Հայերը Էգոյանին չեն աջակցել Նոյեմբերի 15-ից Լոս Անջելեսի հայաշատ 3 բնակավայրերի՝ Հոլիվուդի, Գլենդելի եւ Բեւեռլի Հիլզի կինոթատրոններում սկսել է ցուցադրվել կանադահայ հայտնի ռեժիսոր Ատոմ Էգոյանի «Արարատ» ֆիլմը։ Այն արժանացել է մեծ ուշադրության եւ արձագանքի։ Առաջին մի քանի օրերին «sold out» էր եւ գրեթե անհնար էր տոմս գնել։ «Արարատ» ֆիլմը մեծ արձագանքի է արժանացել նաեւ ամերիկյան մամուլում։ Մինչ ֆիլմի ցուցադրությունը, Ատոմ Էգոյանը հյուրընկալվել էր տեղի հայտնի հեռուստա եւ ռադիոկայանների՝ պատմելով Եղեռնի՝ դարասկզբի պատմական այդ փաստի ընդունելու անհրաժեշտության, ինչպես նաեւ ֆիլմի ստեղծման վերաբերյալ թուրքական իշխանությունների թշնամական գնահատականների մասին։ «Լոս Անջելես թայմս», «Նյու Յորք թայմս» եւ շատ այլ հայտնի թերթերը, ինչպես նաեւ տեղական հեռուստա եւ ռադիոկայանները մեծ դրվատանքով են անդրադարձել ֆիլմի ռեժիսորին եւ ֆիլմին։ Հետաքրքիր է հատկապես «Լոս Անջելես թայմսի» նոյեմբերի 18-ի բավականին ընդգրկուն հրապարակումը։ Լրագրողը զարմանում է, թե ինչու են հայերը այդքան ուշացումով ֆիլմ նկարահանում իրենց պատմության մասին, երբ Ամերիկայում ապրող շատ ազգային փոքրամասնություններ արդեն ներկայացրել են իրենց պատմությունը։ Փաստն առավել զարմանալի է, քանի որ բազմաթիվ հայտնի հայեր են աշխատում Հոլիվուդում, այդ թվում, «Շինդլերի ցուցակը» հայտնի ֆիլմի սցենարի օսկարակիր հեղինակ Սթիվեն Զալյանը եւ շատ այլ անուններ, որ թվարկում է հոդվածագիրը։ Եվ հայկական համայնքն էլ ակտիվ չի եղել ֆիլմին ֆինանսապես աջակցելու հարցում։ Հոդվածագիրը գրում է, որ ռեժիսոր Ատոմ Էգոյանի համար բավականին դժվար է եղել ֆինանսներ գտնել ֆիլմի նկարահանման համար եւ նրան հիմնականում օգնել են այլազգիները, հայտնի «Miramax film»-ի հիմնադիր Հարվեյ Ուենսթեյնը (որն ազգությամբ հրեա է եւ կորցրել է իր հարազատներին հրեաների դեմ Գերմանիայի իրականացրած եղեռնի ժամանակ) համաձայնել է ֆինանսավորել «Արարատը», գիտակցելով հանդերձ, որ ֆինանսական առումով այն կարող է շահավետ չլինել, սակայն, այնուամենայնիվ, կարեւորել է թեման։ Մինչդեռ շատ հայեր, այդ թվում նաեւ Քըրք Քըրքորյանին պատկանող GMG ընկերության գործադիր տնօրենը ազգությամբ հայ Եմինիդջյանը, մերժել են ֆիլմի ստեղծմանը աջակցել, ասելով, որ այն ֆինանսապես շահավետ չէ։ Հոդվածում ասվում է, որ հայերն ուզում են իրենց պատմության մասին ֆիլմ ունենալ, բայց չեն ուզում ֆինանսավորել այն։ Սակայն հարկ է նշել, որ «Արարատից» առաջ Ամերիկայում, այնուամենայնիվ, ֆիլմ նկարահանվել է եղեռնի մասին։ Ամերիկահայ հայտնի ռեժիսոր Մայքլ Ջ. Հակոբյանը արդեն նկարել է մի քանի փաստավավերագրական ֆիլմ հայկական եղեռնի մասին։ Նա այժմ աշխատում է հաջորդ ֆիլմի ստեղծման վրա, որտեղ ներկայացնում է Գերմանիայի իշխանությունների մասնակցությունը դարասկզբի դաժան այդ դեպքերին՝ հանրությանն անծանոթ նոր փաստեր բերելով։ Ֆիլմի երաժշտությունը գրում է ամերիկահայ երիտասարդ կոմպոզիտոր Ալան Ռուբիկը։ Այս մասին մանրամասն կանդրադառնանք ավելի ուշ՝ առանձին հրապարակմամբ։ ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ Լոս Անջելես