ՄԵՂԱԴՐՈՂԸ ԱՐՑՈՒՆՔՆԵՐԻ ՉԻ ՀԱՎԱՏՈՒՄ «Հոկտեմբերի 27»-ի գործով նախկին կասկածյալ, մեղադրյալ, համաներումով Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանից ազատ արձակված, այսօր արդեն վկա Արմեն Գասպարյանը հուզվեց, լաց եղավ մեղադրող Հակոբ Մարտիրոսյանի հարցաքննության ժամանակ։ Նա երեկ դիմեց դատարանին, ասելով, որ ի վիճակի չէ շարունակել, քանի որ «ճիշտ չի կարողանում պատասխանել» մեղադրողի հարցերին (սա այն դեպքն էր, երբ վկան տվյալ պահին կարիք ուներ իրավաբանական օգնության, իսկ մեզանում վկային փաստաբան չի հատկացվում)։ Նրա հարցաքննությունը կշարունակվի նոյեմբերի 20-ին։ Սակայն անհասկանալի էր նաեւ այն, որ ճիշտ այդ հայտարարության պահին անջատվեց դահլիճի լույսը։ Նման պատահականություններ կարծես չեն լինում։ Երեկ ընդհանրապես լարված էր մթնոլորտը։ Մեղադրող-վկա հարցաքննության ժամանակ, երբ մեղադրողը տարօրինակ համարեց վկա Ա. Գասպարյանի պահվածքը, ասելով, որ իր տպավորությամբ նախկին ՆԳ աշխատակիցը պաշտպանում է ամբաստանյալներին եւ վերջիններս էլ նրան, ամբաստանյալ Էդիկ Գրիգորյանը, չգիտես ինչու, մոտեցավ խոսափողին եւ ասաց. «Վկայի ցուցմունքները հակասություն չունեն իմ ցուցմունքների հետ»։ Այդ դեպքում ինչը դրդեց նրան շեշտելու վերոնշյալ միտքը։ Մեղադրողը, երբ վկային հիշեցրեց, որ նախկինում նա ամբաստանյալներին համարել է «անբարոյականների զավակներ» եւ հարցրեց՝ ինչո՞ւ եք վախենում ճիշտը ասել («Ձեր իրական կողմ լինելուց եք վախենում»), հետեւեց ամբաստանյալ Կարեն Հունանյանի առարկությունը. «Վկան որեւէ առնչություն չունի մեզ հետ։ Ասվածը ավելի շատ մեղադրողին է վերաբերում»։ Երբ նախագահողը նախազգուշացրեց ամբաստանյալին (մեղադրողին վիրավորանք հասցնելու մասին), վերջինս վիրավորեց դատավորին՝ նրան «թշվառական» անվանելով։ «Սրիկա, չափդ ճանաչիր»,- չդիմացավ եւ դատավոր Ս. Ուզունյանը, որն առաջնորդվելով դատարանների նախագահների խորհրդի 2000թ. թիվ 20 որոշմամբ եւ Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 3-րդ կետի «դ» ենթակետով, ամբաստանյալ Կարեն Հունանյանին հեռացրեց նիստերի դահլիճից (նա դատաքննությանը կմասնակցի միայն իր դեմ ցուցմունքներ տված վկաների հարցաքննության ժամանակ)։ Ամբաստանյալ Դերենիկ Բեջանովը տեղ զբաղեցրեց հեռացվածի վանդակում։ Մեղադրողին հետաքրքրում էր. ԱԺ-ն վերահսկող ՆԳ նախկին աշխատակիցը ինչո՞ւ է ԱԺ տարածք թողել Էդիկ Գրիգորյանին, ինչո՞ւ ինքնաձիգով Բեջանովին տեսնելով չի խոչընդոտել նրան, ինչո՞ւ չի տեղեկացրել ոստիկաններին, դասակի հրամանատար Արթուր Հակոբյանին, որ զինված մտնում են ԱԺ, ինչո՞ւ է վկան 3 տարի առաջ ասել, որ «Ալֆայի» տղան եկավ եւ ձեռքին հեռախոս կար, իսկ 3 տարի հետո «հիշել» էր, որ հեռախոս չի եղել, ինչո՞ւ վկան օգնություն չի կանչել… Հարցաքննության ժամանակ նախ Էդիկ Գրիգորյանի պաշտպան Կարո Աղաջանյանը, ապա տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Ռուբեն Սահակյանը առարկեցին մեղադրողի գործողությունները, մի դեպքում այն որակելով «բռնությամբ եւ սպառնալիքով ցուցմունք կորզելու», մյուս դեպքում՝ «ապացույցները համակցության մեջ չգնահատելու» միջոց։ «Ընթացքում ես Էդիկ Գրիգորյանին ասացի, որ դարպասի մոտ լինի։ Երբ մենք մոտենանք անցակետին, հետեւի մեր շարժումներին եւ պատրաստ լինի, որ եթե կանչեմ, արագ մոտենա, քանի որ իմ ծրագրի հիմնական պայմանը դիտվում էր մեր գործողությունների անաղմուկ լինելը, եւ պետք էր ամեն գնով խուսափել մինչեւ ԱԺ դահլիճ հասնելը ընդհարումներից, հենց դրա համար էլ անցակետի ոստիկանը կարող էր ինչ-որ բան նկատել կամ կասկածել եւ փորձեր խոչընդոտներ ստեղծել կամ աղմուկ բարձրացնել, Էդիկին մուտքի մոտ պահել էի հենց դրա համար, որպեսզի չնախատեսված բան պատահելու դեպքում նա արագ մոտենար եւ մնար անցակետում՝ հսկելու հսկիչին, որպեսզի նա ժամանակից շուտ չկարողանար շենքի մյուս ոստիկաններին տեղյակ պահել», ամբաստանյալ Հունանյանի վերոնշյալ ցուցմունքը վկայակոչելով՝ մեղադրողը «Ն. Հունանյանի ծրագրի իրականացնող էր» համարում վկային, դրա համար էլ կասկածում էր նրա արցունքներին։ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ