ԹԱՎՇՅԱ «ԱՊԱՀԱՐԶԱՆ» Կամ ամեն մեկն ինքն է իր փողի տերը Երգչուհի Ալլա Լեւոնյանը հեռացել է Երգի պետական թատրոնից։ Ըստ որոշ լուրերի՝ նրա եւ շեֆի միջեւ տարաձայնությունները ծնվել են ամերիկյան հյուրախաղերի ժամանակ, երբ սկսել են բաժանել փողերը։ «Այնքան գումար, ինչքան որ խոսվել էր, ես ստացել եմ,- ասաց Ալլա Լեւոնյանը,- ուղղակի պահ է գալիս, որ մեծանում ես ու չես կարողանում ենթարկվել որոշ չգրված օրենքների»։ Թե ինչ օրենքների մասին էր խոսքը, նա չմանրամասնեց, սակայն փորձեց հավատացնել, որ իրականում իր եւ Արթուր Գրիգորյանի միջեւ լուրջ վիճաբանություն չի եղել։ Ինքն 8 տարի շարունակ աշխատել է Երգի թատրոնում՝ միշտ իմանալով, որ մի օր գալու է «բաժանման» պահը։ Երգչուհին թեեւ պնդեց, որ իր եւ Երգի թատրոնի ղեկավարի հարաբերությունները «բարեկամական հիմունքների» վրա են, սակայն չմոռացավ նաեւ նշել, որ վերջին շրջանում արդեն ցանկանում էր ինքնուրույն որոշել՝ որ համերգին երգի, որին՝ ոչ, որ հյուրախաղերին մասնակցի, որին՝ չմասնակցի կամ ինչքան եւ ում հետ աշխատի։ Ա. Լեւոնյանի կարծիքով, վաղուց եկել էր ժամանակը ինքնուրույն տնօրինելու սեփական գործունեությունը կամ մենահամերգներ կազմակերպելու։ Բայց դա չի նշանակում, թե ինքը դեմ է եղել Երգի թատրոնի իր ընկերների հետ բեմ բարձրանալուն ու նրանց հետ ելույթ ունենալուն։ Ա. Լեւոնյանը տեղեկացրեց, որ դեռ ԱՄՆ-ում Ա. Գրիգորյանի հետ պայմանավորվել են արդեն հասունացած բաժանման մասին, քանի որ «Արթուր Գրիգորիչը հո չէ՞ր կարող Երգի թատրոնը թողնել ու միայն իրենով զբաղվել։ Փոխարենը նա ասել է, որ ինքն «իբրեւ երգչուհի անհատականություն է» եւ իրավունք ունի առանձին հանդես գալու։ Ներկայումս Ա. Լեւոնյանը անձամբ է իր «գլխի ճարը տեսնում», իսկ պրոդյուսերական հարցերով զբաղվում է ամուսինը, որը, պարզվում է, «չլինելով երաժիշտ, շատ ավելի մեծ գաղափար ունի ջազի մասին, քան ինքը՝ երգչուհի տեղով»։ «Եվ Հայաստանում, եւ ԱՄՆ-ում կան մարդիկ, ովքեր ուզում են ինձ հետ աշխատել, իսկ ես դեռ չեմ կողմնորոշվել։ Ժամանակի ընթացքում կճշտեմ, թե ում հետ է աշխատելը ճիշտ»,- կարծում է Ալլան։ Արդեն թողարկվել է նրա երկրորդ ձայներիզը՝ «Մշո աղջիկը», երգեր է գրում նաեւ երրորդի համար։ Եթե համաձայնության գա ամերիկյան մի կազմակերպության հետ, նա էլ կթողարկի նոր ձայներիզը, եթե ոչ, ստիպված կլինի անձամբ լուծել այդ հարցը։ Իսկ ընդհանրապես, երազում է օպերայում ունենալ մեծ համերգ, որն ավելի շուտ կլինի շոու-ներկայացում, ինչի համար մեծ գումարներ են անհրաժեշտ։ Ալլան ցավում է, որ Հայաստանում շոու-բիզնես չկա, որքան էլ հակառակն են պնդում իր շատ գործընկերներ։ Դրա արտահայտությունն, ըստ նրա, այն է, որ երգիչների ձայներիզների օրիգինալները մնում են մասնագիտացված խանութների վաճառասեղաններին, իսկ կեղծերն իսկույն սպառվում են։ Մի ուրիշ օրինակ էլ. համերգային դահլիճ վարձելը մի քանի անգամ գերազանցում է այն գումարը, որ ստացվում է համերգից։ Փաստորեն, լուրջ համերգ կազմակերպելը մեծ ֆինանսական ճեղքվածք է առաջացնում հայաստանցի արտիստների առանց այն էլ ոչ մեծ բյուջեում։ Նա ամենեւին վատ աչքով չի նայում գիշերային ակումբներում երգող իր գործընկերներին. «Եթե մարդկանց չեն հրավիրում արտասահման, մեր երկրում էլ շոու-բիզնես չկա, նրանք ստիպված պետք է կլուբներում երգեն, որովհետեւ նրանց գործը երգելն է»։ Այս առիթով հիշեց իր ընկերներին՝ Արամոյին ու Էմմա Պետրոսյանին, Լիանային, Արսեն Սաֆարյանին ու մյուսներին, որոնք այդկերպ են հաց վաստակում, ու «կեցցե»-ներ տեղաց նրանց հասցեին։ «Եթե նրանք ակումբներում են երգում, իսկ ես՝ ոչ, դա չի նշանակում, թե ես ավելի լավ երգչուհի եմ, քան մեկ ուրիշը,- ասաց նա։ Հետո էլ այնուամենայնիվ ավելացրեց,- ժողովուրդն ունի իր ստեղծած «օբրըզները», որոնք չի ցանկանա փշրել»։ Ըստ Ալլայի, ինքը հենց դրանցից մեկն է՝ հայուհու կերպար, որին մարդիկ չեն ուզենա տեսնել գիշերային ակումբներում երգելիս, ինչպես Շուշան Պետրոսյանին չէին ցանկանա տեսնել։ ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ