Լրահոս
Օրվա լրահոսը

«Ոչ թե բիզնես է, այլ եղբայրական օգնություն»

Նոյեմբեր 20,2002 00:00

«Ոչ թե բիզնես է, այլ եղբայրական օգնություն» «Ձեր ժողովուրդը շատ խելացի է՝ հենց գողության մի տեսակը հայտնաբերում ենք, մի ուրիշն են մտածում»,- ե՛ւ գովեց, ե՛ւ փնովեց «Հայէլեկտրացանց» ՓԲԸ խորհրդի նախագահ Անդրեյ Զավրաժնովը՝ երեկվա իր ասուլիսում։ Բաշխիչ էլեկտրացանցերին տիրանալու կարճ ժամանակահատվածում ընկերությունը հասցրել է հայտնաբերել նաեւ 5 «հոսանքագողերի»՝ 5 մասնաճյուղերի տնօրեններ, որոնք չեն կարողացել հիմնավորել իրենց ցանցի գերկորուստները՝ հեռացվել են աշխատանքից։ «Մնացածն առայժմ իրենց տեղում են, բայց կրճատումներ նախատեսվում են»,- «խոստացավ» նախագահը։ Նա տեղեկացրեց, որ բաժնետոմսերի 100%-ն էլ արդեն իրենց ձեռքում է, որ ֆինանսական ներդրումային պարտավորությունները՝ 26980 հազար դոլար, կատարված են, որ դեբիտորական ու կրեդիտորական պարտքերի մասին դեռ վերջնական տվյալներ չունեն։ «Թեպետ ինչպիսի նոր պարտքեր էլ առաջանան, մենք մեր վճարելիք 40 մլն դոլարից ավելին (որի մեջ նաեւ բաժնետոմսերի արժեքն է) չենք վճարելու։ Խնդիր լինելու դեպքում կհարուցվի դատական գործ»,- կտրուկ զգուշացրեց Ա. Զավրաժնովը չգիտես թե ում։ Որոշ աուդիտորական «հայտնաբերումներ» կան հիմնական միջոցների վերաբերյալ. պարզվում է, որ 10 մլրդ դրամի արժողությամբ միջոցներ դուրսգրման ենթակա են, 20 մլրդ-ի չափով՝ անբավարար վիճակում, իսկ մոտ 3,8 մլրդ արժողության հիմնական միջոցներ էլ թղթի վրա կան, իրականում՝ ոչ։ «Ամենավատ վիճակում գտնվում են ցածր լարման կամ ցածրավոլտ ցանցի սարքավորումները։ Դրանք պետք է փոխել հիմնովին»,- որոշեց ասուլիսի մյուս մասնակից, ընկերության գործադիր տնօրեն Եվգենի Գլադունչիկը։ Պարզվեց նաեւ, որ այսքան գումար ներդրած ու այսքան թերություններ հայտնաբերած ընկերները բացարձակ հաշվարկ (նույնիսկ մոտավոր) չեն արել ակնկալվող օգուտների ուղղությամբ։ Կարելի է ենթադրել, թե մեր կիսաքանդ բաշխիչ ցանցերը վերականգնելու համար հարեւան մեծ ազգից եղբայրական օգնություն ենք ստացել։ Հատկապես նշենք, որ, իրենց տվյալներով, այս ամիսներին ընկերությունը կրել է ամսական 800 հազար դոլարի վնաս, թեպետ հավաքագրումը կազմում է միջինը 93%։ Ի դեպ, այդ մասին մի տեղեկություն եւս. կառավարության որոշմամբ, հոկտեմբերին հավաքագրումը պետք է կազմի 100%։ Չվճարողները կհոսանքազրկվեն։ Բացառություն են կազմելու ՊՆ եւ ռազմավարական նշանակության մի շարք օբյեկտներ, բյուջետային հիմնարկներն իրենց հարցը կլուծեն պետության հետ փոխհաշվանցման եղանակով։ «Զգուշացնում ենք, որ հետո չասեք, թե նոր տերերը եկան ու անջատումները սկսվեցին»,- ասացին ընկերության ղեկավարները։ Ֆինանսական գործընկերների մասին ասվեց, որ «ճիշտ է, Եվրոբանկը մեզ մերժեց, բայց Համաշխարհային բանկի հետ բանակցություններն ու հանդիպումները շարունակվում են»։ Ինչ վերաբերում է տեղական բանկերին, ապա «տարեկան 18-20%-ով աշխատող բանկի հետ համագործակցությունը լուրջ բիզնես չէ»։ Ի՞նչ են ուզում գործարարները հայ ժողովրդից. «Որ 100% հավաքագրում ապահովեք եւ թույլ չտաք գողություն անեն»։ Առաջինը հասկացանք, իսկ երկրորդը հասկացրին. «Գործարքի մեջ մի մտեք տեսուչների հետ։ Մենք ունենք աուդիտորական եւ իրավաբանական հանձնաժողովներ, խնդիր ունենալու դեպքում դիմեք նրանց, նաեւ՝ դատարան»։ Մեր խնդիրներից մեկն էլ հոսանքի տատանման ժամանակ կենցաղային էլեկտրասարքերի փչանալու դիմաց փոխհատուցում ստանալն է, որին հազվադեպ մարդիկ են արժանացել մինչ օրս։ Դրա լուծման ճանապարհը երկար է։ Ըստ ասուլիսի հյուրերի, դեռ պետք է ներքին ցանցը հիմնովին փոխվի, հետո էլ նման հարցերը դարձյալ կարգավորվում են պայմանագրով եւ դատական կարգով։ Իսկ ինչպես պետք է լուծվի այն ենթակայանների հարցը, որոնք տեղադրված են բնակելի շենքերին շատ մոտ եւ, ըստ նախնական կարծիքի (այն ուսումնասիրման փուլում է), կարող են քաղցկեղի նախադրյալ հանդիսանալ։ «Դեռ պետք է պարզել՝ նախ ենթակայա՞նն է կառուցվել, թե՞ շենքը, հետո որոշել, թե ով պետք է հոգա ենթակայանի տեղափոխման ծախսերը»,- պատասխանեցին հյուրերը։ Ընկերության ղեկավարները դժգոհեցին տեղական օրենքներից, տեղացի սեփականատերերից, բողոքը մասնավորեցնելով մեկ օրինակով. «Մենք սկսել ենք թարմացնել հոսանքագծերը, բնականաբար, դրանք անցնում են մասնավոր տարածքներով, եւ շարունակ բախումների մեջ ենք դրանց տերերի հետ։ Ոչ մեկը թույլ չի տալիս կատարել ոչ օդային, ոչ ստորգետնյա աշխատանքները, հետո էլ կասեն, թե այսքան ժամանակ ի՞նչ եք արել»։ ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել