ԻՆՉ ԷԻՆՔ՝ ԻՆՉ ԴԱՐՁԱՆՔ Տասը տարի առաջ էքսկուրսավարի մասնագիտությունը ԱԺ-ի «թեթեւ» ձեռքով դուրս հանվեց հիմնական մասնագիտությունների ցանկից, տասնամյակների ստաժ ունեցող էքսկուրսավարներին զրկելով մասնագիտական թոշակի անցնելու հնարավորությունից։ «Լավ ձեւավորված համակարգ ունեինք, բարձրարվեստ մասնագետներ, հիանալի փորձ, 6-8 ամսյա դասընթացներն ամենօրյա գործնական պարապմունքներ էին ու բազմակողմանի գիտելիքների ուսուցում,- հիշում է 1-ին կարգի էքսկուրսավար (այժմ՝ գործազուրկ) Գասպար Երիցյանը,- ամեն ինչ փոշիացավ, իմաստազրկվեց, մի քանի սիրուն աղջիկների մի քանի բան են սովորեցնում ու հրամցնում, կարեւորը՝ օտար լեզու իմանան, նաեւ՝ էժան աշխատուժ է. օրը 1000-1500 դրամ են վճարում (մասնագետների վճարը կազմում է 25-40$՝ օրական), բայց դա եղավ էքսկուրսավա՞ր»։ Անշուշտ՝ ոչ, երկրին անծանոթ օտարականի համար վարագույր բացողն էքսկուրսավարն է՝ բարեկիրթ, ամենատեղյակ, մի մարդ, որն ունի գերխնդիր՝ այնպես մատուցել իր երկիրը, որ մեկ տուրիստն իր հետքերով բերի շատերին։ «Ոչ մի հյուր առանց էքսկուրսավարի չէր շրջում, հիմա ով ում ընդունում է, իրեն դնում է գիդի տեղ՝ ի՞նչ գիտե, ո՞նց գիտե, հարց է։ Ասենք, ո՞վ է դրան տեղ տալիս, հիմնական ուշադրությունը ճաշկերույթների վրա է, թեպետ՝ դա էլ մեր աշխատանքի մի մասն է»,- ասաց էքսկուրսավարն ու հիշեց, որ այն ժամանակ Դվինի մառանն էր տուրիստների ժամանցային վայրը, ուր էքսկուրսավարը ներկայացնում էր հայկական խոհանոցի «մենյուն» իր պատմությամբ, կենացներն՝ իրենց հերթականությամբ ու բովանդակությամբ։ «Էքսկուրսավարի արտաքինը պետք է լիներ համեստ, նա պետք է հագնվեր ճաշակով, բայց՝ ոչ ճչան, հիմա տեսնե՞ս. կարծես մանեքեններ լինեն՝ բեմահարթակ դուրս եկած, ասես օբյեկտն իրենք են, ոչ թե ներկայացվող տարածքը»,- սրտնեղեց Գասպարը։ Առանց գործնական պարապմունքների, կիսատ-պռատ 1-ամսյա դասընթացներ անցած «էքսկուրսավարուհիներից» առավել ոչինչ սպասել պետք չէ, նրանց մեղադրել կարելի է այնքանով, որքանով յուրաքանչյուր մարդ պետք է գիտակցի իր ընտրած գործի կարեւորությունն ու պատասխանատվությունը։ Երկիր ցուցադրելն ու ճանաչել տալը նուրբ եւ առանձնահատուկ աշխատանք է, հատուկ տվյալներ պահանջող մասնագիտություն։ «Մեր էքսկուրսավարները ժամանակ առ ժամանակ վերապատրաստվում էին, թարմացնում գիտելիքները մշակութային, բնագիտական, պատմության ու այլ ոլորտների նորություններով, մենք պիտի իմանայինք ոչ միայն տվյալ օբյեկտի նկարագիրը, այլեւ դրա հետ կապված ամեն ինչ՝ դեպքերով ու դեմքերով,- կրկին վերհիշելով՝ Գ. Երիցյանը կտրուկ անցում կատարեց տուրիստական գործակալություններին,- այսօր դրանք մի գործով են զբաղված՝ ինչքան հնարավոր է շատ հայ դուրս բերեն Հայաստանից, երբեմն էլ՝ անվերադարձ ու դա համարում են տուրիզմով զբաղվել»։ Իհարկե, նա դեմ չէր, որ երկիրը դեռ պատրաստ չէ «տուրիստական» դառնալու, որքան էլ ձգտում է։ Հասարակ մի փաստ՝ մեզ մոտ չկա օրենք տուրիզմի մասին։ Էլ չասենք, որ Երեւանից դուրս քիչ թե շատ ներկայանալի մի հյուրանոց չկա, ճանապարհներով 3 ժամ գնաս՝ մի զուգարան չկա, պատմամշակութային արժեքներ ենք ներկայացնում՝ շուրջն աղբանոց եւ այլն։ Անհրաժեշտ է գույքագրել-անձնագրավորել բոլոր այն օբյեկտները, որոնք տուրիզմի համար հետաքրքրություն են ներկայացնում, ըստ այդմ առանձնացնել ուղեգծեր զբոսաշրջային բոլոր ճյուղերի համար, եւ մտածել տեղանքի բարեկարգման մասին։ Այս ամենին զուգընթաց, չմոռանալ նաեւ էքսկուրսավարի մասնագիտության վերակենդանացման մասին։ Դրանք պետք է լինեն նեղ մասնագիտացված աշխատողներ՝ սպորտային, հնէաբանական, գրական, բնագիտական եւ այլ հետաքրքրություններով, Հայաստան այցելած զբոսաշրջիկներին ուղեկցելու համար։ Թե չէ միայն «ուտել-խմելով» տուրիզմ չես զարգացնի։ ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ