ՄԱՐԶԻԿ ՆԱԽԱԳԱՀԻ ՄԱՐԶԱԿԱՆ ՀԵՆԱՐԱՆԸ «Հաղթանակ» հասարակական կազմակերպության 1-ին համագումարը երեկ շուրջ մեկ ժամ տեւեց, սակայն այդ ընթացքում հասցրեց հայտարարել նախագահական ընտրություններում Ռոբերտ Քոչարյանի թեկնածությունը պաշտպանելու մասին: Պատվիրակների թվով մարզական կազմակերպության այս համագումարը ռեկորդային էր մինչ այժմ տեղի ունեցած համաժողովների համար. ներկա էին 2003 պատգամավորներ հանրապետության տարբեր մարզերից: Թեեւ նաեւ նշենք, որ հանդիպեցինք ՀՀՇ-ից ծանոթ անձանց, ովքեր մանդատ էին վերցրել ընկերների խնդրանքով՝ գլխաքանակ ապահովելու համար: Երկու տարի գործող այս կազմակերպության 1-ին համագումարի առջեւ իր զեկուցման մեջ «Հաղթանակի» ղեկավար, մշակույթի եւ սպորտի փոխնախարար, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը հարկ համարեց պարզաբանել, թե սա միայն մարզիկների կառույց չէ. «Կազմակերպության մեջ ներգրավված են ոչ միայն սպորտային բնագավառում աշխատող կամ դրան առնչություն ունեցող մարդիկ, այլ նաեւ նրանք, որոնք մշտապես կանգնած են սպորտաշխարհի կողքին՝ օգնում եւ օժանդակում են սպորտաշխարհին, ընդգրկված են մարզական այս կամ այն հասարակական կազմակերպության մեջ»: Առաջ անցնելով նշենք, որ «Հաղթանակի» 33 հոգիանոց նախագահության կազմում ընդգրկվեցին ինչպես տարբեր համայնքապետեր ու սպորտային ֆեդերացիաներ գլխավորող գործարարներ (բացառությունը թերեւս միայն Թենիսի ֆեդերացիայի ղեկավար Հարություն Փամբուկյանը եւ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանն էին), այնպես էլ «Պրոմեթեւս» հեռուստաընկերության փոխտնօրեն Արամ Սաֆարյանը եւ դերասան Ազատ Գասպարյանը: Համայնքապետերի ստվար առկայության բացատրությունը «Հաղթանակի» ղեկավարի խոսքում այս էր. թե իրենց կառույցը կարող է դառնալ մի «շատ գեղեցիկ միջանկյալ օղակ» տեղական ինքնակառավարման մարմինների եւ պետական կառույցի միջեւ: Իշխան Զաքարյանը նաեւ անդրադարձավ «Հաղթանակի» դերակատարության վերաբերյալ մինչ այժմ եղած մեկնաբանություններին. «Բացարձակ չեմ ընդունում բոլոր այն տիպի քաղաքական շահարկումները, որոնք, չգիտես ինչու, սկսեցին ի սկզբանե կապել կազմակերպության հետ: Կայացմանն ինչ-որ տեղ օգնելու, օժանդակելու փոխարեն՝ շատ հաճախ փորձեցին ներկայացնել, որ կազմակերպությունը ձեւավորվում է չգիտեմ ինչ պատճառներով կամ չգիտեմ ուր է գնալու, ինչ ճանապարհներ ընտրելու»: Որոշակիացնենք «կազմակերպությունը ձեւավորվում է չգիտեմ ինչ պատճառներով» արտահայտությունը. միշտ մեկնաբանվել է, որ «Հաղթանակը» ստեղծվում է որպես գործող նախագահի հենարան: Եվ իրենց առաջին իսկ համագումարում այս կազմակերպությունը հաստատեց այդ պնդման ճշմարտացիությունը՝ հայտարարելով ապագա նախագահական ընտրություններում Ռոբերտ Քոչարյանին պաշտպանելու մասին: Սույն նախընտրության հիմնավորումներից ամենահամեստը եւ զուսպը Օլիմպիական խաղերի չեմպիոն, հունահռոմեական ոճի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանի խոսքն էր. «Մենք բազմաթիվ ղեկավարներ ենք տեսել՝ ոչ մեկն էլ շատ վատը չի եղել: Բայց այն, ինչ կատարվեց այս 5 տարիների ընթացքում՝ ես ուղիղ կապում եմ նախագահ Քոչարյանի՝ սպորտի նկատմամբ ունեցած վերաբերմունքի հետ: Ես չեմ ասում, թե ամեն ինչ շատ լավ է, խնդիրներ չկան: Կա՛ն խնդիրներ, միշտ էլ լինելու են: Կարեւորը, որ դրա կողքին կա մեծ ցանկություն՝ շտկելու եւ փոխելու»: Իսկ ամենաբարձրագոչը եւ խրոխտը «Հաղթանակի» Շիրակի մարզային կառույցի ղեկավարի՝ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի պաշտպանական ճառն էր. «Մենք ո՞նց կարող է այսօր չնկատենք թե8217 սպորտային, թե8217 մնացած բոլոր ոլորտների տեղաշարժերը… Աղետի գոտի է վերակառուցվում, բայց կո՜ւյր աչքերը չեն տեսնում: Սփյուռք-Հայաստան, մարզեր եւ մայրաքաղաք սերտ համագործակցությունը այդ կո՜ւյր աչքերը չեն տեսնում: Չե՜ն տեսնում, որ իրոք աշխատատեղեր են ստեղծվում այս ծանր պայմաններում, շենանո՜ւմ է երկիրը, օր օրի վերակառուցվում է մեր երկիրը… Ո՞նց կարող է մենք հանձնենք մարդկանց, որոնք արդեն իրենց սպառել են, եւ տասը տարիների ընթացքում ամեն մեկիս աչքի առջեւ տեսել ենք, թե ինչ սկզբունքով են աշխատել: Եվ այսօր, համեմատություն անելուց՝ մենք լույսը խավարից չե՛նք կարող զատել… Այո, երկիրը իր մեջքը ուղղում է, եւ մենք պետք է մասնակցենք այդ ուղղմանը, քանի որ իրոք այդ դրոշի եւ այդ հիմնի ղադրը մենք ավելի լավ գիտենք»: Հռետորի այս անզուգական տաղանդն ու եռանդն, անկասկած, չեն սահմանափակվելու միայն Գյումրիի շրջանակներով եւ փորձ է արվելու դրանք «արտահանել» ավելի լայն քաղաքական ասպարեզ: Այստեղ հարկ է որոշակիացնել «Հաղթանակի» վերաբերյալ մեկնաբանությունների այն մասը, որոնք պրն Զաքարյանը բնորոշեց «չգիտեմ ուր է գնալու, ինչ ճանապարհներ ընտրելու» արտահայտությամբ: Մեր հարցին, թե կազմակերպական ի՞նչ ձեւով են մասնակցելու խորհրդարանական ընտրություններին. իրո՞ք (ինչպես «Միասնություն» խմբակցության ղեկավարն էր ենթադրել) «Հաղթանակին» մաս կազմող գործիչները կփորձեն անհատապես անցնել ԱԺ եւ այնտեղ ձեւավորել խումբ, Իշխան Զաքարյանն այսպես պատասխանեց. «Առայժմ բավականին վաղաժամ եմ համարում այդ հարցին պատասխանելը: Կարծում եմ, որ մեր երկրորդ համագումարը կամ մեր ընտրած նախագահությունը, որ համագումարների միջեւ ընկած ժամանակաշրջանում պիտի աշխատի, որոշի գործունեության ուղղությունները՝ ինքը կորոշի»: Իսկ համագումարում ազդարարել էր. «Հաղթանակ» կազմակերպությունը ձեւավորվել, արդարադատության նախարարությունում գրանցվել է որպես հասարակական կազմակերպություն եւ այդպիսին էլ մնալու է»: Հիշեցրինք, որ ավելի վաղ իր հարցազրույցներում չէր բացառել, թե «Հաղթանակը» կդառնա կուսակցություն: «Կյանքում ոչ մի բան չի կարելի բացառել,- ի պատասխան ասաց Իշխան Զաքարյանը:- Այնպես որ՝ մենք չենք կարող կանխագուշակել, թե վաղը, մյուս օրը կամ մեկ ամիս հետո ինչ կարող է լինել: «Հաղթանակը» կմնա հասարակական կազմակերպություն, իսկ կազմակերպության անդամները եթե ցանկություն ունենան հետագայում մասնակցել որեւէ, ասենք՝ Ազգային ժողովի պատգամավորների, ընտրություններին, բնականաբար, «Հաղթանակը» կօժանդակի եւ կաջակցի, ինչպես եղավ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ»: ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ