Լրահոս
Օրվա լրահոսը

ՄՐՑՈՒՅԹՆԵՐԻ ՀԱՄԱՃԱՐԱԿ

Նոյեմբեր 19,2002 00:00

ՄՐՑՈՒՅԹՆԵՐԻ ՀԱՄԱՃԱՐԱԿ Այսօր Հայաստանում գեղեցկության մրցույթները (հատկապես մանկական) համաճարակային բնույթ են կրում։ «Ինչուիկի» գեղեցկության մրցույթի կազմակերպիչները երեւույթը բացատրեցին այսպես. «Փառատոներից եւ մրցույթներից բացի, մարդկությունը դեռ չի հորինել եւս մեկ միջոց, որը երեխային կմղի գեղեցիկի ճանաչմանը»։ Սակայն այս գաղափարը վիճելի է։ Կարելի է ասել, որ մանկական քոլեջների աշխատակիցները ծնողների հետ միասին հավատում եւ առաջնորդվում են «գեղեցկությունը կփրկի աշխարհը» հայտնի աֆորիզմով եւ, հավանաբար, հենց այս ակնկալիքով էլ ամենուր եւ շատ հաճախակի կազմակերպում են բազմաթիվ գեղեցկության մրցույթներ՝ «Բեմահարթակի թագուհի», «Կենդանի տիկնիկ», «Miss եւ Mister մանկապարտեզ», «Ինչուիկի» արքայազն եւ արքայադուստր» եւ այլն։ Այս մրցույթները թեեւ, ըստ կազմակերպիչների, երեխաների մեջ սերմանում են գեղեցիկը, սակայն նշենք, որ գեղեցիկի հետ դրանք սերմանում են նաեւ նախանձի զգացում։ Պատկերացրեք, թագը դնում են կողքի երեխայի գլխին եւ կոչում նրան թագուհի, արքա, ինչից հետո մյուս երեխաների աչքերին արցունքներ են երեւում։ Նույնիսկ այս երեխաների ծնողներն այդ ընտրությունը շատ դժվար են տանում, էլ ուր մնաց փոքրերը։ Ի դեպ, ծնողներն այնպիսի մեծ ոգեւորություն եւ հուզմունք են ցուցաբերում, որ երբեմն թվում է մրցույթին մասնակցում են ոչ թե երեխաները, այլ իրենք։ Օրերս «Ինչուիկը» ընտրեց քոլեջի արքայազնին եւ արքայադստերը։ Այս մրցույթի հենց սկզբում նշվեց, որ այն ընդամենը հեքիաթ է եւ այստեղ պարտվողներ չեն լինելու։ Սակայն էլ ինչ մրցույթ՝ առանց հաղթողների եւ պարտվողների։ «Ինչուիկի» մրցույթը գրեթե ոչնչով չէր տարբերվում նմանատիպ մյուս մրցույթներից, սակայն այստեղ առաջին, երկրորդ, երրորդ եւ գլխավոր արքայադուստրերի եւ արքայազների տիտղոսներից բացի, տրվում էին նաեւ այլ անվանակարգեր՝ «հմայք», «ֆոտոմոդել», «հանդիսատեսի համակրանք», «տնօրենի համակրանք» եւ նույնիսկ «էլիտա» եւ «ինտելեկտ»։ ԼՈՒՍԻՆԵ ՕՀԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել