Լժեդմիտրիների նոր արշավանք Կամ խառնակ ժամանակներ Մաթեմատիկական տրամաբանության հայտնի պնդումներից է, որ եթե 2×2=5, ապա թեւավոր ավանակներին կարելի է խուզել եւ բրդից հեռուստացույց պատրաստել: Այսինքն, եթե որպես տրամաբանության հիմք ենք վերցնում մի կեղծ պնդում, ապա ցանկացած անհեթեթություն այլեւս ճիշտ է: Նման բան կատարվեց Հայաստանում 1998թ., երբ Ռոբերտ Քոչարյանը համարվեց լեգիտիմ նախագահ: Դրանից հետո կարելի է «Պապլավոկում» մարդ սպանել, եւ դա կհամարվի անզգույշ հրմշտոց, կարելի է աշխատատեղեր փակել եւ դա կկոչվի 40000 նոր աշխատատեղ, կարելի է վարչապետ ու ԱԺ նախագահ սպանել եւ կզած պահել ողջ Ազգային ժողովը եւ դա կկոչվի մի խումբ ռոմանտիկների հայրենասիրական պոռթկում: Ահա այսպիսի բաներ սկսեցին կատարվել Հայաստանի Հանրապետությունում, սակայն նպատակ չդրվեց ծուռ դրած հայելին ուղղել, վերականգնել իշխանության լեգիտիմությունը, փոխարենը խնդիր առաջ քաշվեց ողջ երկիրը որոշակի չափով ծռել, որ համապատասխանի հայելուն: Հայաստանի քաղաքագետները Մինչխորհրդային շրջանում Հայաստանի քաղաքագետներն էին Րաֆֆին, Նժդեհն ու Անդրանիկը: Խորհրդային շրջանում քաղաքագիտությունն արգելվեց: Այժմ այն թույլատրված է, սակայն Հայաստանում համարվում է գաղտնի գիտություն, մասոնականության նման ինչ-որ բան: Այդ պատճառով էլ քաղաքագիտությունը մեզանում խիստ հարգված գիտություն է: Լրագրողները ավելի լավ լրագրող դառնալու համար դառնում են քաղաքագետ, նախկին դեպուտատներն ու մինիստրները անգործ չմնալու համար են դառնում քաղաքագետ, դե, իսկ Ամերիկյան, պետական, Բրյուսովի համալսարաններն էլ լիքը քաղաքագետներ են արտադրում, էլ չհաշված մասնավոր բուհերը, որտեղ քաղաքագետն ու միջազգայնագետը նույնքան հարգված մասնագիտություններ են, որքան իրավաբանն ու բժիշկը: Մյուս կողմից, հայտնի է, որ Հայաստանում քաղաքագետ չկա: Այդ պատճառով էլ քաղաքագետ դառնալու համար անհրաժեշտ է պարզապես համարձակություն հավաքել ու ինքդ քեզ քաղաքագետ հռչակել: Անհոգ եղեք, ոչ ոք չի ստուգի. դա ոչ ճշգրիտ գիտություն է, որ կրկին ստացվի 2×2=5, ոչ էլ արհեստ, որ կոշիկը ոտքդ սեղմի, պարզապես պետք է լուրջ տեսքով խոսել: Ես անգամ մի ոստիկան էի ճանաչում. որն իրեն համարում էր «կիրառական քաղաքագիտության ներկայացուցիչ»: Որբի գլուխ խուզողները Իսկ ավելի լավ է քաղաքագետ դառնալ Ռուսաստանում: Նախ, այնտեղ հեշտ է դոկտոր դառնալը՝ ավելի շատ պաշտպանելու հանձնաժողով կա, քան մեզ մոտ մասնավոր բուհեր, ու ներկայացվող պահանջներն էլ նույնն են, ինչ մեր «Հայբուսակում», հետո՝ մենք միշտ հարգում ենք Ռուսաստանից եկած մարդկանց, եւ, որ ամենակարեւորն է՝ այս դեպքում քեզ ընդհանրապես ոչ ոք չի ճանաչում: Ռուսաստանից գալիս են «քաղաքագետները» ու տարբեր բաներով զբաղվում: Օրինակ, մեկը քաղաքագիտություն արեց Դեմիրճյանի մոտ, հետո դեպուտատ դարձավ: Մյուսը ալարում է գնալ Կոմայգի, որ ծերուկներն իրեն լսեն, հեռուստաընկերություն է բացել ու խոսում է, հուսով, որ հաստատ ինչ172որ մեկը լսում է: Երրորդն եկավ՝ ասաց վրացիների հետ կռվեք, ու գնաց: Չորրորդը՝ չնայած թլիկությանը, ուզում է նախագահ դառնալ: Բայց որ ավելի էական է, Հայաստանում էլ դրանից չեն զարմանում: Արդեն սովորել ենք, որ դրսից եկածը ինչ ասես կարող է անել, մանավանդ՝ նախագահ դառնալ: Տխուր է, բայց պետք է ընդունենք, որ հիմա մեզ համար կարեւորն այն է, որ վատ գործ արած չլինի, մազութ կերած չլինի, ՀՀՇ-ական չլինի, իսկ լավ գործ անելը կամ անելու ունակությունը երկրորդական է: Ընդունվում է, որ դրսից եկածը հաստատ մազութ չի կերել ու ՀՀՇ-ական չի եղել: Դրսահայերից նախագահի թեկնածուների շարքում քննարկվողների ցուցակն արդեն ձգտում է անվերջի՝ Արամ Կարապետյան, Րաֆֆի Հովհաննիսյան, Արմեն Սարգսյան, Արա Աբրահամյան, Ռոբերտ Քոչարյան, Քըրք Քրքորյան, Շառլ Ազնավուր, Անդրե Աղասի, մի երկու հոգի էլ Ղարաբաղից ու Ախալքալաքից: Նրանցից շատերը չգիտեն, որ իրենց մասին խոսում են, սակայն ով որ գիտի, հաճույքով մասնակցում է անհեթեթության այս թամաշային: Անգամ ազնվանալու ինչ-ինչ պատրվակներ են մոգոնում: Օրինակ, Րաֆֆի Հովհաննիսյանն ասում է, թե ուզում է առաջադրվի, որ հետո չգրանցեն, որ հետո ցույց տա մեր ընտրական Հանձնաժողովի իսկական երեսը, որ հետո մեր դատական համակարգը… Կգրանցեն, բոլոր դիմողներին էլ կգրանցեն, բացի Նաիրի Հունանյանից, որը հստակորեն աշխատում է Ռոբերտ Քոչարյանի ընտրազանգվածի վրա, իսկ այս առաջադրախաղը հենց Քոչարյանն է սարքում, դրա համար էլ միայն Նաիրիին չի գրանցի: Իսկ մնացածները ոչ լեգիտիմության այնպիսի փոթորիկ կսարքեն, որ իրավական որեւէ ձեւով ոչ միայն չես կարողանա դիմադրել, այլեւ չես էլ հասցնի ֆիքսել բոլորը: Պարզապես մեր երկիրն է դարձել որբի գլուխ, որ դրսից եկած ամեն խոպանչի դալլաք իր մկրատը փորձի: ՀԱՅԿ ՄԱԶՄԱՆՅԱՆ Քաղաքագետ