«ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆԻՆ» ԵՎ «Ա1+»-ԻՆ ԿՌՎԵՑՆԵԼ ՉՀԱՋՈՂՎԵՑ Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովը նոյեմբերի 8-ին չէր ընդունել «Նոյյան Տապան»-ի՝ դեցիմետրային ազատ կապուղիների մրցույթին մասնակցելու դիմումը, հիմնավորելով, թե դիմումում կոնկրետ հաճախականություններ նշված չեն։ Այդ որոշումը անօրինական համարելով՝ «Նոյյան Տապանը» դեռ նույն օրը հայտարարել էր ՀՌԱՀ սույն քայլը Տնտեսական դատարանում վիճարկելու իր մտադրության մասին: Վերջինս՝ ուսումնասիրելով «Նոյյան Տապան» ՍՊԸ դիմումը, այն հիմնավորված է համարել եւ բավարարել հայցվոր կողմի միջնորդությունը՝ որոշում կայացնելով արգելել հիշյալ հանձնաժողովին նոյեմբերի 19-ին Երեւան քաղաքի տարածքում 5 դեցիմետրային կապուղիներով հեռուստահաղորդումների հեռարձակման լիցենզավորման մրցույթ անցկացնել։ «Ա1+»-ի նախագահ Մեսրոպ Մովսեսյանը սակայն, մեղմ ասած, ոգեւորված չէ Տնտեսական դատարանի սույն որոշումով եւ վստահեցնում է, թե դա իշխանությունների հերթական խաղի եւս մի դրվագ է, որին, կամա թե ակամա, մասնակից է դարձել «Նոյյան Տապանն» ու ծուղակի մեջ գցել նաեւ «Ա1+»-ին: Բանն այն է, որ Մ.Մովսեսյանի կանխատեսմամբ, միանշանակ է, որ «Նոյյան Տապանի» հայցը չի բավարարվելու: Տնտեսական դատարանի սույն որոշումը, նրա կարծիքով, միայն մրցույթը հետաձգելու լավագույն ձեւ է, որը ձեռնտու է իշխանություններին: Նրա դիտարկմամբ, դատական պրոցեսների արդյունքում՝ առաջին ատյան, վճռաբեկ դատարան եւ այլն, կկորսվեն նաեւ դեկտեմբեր, հունվար ամիսները ու մրցույթի անցկացումը կարող է հետաձգվել մինչեւ փետրվար. «Պարզ է, որ փետրվարին, ընտրությունների ժամանակ մրցույթ չեն անցկացնի, մարտին կմտածեն, թե երբ մրցույթ հայտարարեն: «Ա1+»-ի կոլեկտիվն այդ ընթացքում էլ դարձյալ չի կարողանա փող վաստակել եւ նույնիսկ ապրիլին մրցույթ հայտարարելու դեպքում, ըստ էության, չի մասնակցի նաեւ խորհրդարանական ընտրությունների նախընտրական շրջանին: Իշխանությունները հաշվարկել են, որ ես առանց փող վաստակելու այդքան երկար ժամանակ չեմ կարող կոլեկտիվ պահել. կոլեկտիվը կցրվի, ամեն ինչ կմոռացվի եւ հարցն էլ ինքնաբերաբար կլուծվի: Դա որոշված էր մեկ տարի առաջ, եւ մեր գործընկերների միջոցով այդ որոշումն ի կատար ածվեց: Իմ կոլեկտիվն անհամբեր սպասում էր, որ եթեր է դուրս գալու եւ նրա ոգին եւս մեկ անգամ կոտրվեց: Իրենք դա չեն մարսի. ես խոստանում եմ»: Մեր այն հարցին ի պատասխան, թե իր կարծիքով «Նոյյան Տապանի» քայլում ինքն արդյո՞ք միտում է տեսնում, Մ.Մովսեսյանը նկատեց, թե միտում տեսնելու առիթ կարող է լինել այն, որ «Նոյյան Տապանը» կարող էր չսպասել վերջին պահին եւ հենց նոյեմբերի 8-ին կամ հաջորդ օրը դիմել դատարան, եւ հայցը կարող էր լսվել հատուկ վարույթով՝ 2-3 օրվա ընթացքում: Մենք դիմեցինք նաեւ «Նոյյան Տապան»-ի տնօրեն Տիգրան Հարությունյանին. «Մենք միջնորդել էինք դատարանին կասեցնել մրցույթի անցկացումը, որովհետեւ հասկանում էինք, որ այլապես մենք պարզապես չենք հասցնի դրան մասնակցել, եւ Տնտեսական դատարանի կողմից դա առաջին նորմալ քայլն էր, որ արվել էր մեր եւ «Ա1+»-ի եթեր վերադառնալու պայքարի ընթացքում: Չեմ բացառում, որ դա հաշվարկվել եւ օգտագործվել է իշխանությունների կողմից, եւ ինքս էլ անհանգստացած եմ, որ դատական պրոցեսը կարող է ձգձգվել եւ հետաձգել նաեւ մրցույթի անցկացումը: Կարծում եմ, որ հիմա մեր խնդիրը պետք է լինի ստիպել, որ դատն արագ ընթանա: Իսկ դա հնարավոր է անել հասարակական արդեն ձեւավորված կարծիքի ազդեցությամբ: Ըստ իս, բարի կամքի դրսեւորման դեպքում դատական այդ պրոցեսը մոտավորապես 20 օր է պահանջելու, եթե հատուկ միտումը, ինչի մասին ասվում է՝ չլինի»: Ինչ վերաբերում է ավելի վաղ դատարան դիմելու հնարավորությանը, ապա, ըստ Տ.Հարությունյանի, իրենք դեռ նոյեմբերի 8-ին հայտարարել էին, որ դատական կարգով վիճարկելու են ՀՌԱՀ որոշումը եւ, անկախ այն բանից, թե որ օրը կդիմեին դատարան՝ վերջինիս որեւէ որոշում ուժի մեջ կարող էր մտնել միայն մրցույթի անցկացումից հետո, ինչն այլեւս «Նոյյան Տապանին» կզրկեր այդ մրցույթին մասնակցելու հնարավորությունից: «Ցավում եմ, որ մեր՝ օրինականությունը վերականգնելու ձգտումը տարաբնույթ մեկնաբանությունների ու ընկալման առիթ է դարձել: Ես չեմ ուզում գլադիատորի դեր ստանձնել եւ մենամարտել իմ գործընկերոջ հետ: Չի կարելի իշխանություններին նման հաճույք պատճառել եւ պետք է թույլ չտալ նաեւ, որ դատարանի որոշումն օգտագործվի մեզ պառակտելու համար»,- հայտարարեց Տ.Հարությունյանը: Երեկ հայտնի դարձավ, որ «Նոյյան Տապանի» եւ «Ա1+»-ի նախագահներ Մ.Մովսեսյանն ու Տ.Հարությունյանը հանդիպել եւ քննարկել են ստեղծված իրավիճակից համատեղ ելքեր փնտրելու հարցը: Ու պետք է արձանագրել, որ այս երկու ընկերությունների միջեւ սեպ խրելու իշխանությունների «խասյաթն» այս կոնկրետ դեպքում իրագործել չհաջողվեց: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ