Լրահոս
Օրվա լրահոսը

Երգչուհու նմանակի հույսերը

Նոյեմբեր 16,2002 00:00

Երգչուհու նմանակի հույսերը Գրետա Ներսիսյանի՝ 1989-ին Գանձակից բռնագաղթելուց հետո միայն՝ 1995-2002թթ. լույս տեսան նրա 6 բանաստեղծական ժողովածուները։ Բանաստեղծուհու խոսքերով, իր «դարդն ու ցավը» ծննդավայրն է. «Այստեղ է կատարվել գանձակահայերի ցեղասպանությունը, գաղթը, բնավ ոչ խուլ եւ Աստծուց մոռացված մի բնակավայրում։ Հավատացնում եմ, որ այն պահին ժամանակ չկար մտածելու, հետո միայն եկան զարմանքը, ցավը, զայրույթը»։ Վերջերս տիկին Ներսիսյանի եւ իր հայրենակցի՝ Լյուդվիգ Վարդապետովի հեղինակությամբ լույս տեսավ «Նախնիների կանչը» աշխատությունը, որը պատմում է հայկական հինավուրց Ուտիք նահանգի Գարդմանք գավառի (մասնավորապես՝ Գանձակի) մասին, ներկայացնելով տեղի մտավորականությանը։ Թեեւ բավականին ժամանակ է անցել, բանաստեղծուհին շարունակում է մտածել. ո՞վ է պատժել ոճրագործներին կամ ո՞վ է անուն առ անուն անվանել զոհվածներին։ Իսկ աշխարհի ուշադրությունը ճշմարտությունից շեղում են հարեւան հանրապետության լրագրողների՝ վայնասունով համեմված հոդվածները հայ «նացիոնալիստների», «էքստրեմիստների», «տեռորիստների» գործողությունների մասին։ Բանաստեղծուհին գտնում է, որ մարդկանց պակասում է միմյանց նկատմամբ հոգատարությունն ու գորովը, անպարագիծ բարությունը։ Տեղեկացնենք, որ Գրետա Ներսիսյանը Գոհար Գասպարյանի նմանակն է, ինչի համար իրեն շատ երջանիկ է զգում։ «Խաղեր» խորագրով իր վերջին ժողովածուն նա նվիրել է մեծ երգչուհուն, որի վրա Գ. Գասպարյանը թողել է հետեւյալ մակագրությունը. «Անուշիկ իմ քույրիկ, Գրետա, ուզում եմ այնքան բարձրանաք, որ հասնեք իմ շատ սիրելի Ավետիք Իսահակյանին եւ ունենաք մեծ հաջողություններ կյանքում»։ Բանաստեղծուհին կես կատակ- կես լուրջ ասում է. «Թեկուզ համաշխարհային աստղ չեմ, ինչպես քույրս՝ Գոհարը, սակայն ամեն ինչ դեռ առջեւում է։ Տեղեկացնեմ, որ երկուսս էլ ծնվել ենք դեկտեմբերին՝ Աղեղնավորի համաստեղության տակ, այնպես որ, աստղ դառնալու հույս դեռ ունեմ»։ Չնայած վարակիչ կենսուրախությանը, նրան մտահոգում է այն միտքը, որ հայերը Գանձակում չեն բնակվում։ Բայց Գ. Ներսիսյանը լավատես է ու համոզված. «Աստված բարի է եւ դա անպայման մի օր տեղի կունենա»։ Ս. Դ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել