատյան իշխանության այլընտրանքը չեն սիրում. «Երբեք սիրո մեջ չեն էլ խոստովանել՝ ոչ պրակտիկ գործունեությամբ, ոչ էլ անձնական հարաբերություններում, չնայած, այդ մարդկանց օգնել ենք, երբ պաշտոն ենք ունեցել»։ Պրն Բագրատյանին դուր չի գալիս նաեւ իշխանությունների՝ մամուլի նկատմամբ վերաբերմունքը, որտեղ «որոշ ազատականացումներ պահպանվել են, բայց տեղի է ունեցել նաեւ կենտրոնացում։ Եվ, ըստ էության, ցանկացած մամուլի օրգան ցանկացած պահին փակվում է։ Ցանկացած քաղաքական կուսակցություն, որը հաճելի չէ, կարող է ցանկացած ձեւի տուգանքի ենթարկվել, ընդհուպ մինչեւ սպանություն»։ Ա. Ու.