Լրահոս
Օրվա լրահոսը

«Պերախվատ» արված հարց

Նոյեմբեր 19,2002 00:00

«Պերախվատ» արված հարց Ո՞ւր են կորչում հարկատուների փողերը «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքի 36 հոդվածի համաձայն՝ Հանրային խորհուրդը մինչեւ յուրաքանչյուր տարվա մարտի 1-ը ԱԺ պետք է ներկայացնի «Հանրային հեռուստառադիոընկերության» նախորդ տարվա գործունեության, այդ թվում՝ ծրագրային եւ ֆինանսական գործունեության մասին հաղորդում, որը ԱԺ նիստում պետք է ներկայացնի խորհրդի նախագահը։ Սույն հաղորդումը խորհուրդը պարտավոր է հրապարակել նաեւ մամուլում։ Նմանատիպ մի հոդված՝ 40-րդը, վերաբերում է նաեւ Ազգային հանձնաժողովին, որը եւս պարտավոր է մինչեւ յուրաքանչյուր տարվա մարտի 1-ը ԱԺ ներկայացնել իր մեկ տարվա գործունեության մասին հաղորդումը եւ հրապարակել մամուլում։ ԱԺ Կրթության, գիտության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Շավարշ Քոչարյանի ներկայացմամբ՝ ե՛ւ «Ազգային հանձնաժողովը», ե՛ւ «Հանրային հեռուստառադիոխորհուրդը» կոպտորեն ոտնահարել են ՀՀ համապատասխան օրենքները։ Եկող տարվա բյուջեի հետ կապված խորհրդարանում որոշ աշխուժություն է նկատվում։ Ըստ էության, նախընտրական տարում պատգամավորները հնարավորություն ունեն աչքի ընկնել։ Սակայն այսօր քննարկվելիք հարցի առնչությամբ խորհրդարանականներն ընդամենը օրենքի կատարման պահանջ են դնում։ Ի վերջո, հարկատուների հաշվին բավականին մեծ ֆինանսավորում ստացող կառույցը պարզապես պարտավոր է հաշվետու լինել օրենքի առաջ։ Հերթական եռօրյայի առաջին օրը Շավարշ Քոչարյանը վերոհիշյալ հարցը բարձրացրեց «ՀՀ» եւ «Ազգային հանձնաժողովի» հաշվետվությունները լսելու մասին. «Այդ հաշվետվությունը պետք է ներկայացնի խորհրդի նախագահը, Ազգային ժողովի ամբիոնից, ընդ որում՝ նաեւ ֆինանսական հաշվետվություն։ Ինչո՞ւ։ Որպեսզի ԱԺ-ն կարողանա կողմնորոշվել՝ ի՞նչ ծախսեր են հատկացվել, ինչքանո՞վ է դա բավարարում, կամ չի բավարարում։ Տվյալ պարագայում օրենքով իրեն վերապահված պարտականությունը չի կատարել Հանրային հեռուստատեսության եւ ռադիոյի խորհուրդը։ Ավելին, երբ որ սկսվեց բյուջեի քննարկումը, այդ հարցը մեր կողմից բարձրացվեց։ Ֆինանսների նախարարը մեզ փորձեց հավաստիացնել, որ քննարկումների ընթացքում այդ հաշվետվությունը պարտադիր պետք է ստանանք. առնվազն այն տվյալները, որ ունի ֆինանսների նախարարությունն ինն ամսվա կտրվածքով։ Առայսօր չենք ստացել»։ Քիչ հավանական է, որ հաշվետվություն կլինի, ուրեմն ի՞նչ է մնում անել ԱԺ-ին՝ զրկե՞լ սույն կառույցներին բյուջեից. «Այո, կարող ենք եւ զրկել հատկացվող գումարից»,- չժխտեց Շավարշ Քոչարյանը։ Իսկ, այսպես կոչված, «այլ պատժամիջոցը» կլինի սա. «պատժամիջոցը մենք վաղուց ենք առաջարկել, քանի որ կատարվածը մեզ համար նորություն չէ ու դա արդեն գործելակերպ է դարձել ոմանց համար։ Մենք առաջարկել ենք ընդհանրապես լուծարել այդ երկու կառույցները (օրակարգում կա նախագիծ) եւ նոր կարգով ձեւավորել։ Ուրիշ հարց է՝ մեծամասնությունը կգնա՞ այդ քայլին։ Ակնհայտորեն՝ չի գնա, որովհետեւ նախընտրական տարի է եւ տվյալ հանձնաժողովը եւ Հանրային ընկերությունը ընկալվում են որպես նախագահի շահերը պաշտպանող»։ ԱԺ պատգամավոր Մանուկ Գասպարյանը համակարծիք է Շավարշ Քոչարյանին, սակայն հենց սկզբից ասաց, որ հարցը իրենն էր եւ «Շավարշ Քոչարյանը եւ Գալուստ Սահակյանը շատ ավելի ուշ են խոսել այդ մասին, քան՝ ես։ Հանձնաժողովում, երբ հարցը քննարկվում էր, ես ասացի, որ հանձնաժողով պետք է գար ոչ թե լիցենզիա տվող Ամալյանը, այլ 3 միլիարդ գումար ստացողը։ Էլի ես ասացի՝ ինչո՞ւ Հանրայինի ղեկավարությունը հաշվետվություն չի տվել, չէ՞ որ բյուջեից 3 միլիարդ փող է ստանում։ Արմեն Խաչատրյանը պարտավոր էր գրել նրա վերադասին (ով որ նրանց նշանակել է աշխատանքի), որ օրենքը խախտելու համար էդ մարդկանց ազատեն աշխատանքից։ Այսօր էլ ես ասացի, որ հարցն օրակարգ եմ մտցնելու, Շավարշն ինձնից շուտ հերթագրվեց ու հարցը տվեց։ Հիմա պերեխվատ են արել էդ հարցը եւ ոնց որ ասում են՝ դանակավորը շատացավ»։ Մանուկ Գասպարյանին հարցրի՝ ընդունենք, Հանրայինը եւ Ազգայինը հաշվետվություն չեն տալիս, Ազգային ժողովը բյուջեից գումար հատկացնելո՞ւ է. «Օրենք է խախտվել, ուրեմն տվյալ մարդը պետք է պատասխանատվության ենթարկվի»։ Մանուկ Գասպարյանի կարծիքով՝ «ԱԺ ղեկավարությանը մարդատեղ չեն դրել եւ հաշվետվություն չեն ներկայացրել»։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել