Համայնքի վրա է Երեք տարի առաջ Առողջապահության ազգային ինստիտուտի եւ Երեւանի պետական բժշկական ինստիտուտի համատեղ ջանքերով մեր երկրում առաջին քայլերն արվեցին ընտանեկան բժշկության ներմուծման ուղղությամբ։ Այսօր արդեն հանրապետության տարբեր մարզերում գործող մոտ 100 ընտանեկան բժշկներ կան։ Երեւանում այդ ինստիտուտի ներմուծումը սվիններով է ընդունվում։ «Ընտանեկան բժիշկների հայկական ասոցիացիայի» նախագահ Սամվել Հովհաննիսյանի խոսքերով, ընտանեկան բժիշկների տեղավորումը պոլիկլինիկաների տարածքում գործնականում անհնար է դառնում՝ տեղամասային բժիշկների անհանդուրժողականության պատճառով։ Ս. Հովհաննիսյանը դա պատճառաբանում է պարզապես բացատրական աշխատանքի անբավարարությամբ՝ թե՛ տեղամասային բժիշկների, թե՛ ապագա ընտանեկան բժիշկների շրջանում։ «Ընտանեկան բժիշկների հայկական ասոցիացիայի» երեկ կայացած երրորդ համագումարում արդեն գործող ընտանեկան բժիշկների անունից Արմավիրի մարզի Հայթաղ համայնքի ամբուլատորիայի տնօրեն Շուշանիկ Թովմասյանը երկու հիմնական խնդիր բարձրացրեց՝ գրասենյակների ֆինանսական եւ ընտանեկան բժիշկներին տրված սպասարկման ծառայություններին վերաբերող. «Մենք այսօր ֆինանսական կրախի առջեւ ենք կանգնած։ Եվ եթե, ըստ նոր որոշման, յուրաքանչյուր աշխատողի համար կենսաթոշակային ֆոնդին 5 հազարական դրամ մուծենք, մեր աշխատավարձի ֆոնդից շատ ավելի մեծ կլինեն կենսաթոշակային ֆոնդի մուծումները»։ Իսկ ինչ վերաբերում է բժիշկներին տրված սպասարկման լիազորությունների շրջանակին. «Ես կցանկանայի, որ քննարկվեր այս հարցը՝ ավելի մոտիկ ընտանեկան բժշկին տալ նորմալ ընթացող հղիության վարման հնարավորությունը։ Որովհետեւ շատ դեպքերում առավել հեռու վայրում աշխատող մանկաբարձ-գինեկոլոգը չի կարող առավել օբյեկտիվորեն իրավիճակին ծանոթանալ եւ աշխատել, քան տեղում աշխատող ընտանեկան բժիշկը։ Այսօր կան մինիմալ լաբորատոր ախտորոշման հնարավորությունները, ուրեմն թողնենք որպեսզի աշխատեն եւ մեծացնենք ընտանեկան բժիշկների պատասխանատվությունը»։ Այս հարցերի շուրջ պարզաբանումներ տալով, ՀՀ առողջապահության փոխնախարար Թաթուլ Հակոբյանը եւ նախարարության ներկայացուցիչ Ռուզաննա Յուզբաշյանը, ըստ էության, ֆինանսական խնդիրներն իրենց համակարգից տեղափոխեցին տեղական ինքնակառավարման մարմինների վրա. «Ամեն իրեն հարգող համայնք եւ համայնքապետ պետք է իր համայնքի առողջապահական խնդիրները հոգա»։ Այնուհետեւ հարցը դիտարկելով ինքնուրույնության հարթությունում, տիկին Յուզբաշյանը կարծիք հայտնեց, թե յուրաքանչյուր տնտեսավարող սուբյեկտ իր ուժերով պետք է իր հարցերը լուծի։ Իսկ սպասարկումների ոլորտը ժամանակի ընթացքում կլայնացվի, իհարկե, համապատասխան որակավորումների արդյունքում։ Ն. ԳՐԻԳՈՐՅԱՆ