Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՆԴԻՊՈՒՄ ՉԻՆԱՍՏԱՆԻ ԴԵՍՊԱՆԻ ՀԵՏ

Նոյեմբեր 19,2002 00:00

ՀԱՆԴԻՊՈՒՄ ՉԻՆԱՍՏԱՆԻ ԴԵՍՊԱՆԻ ՀԵՏ Նոյեմբերի 13-ին տեղի ունեցավ ՀՀ-ում ՉԺՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Ցո Սյուելյայի հանդիպումը «Սոցիալիստական Հայաստան» միավորման քաղխորհրդի հետ: «ՍՀ»-ի ներկայացուցիչները նշեցին, որ խիստ կարեւորում են նման հանդիպումները՝ նախեւառաջ չին ժողովրդի ձեռքբերումների հետ ծանոթանալու եւ նրան սեփական պրոբլեմները ներկայացնելու առումով: «ՍՀ»-ի գաղափարական դիրքերից ՉԿԿ-ի տեսական եւ պրակտիկ գործունեությունը համաշխարհային սոցիալիստական մտքի ոչ միայն կարեւորագույն, այլ նաեւ առաջատար բաղադրամասն է: «ՍՀ»-ն գտնում է, որ Չինաստանի, ինչպես նաեւ Ռուսաստանի հետ ռազմավարական դաշնային հարաբերություններն օբյեկտիվորեն բխում են հայ ժողովրդի հիմնարար շահերից: Եվ եթե Ռուսաստանի հետ համագործակցության բավարար հիմքն արդեն իսկ ստեղծված է (չնայած բուն հարաբերություններն ապրում են իրենց ոչ լավագույն ժամանակները), ապա Չինաստանի հետ անցնելիք ճանապարհը դեռ առջեւում է: Այդ ճանապարհի խիստ հաջող մեկնարկին հաշվենկատ հարված հասցրին «27»-ի ահաբեկչությունը եւ դրան հաջորդած իրադարձությունները: Սակայն «Սոցիալիստական Հայաստան»-ը լի է վճռականությամբ՝ համագործակցելով իր քաղաքական դաշնակիցների հետ, շարունակել այդ մերձեցման դաժանորեն կասեցված ընթացքը: Պրն Սյուելյան մեկ անգամ եւս հաստատեց ղարաբաղյան հակամարտության շուտափույթ խաղաղ կարգավորման վերաբերյալ Պեկինի դիրքորոշումը: Այդ կապակցությամբ հանդիպման հայ մասնակիցները հույս հայտնեցին, որ, հաշվի առնելով միջազգային ասպարեզում Չինաստանի հետզհետե աճող կշիռը, կընդլայնվի նաեւ նրա մասնակցությունը ինչպես ղարաբաղյան, այդպես նաեւ տարածաշրջանային այլ հարցերի կարգավորման գործում, ինչը դրականորեն կանդրադառնա այդ բոլոր խնդիրների լուծման վրա: «ՍՀ» լրատվական կենտրոն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել