ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԱՎԵԼԱՑՆՈՒՄ Է ՀԱՐԿԱՅԻՆ ԲԵՌԸ Չնայած հակառակի մասին խոստմանը, կառավարությունը հանդես է եկել հարկային օրենքների խստացմամբ։ Շրջանառության մեջ է դրվել հարկային բարեփոխումների մի փաթեթ, որն ընդունվելու պարագայում ավելի անբարենպաստ պայմաններ է ստեղծելու գործարարների համար։ Հատկապես փոքր եւ միջին բիզնեսով զբաղվողների համար։ Մինչդեռ, հարկ է հիշել, որ թե վարչապետը, թե պետեկամուտների նախարարը մինչեւ փաթեթը շրջանառության մեջ դնելը հայտարարել էին, որ «հարկային բեռի ավելացում չի լինելու», այլ ընդամենը վարչարարական փոփոխություններ են նախատեսվում։ Անդրադառնանք փաթեթի ընդամենը մի քանի դրույթների, որոնք վկայում են խստացումների մասին։ «Եկամտահարկի մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունն ընդունվելու պարագայում մինչեւ 80 հազար դրամ աշխատավարձ ստացողը նախկին 10%-ի փոխարեն 15% եկամտահարկ պիտի վճարի։ Նույնքան պետք է վճարի նաեւ 80 հազար դրամից ավելի ստացողը՝ նախկին 20%-ի փոխարեն։ Ըստ երեւույթին, սա է հիմք տվել օրինագիծը մշակողներին կարծել, թե սա խստացում չէ։ Բայց եթե նկատի ունենանք, որ հանրապետությունում 80 հազարից ավելի աշխատավարձ են ստանում հիմնականում միջազգային կազմակերպությունների աշխատակիցները, մասնավոր հիմնարկների ղեկավարները, այսուհետ նաեւ նախարարներն ու վարչության պետերը, ապա պարզ է, թե մեղմացումն ում համար է նախատեսվում։ Իսկ մասնավոր հիմնարկների աշխատակիցները հիմնականում 80 հազարից պակաս են ստանում, ինչը նշանակում է, որ ավելացվող եկամտահարկի «բեռը» կամ գործարարը պետք է քաշի, կամ հենց աշխատակիցը։ «Եկամտահարկի մասին» օրենքում նախատեսվող մեկ այլ փոփոխությամբ նոր հարկվող «դաշտ» է սահմանվում. շահութաբաժնից (դիվիդենդ) պետք է մուծվի 5% եկամտահարկ, որը մինչ այժմ չէր արվում։ Նույն օրենքով մինչ այժմ անհատ ձեռներեցից մինչեւ 20 հազար դրամ աշխատավարձ տալու պարագայում 2500 դրամ եկամտահարկ չէին պահանջում, ինչը կարվի փաթեթն ընդունվելու դեպքում։ Պարզեցված հարկի դրույքաչափերը 75%-ով բարձրացնելուց բացի, այլ խստացումներ էլ են նախատեսվում այս օրենքում։ Անգամ սխալ է կատարված հանրապետության նախագահի պահանջը՝ պարզեցված հարկ վճարող տնտեսվարողների իրացման շրջանառության շեմը (30 մլն դրամ) բարձրացնելու, այսպիսով բեռը թեթեւացնելու վերաբերյալ։ Մեր տեղեկություններով, ընդունելով գործարարների առաջարկությունները, նախագահ Քոչարյանը կառավարությանը հորդորել էր բարձրացնել այն։ Շեմը կրկնակի բարձրացվել է ըստ փաթեթի, բայց արդեն շեմ է սահմանվում նաեւ խանութների, կրպակների համար, որ մինչ այժմ պարզեցված հարկ էին վճարում՝ անկախ շրջանառության ծավալներից։ Ըստ նույն «բարեփոխումների», ավելացված արժեքի հարկ կվճարեն նաեւ համակարգչային տեխնիկա ներկրողները։ Բացի այդ, եթե մինչ այժմ հաշվանցման ենթակա էր ԱԱՀ-ն ամբողջությամբ, ապա, ըստ փաթեթի, միայն 50%-ով։ Նույնպիսի «մեղմացում» է նախատեսվում նաեւ «Շահութահարկի մասին» օրենքում։ Գործող օրենքով հարկվող շահույթը որոշելիս, համախառն եկամուտը նվազեցվում է հարկատուի մոտ նախորդ տարիներին առաջացած վնասների չափով։ Նվազեցման մասին դրույթն այժմ ուժի մեջ է 5 տարի, իսկ փաթեթի համաձայն՝ 3 տարի ժամկետով։ Վարչարարությունը խստացնելու, իսկ ավելի ճիշտ՝ հստակեցնելու փոխարեն, «Ստուգումների մասին» օրենքում փոփոխություն է նախատեսվում, որն ընդունվելու եւ հետագայում կիրառվելու պարագայում հանգիստ կարող է երկիմաստ մեկնաբանությունների տեղիք տալ։ Խոսքը վերաբերում է ստուգման ընթացքում պահեստների, շինությունների, դրամարկղերի, էներգիայի աղբյուրների, սարքավորումների, սարքերի եւ այլնի կապարակնքելուն, որը մինչ այժմ որոշակի դեպքերում արգելվում էր։ Միակ անվիճարկելի մեղմացումը, որ առաջարկում է հարկային բարեփոխումների նոր փաթեթը, նախատեսված է բենզինի եւ դիզելային վառելիքի մանրածախ վաճառքի կետերի համար, որտեղից հանվում են հսկիչ դրամարկղային մեքենաները։ Այս միակ մեղմացման տրամաբանությունը տակավին անհայտ է։ Հարկ է նկատել, որ շուրջ 2 տարի է, ինչ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարությունը գրեթե հանդես չի եկել հարկային օրենսդրության փոփոխությունների նախաձեռնություններով։ Դրանք հիմնականում մշակել եւ ներկայացրել է պետեկամուտների նախարարությունը, որը ֆիսկալ (գումարներ հավաքագրելու) հստակ նպատակներ ունի։ Եվ, ակնհայտորեն, կառավարությունը մասամբ նաեւ այս բարեփոխումների վրա է հույսը դրել, բյուջեի մուտքային մասը 22 մլրդ-ով ավելի նախատեսելով։ ԱՐՄԻՆԵ ՈՒԴՈՒՄՅԱՆ