ԻՄ ՍՏԻՄՈՒԼԸ ԳԵՂԵՑԻԿ ՍԵՌՆ Է «Կյանքը թատրոն է»,- ասել է մեծն Շեքսպիրը: Իսկ թատրոնը ապրում է իր կյանքով, դերասանները հաճախ դաժան խաղեր են խաղում, որոնք ոչ մի կապ չունեն արվեստի հետ: Շատերը խաղում են առանց խաղի կանոնները պահպանելու: Բայց դերասան Մուրադ Ջանիբեկյանը գերադասում է չենթարկվել ընդհանուր անկանոն կանոններին: – Վերջին շրջանում որոշ մեծ հեղինակություններ մամուլի էջերից պնդում են, որ ձեր թատրոնում գլխավոր եւ ընդհանրապես դեր ստանալու միակ ճանապարհը…8230 – Պարզ է, կարող եք չշարունակել, շեշտեմ, որ ես սիրում եմ խոսել միայն իմ անունից: Երբ ասում են դեր ստանալու մասին, ոմանց մտքով չի անցնում, որ բացի իրենց հատուկ «զոռբայությունից», որի շնորհիվ են ստացել դերեր, կոչումներ եւ պաշտոններ, գոյություն ունի իրապես տաղանդ եւ աշխատանք, որին վստահում են ու դերեր շնորհում: Որով ոչ թե երկու կամ երեք ներկայացում ես մի կերպ պահում, այլ շարունակ, որ թատրոնում էլ լինես՝ անշլագի հանդիսատես ես բերում: Երբ անքուն գիշերներ եմ անցկացրել, երբ անասելի քրտինք թափելով, տքնելով ստեղծել եմ ամեն մի դերը, երբ մինչեւ առավոտ այնքան եմ փորձել, որ մեջս ուժ չէր մնում տուն հասնելու, երբ տարիներ շարունակ ինձ վստահել են տասնյակ դերեր, նաեւ Ռուսաստանի ֆիլմերում, երբ երկու անգամ «տարվա լավագույն դերասան» բարձր կոչմանն եմ արժանացել, մեծ հեղինակությունները, չգիտես ինչու, լռում էին: Ես ունեմ իմ հանդիսատեսը, իմ երկրպագուները, որոնք իրապես սպասում են ինքնագիր վերցնելու: – Այդ դեպքում ինչո՞վ եք բացատրում չդադարող ելույթները մեռած թատրոնի, դատարկ դահլիճները, դերասանների բացակայությունը։ – Արվեստում պարապությունը Յագոներ է ծնում: Դոն Քիշոտի պես կռիվ ես տալիս բեմում եւ ոչ թե շինծու, այլ անկեղծ «բռավո» վաստակում ու ոչ միայն հայրենի, այլ նաեւ արտասահմանյան բեմահարթակներում: Օտար ազգը փառաբանում է քո խաղը, իսկ քո կոլեգաները հաճախ փնովում, որովհետեւ իրենց ասելիքը վաղուց վերջացել է, զբաղված են ինքնախաբեությամբ, իսկ իրենց առողջ օրգաններից մնացել է միայն չարախոս լեզուն։ Ավելին, հանճարներին կենդանի խարանելով, թատրոն բերելու փոխարեն թատրոնից տանելով լեգենդ չեն դառնում եւ ոչ էլ անցյալի ֆիլմերով, որոնցից շատերը հանդիսատեսը սիրում է ոչ թե բարձր գեղարվեստական արժանիքների համար, այլ որովհետեւ մերն են: Իսկ մարդիկ շարունակում են հիանալ իրենք իրենցով եւ շուրջը էլ ոչ մի լավ բան չեն տեսնում: Այդպես է եղել բոլոր ժամանակներում, երբ տարիների հետ ավարտվում ես որպես ստեղծագործող եւ գալիս է ասպարեզից հեռանալու պահը, ամեն մեկը չէ, որ կարողանում է արժանավայել հեռանալ բեմից: Գերադասում են առաջնորդվել «ինձնից հետո՝ ջրհեղեղ» սկզբունքով։ Ուժեղ մարդու աչքին ծիծաղելի է նման վարքագիծը՝ ի վերջո չմոռանանք, որ թեկուզ շատ անբարենպաստ պայմաններում, բայց ժամանակը, միեւնույն է, մերն է: Որպեսզի իրոք կարողանաս գնահատել եկող սերունդը, պետք է իսկապես մեծ արվեստագետ լինես: Ինչպես Փափազյանը եւ Հրաչյան, որոնցից պետք է սովորել եւ չկրկնել մեզ նախորդող սերնդի սխալները: – Իսկ ինչպե՞ս եք վերաբերում ձեր թատրոնի տղամարդ դերասանների շուրջ պտտվող խոսակցություններին առ այն, որ… – Ես դրան ընդհանրապես չեմ վերաբերում: Իմ իմացածը այդ հասկացողության մասին եզրափակվում է Աստվածաշնչով, որտեղ դա անիծված է: Միշտ կյանքում երկու ստիմուլ եմ ունեցել՝ բեմը եւ գեղեցիկ սեռը: Փառք Աստծո, երկուսն էլ առ այսօր ինձ հետ են: Այնպես որ, մնամ Ձեզ միշտ անձնվեր՝ Մուրադ Ջանիբեկյան: Զրուցեց Ս. ՄՈՒՐԱԴՅԱՆԸ