ԸՆՏՐՎԵՑ ՆՈՐ ԿԱԶՄ «Նպատակս օլիմպիական խաղերում չորս-հինգ բռնցքամարտիկ ունենալն է»,- ասում է Ռաֆայել Մեհրաբյանը «Դինամո» մարզադահլիճում ավարտվեցին բռնցքամարտի հանրապետական ընտրական մրցաշարի մրցումները։ Ըստ քաշային կարգերի հաղթողներ դարձան. 48 կգ՝ Արսեն Պողոսյան, 51՝ Ալեքսան Նալբանդյան, 54՝ Արսեն Մարտիրոսյան, 57՝ Արամ Ռամազյան, 60՝ Բագրատ Ավոյան, 63,5՝ Արտյոմ Հովհաննիսյան, 67՝ Հայկ Եղիազարյան, 71՝ Ավետիք Աբրահամյան, 75՝ Անդրանիկ Հակոբյան, 81՝ Աշոտ Հակոբյան, 91՝ Երեմ Հովհաննիսյան, +91՝ Մարատ Թովմասյան։ Մինչ մասնակիցները որոշում էին հաղթողներին ու մրցանակակիրներին, մրցավարական սեղանի մի անկյունում լուռ ու մունջ նստած էր լինում ճերմակահեր մի մարդ, որը ուշի ուշով հետեւում էր բոլոր մենամարտերին, ծոցատետրում ինչ-որ գրառումներ անում։ Դա ՀՀ ազգային հավաքականի նորընտիր գլխավոր մարզիչ, ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ Ռաֆայել Մեհրաբյանն էր: Նրա հետ հարցազրույցը ներկայացնում ենք «Առավոտի» ընթերցողներին։ – Եվ այսպես, բազմափորձ մարզիչ Ռաֆայել Մեհրաբյանն այս մրցաշարից ի՞նչ ակնկալիքներ ուներ եւ ի՞նչ տեսավ։ – Տեսա այն, ինչ սպասում էի։ Մենամարտերն անցան համառ ու արդյունքը եղավ այն, որ ընտրեցի հավաքականի բոլոր թեկնածուներին։ Նրանք մոտավորապես 36-ն են։ Այժմ նրանք կսկսեն նախապատրաստվել առաջիկայում կայանալիք մի շարք միջազգային մրցաշարերի։ Դրանցում բռնցքամարտիկների ունեցած մրցելույթներով կորոշենք ազգային հավաքականի վերջնական կազմը, որն էլ հանդես կգա աշխարհի առաջնությունում։ – Վերջին մի քանի տարիներին աշխատել եք Հունաստանի ընտրանու հետ, այդ ընթացքում շփվել աշխարհի ներկայիս գրեթե բոլոր ուժեղագույն բռնցքամարտիկների հետ։ Մեր այսօրվա ռինգի լավագույն վարպետները պատրաստվածության մակարդակով համեմատության եզրեր ունե՞ն նրանց հետ։ – Հայաստանը միշտ էլ ունեցել է բարձրակարգ բռնցքամարտիկներ։ Բռնցքամարտի հայկական դպրոցը հիմա էլ ճանաչված է, որի ներկայացուցիչները միշտ էլ ունեցել են գեղեցիկ մարտաոճ։ Համոզված եմ, որ այդ համբավը չենք կորցնի, էլի կունենանք այդպիսի բռնցքամարտիկներ, եթե մեր մարզիչները համախմբվեն հավաքականի շուրջ։ – Այսօր աշխարհում մարտավարման ո՞ր ոճն է ավելի ընդունված՝ խաղայի՞ն, թե՞ ուժային։ – Ճիշտ կլինի ասել՝ երկուսը միասին։ Բռնցքամարտիկը պետք է դիմացկուն լինի, որ դիմանա չորս ռաունդներին, իսկ տեխնիկան, ինչ խոսք, միշտ առաջնային է եղել։ – Դուք ուշադրությամբ հետեւում էիք այս չորս օրվա ընթացքում կայացած բոլոր մենամարտերին։ Մեր բռնցքամարտիկների մեջ ո՞րն էր գերակշռում՝ ուժայի՞ն, տակտիկակա՞ն պայքարը, ի՞նչ վիճակում էր նրանց ֆիզիկական պատրաստվածությունը։ – Առայժմ աշխատում եմ հնարավորին չափ ձեռնպահ մնալ քննադատություններից։ Ասեմ միայն, որ տեխնիկապես, առաջին հերթին՝ տակտիկապես, թերությունները դեռ շատ-շատ են։ Բայց, կարծում եմ, դրանք վերացնել-շտկելու հնարավորություններ կան։ – Հասկանում եմ, որ գերադասում եք ձեր հայաստանյան գործընկերներին չնեղացնել, մանավանդ, որ նոր եք վերադարձել հայրենիք։ Այդուհանդերձ, թերությունները մարզչակա՞ն աշխատանքի բացթողումներ են, թե՞ մրցափորձի պակասի հետեւանք։ – Ինձ թվում է, որ մրցափորձի պակասի եւ պայմանների։ Մարզիչները հիմնականում նույնն են մնացել։ Նրանք աճեցրել են կադրեր, որոնք ժամանակին բարձր են պահել Հայաստանի մարզական դրոշի պատիվը։ Ավելի շատ խանգարել է պայմանների բացակայությունը։ Նկատի ունեմ մարզադահլիճների կահավորվածությունը, տաք ջուրը ու էլի նման շատ բաներ։ – Մեր մարզիչներից ոչ ոքի չեմ ուզում վատաբանել։ Բայց եթե կան այնպիսիք, ովքեր չեն կարողանում կամ թերանում են իրենց սաներին սովորեցնել տեխնիկա, տակտիկա, ապահովել ֆիզպատրաստականություն, դա ավելի կարեւոր չէ՞ մարզումային պատշաճ պայմանների առկայությունից։ – Չեմ կարծում, թե կան այդքան ապաշնորհ մարզիչներ։ Համամիտ եմ նաեւ, որ բոլոր մարզիչները չէ, որ բավարարում են ներկայացվող պահանջները։ Բայց համաձայնեք, որ մարզչական ծրագրերն առավելագույն չափով իրականացնելու համար պայմաններ են հարկավոր։ Չափազանց կարեւորում եմ նաեւ բռնցքամարտիկի համար մրցափորձի կուտակումը։ Եվ որ ռինգում շատերը չկարողացան ավելի լավ հանդես գալ, հենց մրցափորձի պակասն է, մեծ, միջազգային ռինգում քիչ հանդես գալու հետեւանքը։ – Երբ ընդունեցիք ազգային հավաքականը ղեկավարելու առաջարկը, հանրապետության մարզական ու ֆեդերացիայի ղեկավարությունների առջեւ որեւէ պայման դրե՞լ եք։ – Ես միշտ էլ ցանկացել եմ աշխատել իմ երկրում, միշտ էլ կապված եմ եղել իմ երկրին։ Միակ բանը, որ նախապես առաջ եմ քաշել, եղել է այն, որպեսզի ստեղծվեն աշխատանքային նորմալ պայմաններ, որպեսզի կարողանամ իրագործել հավաքականի հետ կապված իմ ծրագրերը։ – Եվ խոստացե՞լ են։ Նկատի ունեմ նաեւ միջազգային մրցաշարերի մասնակցությունն ապահովելը։ – Այո։ Առանց միջազգային մրցաշարերի մասնակցելու ոչ մի հաջողություն չի լինի։ Հակված եմ հավատալու, որ թե սպորտի պետական կառույցը, թե ֆեդերացիան, թե օլիմպիական կոմիտեն կանեն հնարավոր ամեն ինչ բռնցքամարտն իր երբեմնի համբավին հասցնելու համար։ Հատկապես հույսեր եմ կապում ՀԱՕԿ-ի հետ։ 2004թ. օլիմպիական խաղերին այնքան էլ շատ ժամանակ չի մնում։ – Քանի որ խոսք գնաց օլիմպիական խաղերի մասին, հետաքրքիր է. ձեր կարծիքով, մեր բռնցքամարտիկներն ուղեգրեր կնվաճե՞ն։ – Այն, ինչ արվում է հիմա, այդ նպատակն է հետապնդում։ – Բայց փաստացի գրեթե երկու տարի արդեն կորցրել ենք։ – Անցյալի մասին չեմ ուզում խոսել։ Հանրահայտ է, որ վերջին տարիներին բռնցքամարտը Հայաստանում նահանջել է։ Հավաքականում իմ նախորդների մասին էլ ոչինչ չեմ ասի։ Պատասխանատու եմ սկսած այն պահից, երբ գլխավորեցի հավաքականը։ Նպատակս է, որ Աթենքի օլիմպիական խաղերին ունենանք չորս-հինգ մասնակից։ ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ