Լրահոս
Օրվա լրահոսը

Փրկենք մեր պատիվը

Նոյեմբեր 16,2002 00:00

Փրկենք մեր պատիվը Երբ հայտնի դարձավ, որ Երեւանի նորակառույց Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հարեւանությամբ տեղադրվելու է հայ ժողովրդի մեծանուն զավակ, Զորավար Անդրանիկին նվիրված հուշարձան, այդ լուրը, համոզված ենք, բոլորի կողմից ընդունվեց ուրախությամբ եւ գոհունակությամբ։ Ուրախալի էր նաեւ այն, որ հուշարձանի հեղինակներն էին շնորհաշատ արվեստագետներ՝ քանդակագործ Արա Շիրազը եւ ճարտարապետ Ասլան Մխիթարյանը, որ նրանք ի զորու են լինելու կերտելու մի այնպիսի կոթող, որն, ի հակակշիռ մինչ այդ Երեւանի Հարավ172արեւմտյան թաղամասում տեղադրված Զորավար Անդրանիկի անհաջող արձանի, արժանի էր լինելու մեծ հայորդու հիշատակին։ Այդպես էլ եղավ, եւ սպասելիքները իրականություն դարձան։ Հուշարձանի նախագիծը եւ մանրակերտը, հետագայում նաեւ քանդակագործական աշխատանքների ընթացքը, իսկ այժմ պատվանդանի շինարարությունը՝ ասածի ապացույցն են։ Բոլորի հետ ուրախ էինք նաեւ մենք։ Սակայն, երբ մի քանի օր առաջ, հերթական անգամ եղանք հուշարձանի շինարարությունում, սրտներս ալեկոծվեց վիրավորանքից, վիրավորանքից, որը հասցված է Զորավար Անդրանիկին, ու մեր ողջ ժողովրդին։ Ահա թե ինչու։ Հուշարձանի կիսակառույց պատվանդանի վրա փորագրված է, որ այն կառուցված է Վահրամ Շիրինյանի փողերով՝ ի հիշատակ իր սիրելի կնոջ։ Այսինքն ի՞նչ։ Մի՞թե Զորավար Անդրանիկը, որը մշտապես եղել է ժողովրդի հարգանքի եւ հիացմունքի կիզակետում, արժանի չէ հուշարձանի, որը կառուցված լինի ամբողջ ժողովրդի կողմից եւ պետք է ունենա այն, շնորհիվ միայն այն բանի, որ ինչ172որ մեկը, ով ուզում է լինի, Անդրանիկի հուշարձանի միջոցով աշխարհին տեղյակ է պահում հանգուցյալ կնոջ հիշատակը հավերժացնելու իր հնարավորության մասին։ Այս ու՞ր ենք հասել։ Մի՞թե, ապավինելով «շուկայական հարաբերություններին», մեր մեջ ամեն ինչ վեր է ածվել բազարի եւ արդեն կարելի է հենց այնպես, ձեռի հետ, ինչ ուզես առնել ու ծախել, նույնիսկ ազգային արժանապատվությունը։ Այդտեղից մի քանի մետր հեռու կանգն եցված է Ալեքսանդր Գրիբոյեդովի արձանը, որի պատվանդանին գրված է. «Ալեքսանդր Գրիբոյեդովին՝ երախտագետ հայ ժողովրդից»։ Հիրավի իմաստալից խոսքեր, որոնցով ընտրվել է հարգանքի արտահայտման լավագույն ձեւը։ Այդ առումով ի՞նչ պետք է գրվի Անդրանիկի հուշարձանին, որն իր կյանքով, իր քաջագործություններով այնքա՜ն բան է արել իր ժողովրդի համար։ Համենայնդեպս, ոչ այն, ինչ գրված է։ Չգիտենք՝ որքան գումար է հատկացրել բարերարը։ Ինչքան էլ որ լինի, ժողովուրդը իր պատիվը փրկելու, իր ազգային հերոսին մեծարելու այդ անարժան ձեւը, այդ խայտառակ երեւույթը վերացնելու համար պարտավոր է այդ գումարը վերադարձնել պարոն Շիրինյանին եւ թող պարոն Շիրինյանը իրեն վերադարձրած գումարով ավելի ճիշտ ձեւ գտնի իր կնոջ հիշատակը հավերժացնելու համար։ Ժողովուրդը պետք է իմանա այդ գումարի չափը, որը եթե բաժանվի թեկուզ միայն հայաստանաբնակ հայրենակիցներին, համոզված ենք, որ այն, յուրաքանչյուրի հաշվով, մի քանի տասնյակ դրամից ավելի չի լինելու։ Ավելի քան համոզված ենք, որ այդ գումարը կհավաքվի, այն էլ շատ կարճ ժամանակում։ ՄԱՐԱՏ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ Երկրահանքաբանական գիտությունների թեկնածու ՌՈԲԵՐՏ ՄԻՐԶՈՅԱՆՀայաստանի Պետական մրցանակի դափնեկիր

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել