Հատուկ փաստաբանի ինստիտուտը «խփում» է Քրեական դատավարության օրենսգրքի 409 հոդվածի համաձայն, նոր ի հայտ եկած հանգամանքների մասին քաղաքացիների հայտարարությունները եւ պաշտոնատար անձանց հաղորդումներն ուղարկվում են դատախազին կամ հատուկ արտոնագիր ունեցող փաստաբանին: Վերջիններս որոշում են կայացնում վարույթ հարուցել եւ այդ առթիվ հատուկ արտոնագիր ունեցող փաստաբանը կատարում է ուսումնասիրություններ, իսկ դատախազը կամ քննիչը՝ քննություն։ Եթե նրանք վարույթ հարուցելու համար հիմքեր չեն գտնում, ապա պատճառաբանված որոշմամբ մերժում են վարույթ հարուցելը։ Այդ որոշումը հաղորդվում է դիմողին, որն էլ դատախազի որոշումը կարող է բողոքարկել վերադաս դատախազին։ Գլխավոր դատախազը, նրա տեղակալը կամ հատուկ արտոնագիր ունեցող փաստաբանը գործի նորոգման հիմքերը առկա համարելով, վճռաբեկ բողոք են ներկայացնում վճռաբեկ դատարան։ Գործը նորոգելու հիմքեր չլինելու դեպքում դատախազը կամ հատուկ արտոնագիր ունեցող փաստաբանը պատճառաբանված որոշմամբ կարճում են վարույթը։ Միանգամայն հասկանալի է, որ այսպիսի հանգամանքների առկայության պայմաններում բոլոր փաստաբաններին նման ֆունկցիայով օժտելու անհրաժեշտություն բոլորովին չկա, մանավանդ որ նոր երեւան եկած հանգամանքների հիմքով բողոք բերելու անհրաժեշտություն հազվադեպ է լինում։ Քրդատօրի 414 հոդվածի համաձայն, բողոքարկման ենթակա են միայն դատարանի վերջնական որոշումները։ Իսկ վերջնական համարվում են միայն վճռաբեկ դատարանի պալատների որոշումները։ Հետեւաբար, հասկանալի է, որ առաջին ատյանի դատարանի կամ վերաքննիչ դատարանի օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի (դատավճռի, վճռի կամ որոշման դեմ) վճռաբեկ բողոք կարող են բերել նաեւ դատավարության մասնակիցները եւ ոչ միայն հատուկ արտոնագիր ունեցող փաստաբանը։ Այլապես ի չիք է դառնում Սահմանադրության 38-րդ հոդվածի իմպերատիվ պահանջը, որն ասում է, որ յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների դատական պաշտպանության իրավունք։ Այսինքն, անմիջական իրավունք ունի եւ ոչ թե միջնորդավորված (նշենք, որ Սահմանադրությանը հակասող նորմերը իրավաբանական ուժ չունեն)։ Պարզ է, որ եթե Հայաստանի քաղաքացին Եվրոդատարան, ինչպես նաեւ շուտով Սահմանադրական դատարան կարող է դիմել անմիջականորեն, ապա վճռաբեկ դատարան նույնպես կարող է դիմել անմիջականորեն։ Բայց կա մի բայց։ Քանի որ Քաղդատօրով չի նախատեսված վճռաբեկ բողոք բերելու մեխանիզմը, ուստի նոր երեւան եկած հանգամանքների հիմքով վճռաբեկ բողոք պետք է բերվի Քրդատօրով սահմանված վերոհիշյալ կանոնների իմաստին համապատասխան։ Դրա համար, որպես իրավական հիմք կարող է ծառայել այն ունիվերսալ սկզբունքը, որ ինչպես քրեական, այնպես էլ քաղաքացիական օրենսդրությունը հանդիսանում են ՀՀ իրավունքի միասնական համակարգի ճյուղերը, նրա բաղկացուցիչ մասերը, որոնք փոխկապակցված են ու կարող են լրացնել միմյանց բացերը օրենքի կամ իրավունքի անալոգիայի կարգով։ Եվս մի հանգամանքի մասին։ Եթե հատուկ արտոնագիր ունեցող փաստաբանը, անկախ դատական որեւէ ատյանում դատաքննությանը մասնակցելու հանգամանքից, կարող է օրինական ուժի մեջ մտած վճռի կամ որոշման դեմ բողոք բերել, ապա նույն իրավասությունը պետք է ունենա նաեւ դատախազը։ Վերջինիս շահը բխում է ժողովրդի կենսական շահերից, քանզի բողոք է բերում անվճար։ Համաձայն Եվրախորհրդի պահանջի, օմբուդսմենի (մարդու իրավունքների պաշտպանի) ստեղծումը պետք է վերացնի հատուկ արտոնագիր ունեցող փաստաբանի իրավական ինստիտուտը։ Անհրաժեշտ է հստակեցնել նրա լիազորությունների շրջանակը, որպեսզի նա վճռաբեկ բողոք բերի միայն վճռաբեկ դատարանի պալատի որոշման դեմ եւ միայն նոր երեւան եկած հանգամանքների հիմքով։ ՇԱԼԻԿՈ ԴԱՐԲԻՆՅԱՆ Փաստաբան