Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞ՆՉ ՍԻՐՈ ՄԱՍԻՆ Է ԽՈՍՔԸ

Նոյեմբեր 20,2002 00:00

Ի՞ՆՉ ՍԻՐՈ ՄԱՍԻՆ Է ԽՈՍՔԸ «Գերագույն խորհուրդ» պատգամավորական ակումբը Ռ. Քոչարյանի լեգիտիմության հայցով դատարան չի դիմել, որովհետեւ դիմողներ առանց այդ էլ եղան, բացի այդ, ակումբի նախագահ Ռուբեն Թորոսյանի «ձեռքը չի գնացել», որ նման հարցով դատարան դիմի: Ճիշտ է, այլ հանրապետության քաղաքացի է համարվում, բայց բոլորս էլ հայ ենք, եւ վերջապես, ըստ Ռ. Թորոսյանի, ինքը՝ Քոչարյանը չպիտի գնար այդ քայլին: «Բայց ինչո՞ւ եք սլաքը մեկի ուղղությամբ ուղղում, մենք մոռանում ենք աջակցողներին: Ինչո՞ւ եք անընդհատ ասում Քոչարյան, բա մյուսները»: «Իսկ Դուք Քոչարյանին շա՞տ եք սիրում, թե՞ քիչ»,- «Օրրանի» այս հարցին «Գերագույն խորհուրդ» պատգամավորական ակումբի նախագահ Ռուբեն Թորոսյանը հարցով պատասխանեց. «Մեր ակումբի անդամների մեծ մասը տղամարդ է… Քոչարյանն էլ տղամարդ է, ի՞նչ սիրո մասին է խոսքը»: Այնուամենայնիվ, «ԳԽ»-ն իբրեւ հասարակական կազմակերպություն, ձեռնպահ է մնում արտահայտել համակրանքն այս կամ այն թեկնածուի օգտին, բացի այդ, ակումբն ինքը բազմակուսակցական է: Իսկ ընդհանրապես «ԳԽ» պատգամավորական ակումբը լրագրողներին հրավիրել էր՝ հայտնելու Հանրապետական ընտրական հասարակական հանձնաժողով ստեղծելու իրենց նախաձեռնության մասին եւ հանդես եկավ հայտարարությամբ՝ անհանգստացած, որ «ՏԻՄ ընտրությունները ցույց տվեցին, որ անցանկալի երեւույթները նորացված ձեւերով շարունակում են խոր արմատներ գցել ընտրական գործընթացներում՝ ընտրությունները վերածելով անիմաստ եւ ժամանակակորուստ միջոցառումների: Մասնավորապես, ընտրակաշառքների բացահայտ գործող շուկան բացասական ազդեցություն է գործում հասարակության բարոյահոգեբանական մթնոլորտի վրա՝ խթանելով ընտրությունների օրինականության հանդեպ ընտրողների ունեցած անտարբերությունը, որն էլ գնալով ավելի մեծ թվով մարդկանց է ներքաշում անցանկալի գործարքների մեջ»: Հանձնաժողովի նպատակն է աջակցել ընտրությունների անցկացման օրինականության ապահովմանը: Այդ կապակցությամբ, նրա խնդիրներն են՝ ընտրական օրենսգրքի խախտումների արձանագրում, ամփոփում, հրապարակում եւ իշխանություններին առաջարկությունների ներկայացում, հասարակական կարծիքի ուսումնասիրում, տարածում եւ այլն: «ԳԽ»-ն արդեն հեռախոսային հարցում է անցկացրել Երեւանի համայնքներում 2002թ. հոկտեմբերի 22-ից նոյեմբերի 2-ը՝ ՏԻՄ ընտրությունների վերաբերյալ: Հարցմանը մասնակցել է 600 մարդ: Իսկ ՏԻՄ ընտրություններին՝ նրանց 17 տոկոսը միայն: Ընտրություններն ազատ եւ արդար չի համարում նրանց 72 տոկոսը, եւ 35 տոկոսը կարծում է, որ վերջինիս պատճառն այն է, որ իշխանությունները չեն կարողանում ազատ ու արդար ընտրություններ անցկացնել: 28 տոկոսն էլ այդ հարցում մեղադրում է հասարակությանը, որ աջակցություն չի ցուցաբերում ընտրություններն ազատ եւ արդար անցկացնելու հարցում: Հետաքրքիր է, հասարակությունը բացի ընտրությանը մասնակցելուց՝ ուրիշ ի՞նչ պետք է անի կամ ի՞նչ կարող է անել: Ինչեւէ: «ԳԽ»-ի Հանրապետական ընտրական հասարակական հանձնաժողովը նախընտրական շրջանում նախատեսում է մի շարք գրքույկների շնորհանդեսներ, ասուլիսներ՝ տարբեր թեմաներով, ասենք՝ «Բարձրաստիճան պաշտոնյաների զինվորական ծառայությունը» թեմայով եւ կասկածի տակ առնել, թե արդյո՞ք մեր բոլոր պետական բարձրաստիճան պաշտոնյաներն են անցել զինվորական ծառայություն, ինչը պարտադրում է «Զինապարտության մասին» օրենքը: Նախատեսվում է անցկացնել կլոր սեղաններ, սոցիոլոգիական հարցումներ: Ասենք, որ «ԳԽ» պատգամավորական ակումբը գրանտներ չի ստանում, անդամավճարները շատ քիչ են, որովհետեւ նրա անդամների 75 տոկոսը չի աշխատում, եւ ֆինանսավորվում է այս կամ այն կազմակերպության կողմից՝ հենց նման միջոցառումներ անցկացնելու համար: ՀԱՍՄԻԿ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել