ԿԼԻՆԻ՞ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՆԱԽԱԳԻԾ Երեկ շուրջ 2,5 ժամ տեւած փակ քննարկումներում խորհրդարանի քաղաքական ուժերի ներկայացուցիչները քննարկեցին «Ընտրական օրենսգրքում» փոփոխություններ կատարելու նախաձեռնությունը: Ձեռք բերվեց նախնական համաձայնություն, իսկ վերջնականը գուցե լինի ուրբաթ օրը: Պայմանավորվածություն կա, որ Նիստերի դահլիճում արդեն նոր առաջարկություններ չեն լինելու: Նախագիծը քննարկման է դրվելու, եթե Ազգային ժողովի բոլոր ուժերը գան դրա շուրջ փոխադարձ համաձայնության: «Համաձայնության կգանք՝ կստեղծենք փաստաթուղթ, որն արագ եւ առանց ավելորդ երկար-բարակ բանավեճերի, կարելի է Ազգային ժողովում քննարկել եւ ընդունել»,- լրագրողներին ասաց ԱԺ փոխնախագահ Տիգրան Թորոսյանը: Նա նաեւ նշեց. «Նկատելի ազդեցություն ընտրական գործընթացների վրա այս փոփոխությունները չեն ունենալու, ուղղակի մոտեցումը հետեւյալն է՝ եթե հնարավոր է ինչ-որ բան բարելավել, ուրեմն՝ բարելավենք»: ԱԺ մեծամասնության ներկայացուցիչները չեն համաձայնել 28 ընդդիմադիր պատգամավորների այն առաջարկին, որով, ըստ պրն Թորոսյանի՝ «վստահված անձանց, ըստ էության, շնորհվում է հանձնաժողովի անդամի կարգավիճակ՝ առանց քվեարկելու իրավունքի»: Նա հայտնեց, թե քննարկման հետեւանքով եկել են համաձայնության, թե հանելու են նման միտում ունեցող դրույթները: Ի դեպ, տեղեկացանք, որ ներկայացված նախագծում չկան դրույթներ, որոնք հնարավորություն կընձեռեին լրագրողներին եւս անարգել հետեւել քվեարկության ամբողջ գործընթացին: Շավարշ Քոչարյանը հայտնեց, որ լուրջ հույսեր կան, թե կկարողանան հանդես գալ մեկ ընդհանուր նախագծով. «Չնայած, իհարկե, կան տարաձայնություններ: Հիմա պիտի աշխատանքային խմբով փորձենք ի մի բերել առաջարկները»: Իսկ Տիգրան Թորոսյանն օրինագծի ընդունման ժամկետների շուրջ «Առավոտի» հարցին ի պատասխան ասաց. «Եթե վերջնական համաձայնության եկանք՝ կարելի է հաջորդ շաբաթվա սկզբին բոլոր խմբերի եւ խմբակցությունների ներկայացուցիչներին հրավիրել եւ ձեռք բերել քաղաքական պայմանավորվածություն»: Իսկ դրանից հետո անգամ հնարավոր է, որ օրինագիծն ընդունվի արտահերթ նիստում: Ա. Ի.