Լրահոս
Օրվա լրահոսը

«ԹՈՂ ՄԻ 10 ԿՈՄՈՒՆԻՍՏ ԷԼ ԶՈՀՎԻ»

Նոյեմբեր 19,2002 00:00

«ԹՈՂ ՄԻ 10 ԿՈՄՈՒՆԻՍՏ ԷԼ ԶՈՀՎԻ» Հայկոմկուսի 35-րդ համագումարի շուրջ 400 պատվիրակները եւ հյուրերը ծափերով ողջունեցին Երեւանի շրջկոմի քարտուղարներից մեկի այս կոչը, թե սահմանադրական ճանապարհով ներկա «խունտայից» ազատվել հնարավոր չէ՝ պետք է գնալ հեղափոխության, կարելի է եւ զոհեր տալ: Կոմունիստները կառավարության նիստերի դահլիճում իրենց համար ստեղծել էին մի վիրտուալ իրականություն, որը լրիվ հնարավորություն էր ընձեռում մոռանալ, թե ինչ պետությունում ենք: Համագումարի վերջում հնչեց «Ելիր, ում կյանքը անիծել է»-ն, զանգվածեղ կարգախոսով փակել էին Հայաստանի պետական եռագույն դրոշը, սեփական զինանշանով ծածկել ամբիոնի վրա փակցված Հայաստանի Հանրապետության զինանշանը, տեղադրել Լենինի կիսանդրին, հիշում էին Ստալինին եւ ելույթներ ունենում՝ վաղուց գոյություն չունեցող անուններ օգտագործելով. Գյումրին անվանելով Լենինական եւ այլն: Համագումարը որոշում ընդունեց «ընտրողների մեջ խորացնել, ավելի ու ավելի ամրապնդել «Ռուսաստան-Բելառուս» Միությանը (գոյություն չունեցող.- Ա. Ի.) Հայաստանի անդամակցության անխուսափելիության պատմական անհրաժեշտության գիտակցությունը»: Մասնակիցների հիմնական մասի պատկառելի տարիքը հնարավորություն էր ընձեռում ընտրովի՝ «միայն հաճելի հուշեր» սկզբունքով, անդրադառնալ խորհրդային տարիներին: ՀԿԿ Կենտկոմի 1-ին քարտուղար Վլադիմիր Դարբինյանը, ասենք, երբ խոսում էր երիտասարդության շրջանում տարվելիք աշխատանքների անհրաժեշտության մասին, նշեց՝ «Ավագ սերնդից ստացած տեղեկություններից սովետական ժամանակաշրջանը նրանց լեգենդ է թվում, երբ երկրում ամեն ինչ այլ կերպ է եղել՝ անվճար կրթություն, բժշկություն, ուսումն ավարտելուց հետո՝ երաշխավորված աշխատանք, կայուն ու արժանավայել աշխատավարձ, ստեղծագործելու, ինքնահաստատման նպաստավոր պայմաններ եւ, վերջապես, բարձր հզոր երկրի հպարտության զգացում»: Թե ինչու պիտի ավագ սերունդը լռի այդ տարիներին կտրոնով հացի, կարագի, բրինձի եւ շաքարի մասին, չասի, որ իրականում բժշկությունը երբեք էլ չի եղել անվճար, երիտասարդներին չպատմի նաեւ քաղբանտարկյալների, աքսորվածների, սպանվածների եւ «լեգենդին» բնորոշ բազմաթիվ այլ երեւույթների մասին՝ միայն կոմունիստները գիտեն: Մեր հիշողությունը հատվածական չէ, եւ երբ Վլադիմիր Դարբինյանն ազդարարեց, թե այսօրվանից տանելու են «համառ ու քրտնաջան» աշխատանք՝ «օգտագործելով մեր զինանոցում եղած եւ 70 սովետական տարիներին ձեռք բերված քաղաքական աշխատանքի բոլոր ձեւերն ու մեթոդները», սիրտս վախ մտավ, թե քշելու են Սիբիր: Սակայն բավական է խոսենք անցյալի մասին: Փորձենք փոխանցել, թե ինչպես են պատկերացնում մեր ներկան ու ապագան կոմունիստները: «1998-ին տեղի ունեցած իշխանափոխությունից եւ 1999-ին կայացած Ազգային ժողովի ընտրություններից հետո, ըստ էության, ոչինչ չի փոխվել մեր երկրի թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական, թե՛ հոգեւոր-մշակութային կյանքում,- ասաց Վլադիմիր Դարբինյանը:- Իսկ 1999-ի հոկտեմբերի 27-ի դեպքերից հետո, որոնք ցնցեցին ամբողջ աշխարհը, մինչեւ օրս չի հաղթահարվել հանրապետությունում տիրող կասկածամտության մթնոլորտը, անվստահությունն իշխանությունների համարյա բոլոր օղակների նկատմամբ»: Ծափերով ընդունվեց նրա այն պնդումը, թե «այսօրվա կառավարությունն իր վարած հակաժողովրդական քաղաքականության համար պետք է հեռանա»: Կոմունիստները համարում են, թե միայն իրենք ունեն երկիրն այս վիճակից հանելու ծրագիր: Համագումարի ելույթներից զգացվում էր նաեւ վատ թաքցված դժգոհությունն ընդդիմությանը մաս կազմող այլ ուժերից, որոնց ծրագրերը եւ գաղափարախոսությունը չեն տարբերվում իշխանության ծրագրերից: ՀԿԿ Կենտկոմի 1-ին քարտուղարն իր զեկուցման մեջ հիշատակեց, թե 15-ի հետ «համագործակցությունը միանշանակ չի ընդունվում կուսակցության մեջ»: Նշեց, որ իշխանության ու հանրապետության նախագահի հետ՝ նաեւ ընդդիմությունն է օգտագործում իրենց կարգախոսներն ու խոստումները՝ «կարգ ու կանոն, ապահով կյանք, աշխատատեղեր, կրթության եւ բուժման երաշխիքներ եւ այլն», կարծես թե դրանք կոմունիստների առանձնաշնորհն են: Այսուհանդերձ, Վլադիմիր Դարբինյանը կարեւորում է համագործակցությունը «16»-ի հետ, որոնց գերադասում էր անվանել «ժողովրդահայրենասիրական ուժեր», եւ ազդարարեց. «Ժողովրդահայրենասիրական ուժերն առանց քաշվելու ու թաքցնելու՝ հստակորեն պետք է ներկայացնեն իրենց պայքարի վերջնական նպատակները՝ սոցիալիզմ, խորհրդային իշխանություն եւ խորհրդային միություն»: Այստեղ համագումարի կոմունիստ պատգամավորների հետ ծափահարեցին նաեւ Արտաշես Գեղամյանն ու Հմայակ Հովհաննիսյանը: Նրանք ծափահարեցին նաեւ այնժամ, երբ Մյասնիկյանի շրջկոմի քարտուղար Հենրիկ Սահակյանը հայտարարեց. «Երբե՛ք չհավատաք, որ սահմանադրական ճանապարհով հնարավոր է այս խունտայից ազատվել, երբե՛ք չհավատաք, ընկերներ: Եթե պետք է՝ պետք է գնալ հեղափոխությա՛ն: Նրանք կարող էին՝ Վանո Սիրադեղյանը, մյուսները օրեկան 10 մարդ գնդակահարել եւ թաղել ասֆալտի տակ: Թող մի 10 կոմունիստ էլ զոհվի՛: Առաջինը ե՛ս կզոհվեմ»: Վլադիմիր Դարբինյանն իր զեկուցման մեջ հիշատակել էր, թե նախագահական ընտրություններում Սերգեյ Բադալյանի օգտին Երեւանում քվեարկել էր ընտրողների միայն 3,6%-ը, խորհրդարանական ընտրությունների ընթացքում Կոմկուսը մայրաքաղաքում ստացել էր ընդամենը 6,2% ձայն, իսկ տեղական ինքնակառավարման մարմինների վերջին ընտրություններում Երեւանի շրջկոմները «ընտրական հանձնաժողովներում չեն կարողանում կոմունիստ ներկայացուցիչների քանակն անգամ ապահովել»: Թեեւ որոշել էին «իրատեսորեն գնահատել կուսակցության հնարավորությունները»՝ կոմունիստները նախագահական ընտրություններում առաջադրեցին իրենց սեփական թեկնածուին (հիշեցնենք նաեւ, որ Կոմկուսը խորհրդարանական՝ ոչ նախագահական կառավարման կողմնակից է): ՀԿԿ առաջնորդ Վ. Դարբինյանը դարձավ ընդդիմության միասնական թեկնածուի 5-րդ թեկնածուն: «Կամեցողությանդ եւ կարողությանդ միջեւ անջրպետ երբեք չենք դնում, այլ համոզված ենք, որ կկամենաս՝ որպես բարեգութ եւ կկարենաս՝ որպես արարիչ»,- Նարեկացու տողերը նրան վերջում ձոնեց Սանատրուկ Սահակյանը: Առջեւում են նաեւ ՍԻՄ-ի, «Սոցիալիստական Հայաստանի», «Հանրապետության», գուցե նաեւ՝ ԱԺԴ համագումարները, որոնց հետեւանքով միայն «16»-ի կազմում բարեգութ արարիչների թիվը կհասնի 9-ի: ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել