«ԿԱՐՈՂ Ա՞ ՓՂԻ ՏԵՂ ԵՔ ԴՐԵԼ» Մենք երեւի չափից դուրս բարդույթավորված ժողովուրդ ենք։ Որեւէ կուսակցություն վիրավորված կզգա ինքզինքը, եթե իրեն համեմատենք որեւէ կենդանու հետ։ Օրինակ՝ ասենք, որ որպես աշխատասեր կուսակցություն x կուսակցության խորհրդանիշը կարող էր լինել ավանակը, իսկ որպես դատարկախոս կուսակցություն՝ y-ինը՝ թութակը։ Ամերիկացիք մի քիչ ավելի պակաս են բարդույթավորված, քանի որ հանրապետականներն իրենց խորհրդանիշ են ընտրել փղերին, իսկ դեմոկրատները՝ էշերին։ Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ, վարչապետ Անդրանիկ Մարգարյանը երեկ ակամայից ժխտեց ՀՀԿ-ի եւ Միացյալ Նահանգների Հանրապետական կուսակցության միջեւ որեւէ կապի առկայությունը։ Պատգամավորներից մեկի հարցին պատասխանելով, վարչապետը խոսելով ինչ-որ ծրագրի մասին, ասաց, թե իրենք դա շարունակելու են մինչեւ 2003, 2010, 2050 թվականները։ ՀԿԿ խմբակցության ղեկավար Ֆրունզե Խառատյանը տեղից նկատեց՝ մինչեւ 2050 թ. դո՞ւք եք լինելու։ Անդրանիկ Մարգարյանն էլ ո՞նց կարող էր առիթը բաց թողնել եւ չպատասխանել՝ «այո, մենք միշտ էլ լինելու ենք»։ Ստացվեց հայտնի գովազդի պես. «Ընդմիշտ «Կոկա-Կոլա»։ Ավելի ուշ «Առավոտը» հետաքրքրվեց. «Պրն Մարգարյան, իրո՞ք, մտածում եք, թե դուք (նկատի ունեի ՀՀԿ-ին) մինչեւ 2050 թ. լինելու եք»։ Այ, այստեղ էր, որ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը հակադրվեց ամերիկացիներին. «Կարող ա՞ փղի տեղ եք դրել»։ «Առավոտը», իհարկե, փղի տեղ չէր դրել, բայց եթե վարչապետը զուտ երկարակեցությունը նկատի ուներ, ապա ագռավներն ավելի երկար են ապրում։ Ավելի ուշ պարզվեց, որ վարչապետը ո՛չ երկարակեցությունը նկատի ուներ, ո՛չ էլ Հանրապետականին, այլ՝ «անկախ պետականությունը»։ Ուրեմն անցնենք անկախ պետության հերթական աղքատիկ բյուջեին։ 2003 թվականի բյուջեն կարծես անանուն է լինելու՝ ո՛չ ճեղքվածքը փակելու, ո՛չ էլ՝ բացելու։ Թերեւս, կարելի է այն կոչել «հիշիր վաղվա օրդ», նկատի ունենալով պաշտոնյաների եւ պատգամավորների աշխատավարձերի բարձրացման մասին արված առաջարկները։ Վարչապետ Անդրանիկ Մարգարյանը, համենայնդեպս, խուսափեց բյուջեին անուն դնել, պարզապես ասաց, թե դա կլինի 2003 թ. բյուջե։ Եվ հետո, վարչապետն ամենեւին համաձայն չէ, թե բյուջեն կարելի է նախընտրական կոչել. «եթե սոցիալական ոլորտը նկատի ունեք, դա բնական աճ է եւ կառավարության ծրագրի շարունակությունն է, պետք է ավելանար։ Եթե պաշտպանությունը նկատի ունեք, ապա այն ծախսերը, ինչ որ կատարում ենք, այսօր ավելի թափանցիկ ցույց ենք տալիս»։ «Օրրան» թերթի աշխատակցին հետաքրքրում էր վարչապետի կարծիքը Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի եւ Ազգային հանձնաժողովի արդեն ինը ամիս ԱԺ չներկայացված հաշվետվության մասին։ Վարչապետը մասնավորեցրեց. «ինչ վերաբերում է հաշվետվությանը, դուք, իհարկե, պետք է իմանաք, որ հաշվետվությունը տալիս է խորհուրդը, այլ ոչ թե կառավարությունը (իհարկե, լրագրողները դա գիտեն եւ մեռան այդ մասին գրելով.- Մ. Ե.), ընդհանրապես կառավարությունը կապ չունի հաշվետվության հետ (ինչո՞ւ է վարչապետն այսքան խոր անջրպետներ դնում գործադիր իշխանության եւ հարկատուների հաշվին ապրող կառույցների միջեւ.- Մ. Ե.)»։ Հարցի շարունակությունը՝ ինչի՞ հիման վրա է կրկին չափազանց մեծ բյուջետային հատկացում արվում նշյալ կառույցներին. «մենք հաշվել ենք, որ պետական պատվերը պետք է հեռուստատեսությունում ավելանար, ռադիոհաղորդումների ժամերի քանակը պետք է ավելանար։ Այդ բոլոր հաշվարկները եւ անցյալ տարվա հաշվարկները հիմք ունենալով՝ մենք կազմել ենք նրանց բյուջեն։ Այսինքն, եթե ինչ-որ ավելացումներ եղել են, եղել են օրենքից դրդված»։ Ընդունեք, որ սա հարցի պատասխան է մասամբ, որից պարզ է, որ գործադիրը տվյալ կոնկրետ դեպքում հանդես է գալիս միայն փող բաժանողի դերում, մնացյալի հետ կապված՝ ձեռքերը լվանալով։ Հանրային հեռուստաընկերության թղթակիցը՝ վարչապետին վերադարձնելով բյուջեից խորհրդի ֆինանսավորման հարցերին, ասաց, որ պատգամավորների մի մասն առաջարկում է 2/3-ով կրճատել 2003-ի ֆինանսավորումը, մյուս մասն էլ համարում է, որ սա բյուջեի ամենամութ կետն է։ Հասկանալի է, թղթակիցը կրկին ակնարկում էր վարչապետի պատասխանը, իսկ այն այսպիսին էր. «պատգամավորները հենց դրա համար էլ պատգամավոր են, որ ինչ մտածում են՝ ասեն։ Եթե ես իրենց նման մտածեի, իրենց ասած տարբերակով կներկայացնեի, բնականաբար, ես իրենց հետ համաձայն չեմ»։ ԶԼՄ-ների մասին օրենքի հերթական նախագիծը, վարչապետի կարծիքով, բնականոն բողոքի ալիք բարձրացրեց. «Եթե մենք այդ օրենքը չունենանք, էլի բողոքի ալիք է բարձրանալու, որ այդ օրենքը չունենք։ Ցանկացած օրենք, եթե մենք բերենք, բողոքի ալիք կբարձրանա։ Չմոռանանք, երբ մի քանի ամիս առաջ մենք մի տարբերակ ներկայացրինք, այդ բողոքի պատճառով լրամշակումներ եղան, որից չէի ասի, որ բոլորն են գոհ. ո՛չ կառավարությունն էր գոհ, ո՛չ լրագրողները։ Այժմ մենք ստացել ենք միջազգային փորձաքննության արդյունքները, այդ արդյունքների հիման վրա նորից կազմվել է նախագիծը. կառավարությունում մենք դա ընդունել ենք եւ, եթե առաջարկություններ կլինեն, ապա պատրաստ ենք անպայման դրանք հաշվի առնել եւ հետո ներկայացնել ԱԺ»։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ