Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՎՐԱԴԱՏԱՐԱՆՈՒՄ «Ա1+»-Ի

Նոյեմբեր 16,2002 00:00

ԵՎՐԱԴԱՏԱՐԱՆՈՒՄ «Ա1+»-Ի ՀԱՂԹԵԼՈՒ ՇԱՆՍԵՐԸ ՄԵԾ ԵՆ Վերջերս Երեւանում էր «Արտիկլ 19» միջազգային կազմակերպության իրավական ծրագրի ղեկավար Թոբի Մենդելը: Ներկայացնում ենք նրա հետ հարցազրույցը։ – «Ա1+» հեռուստաընկերության տնօրենի եւ փաստաբանի հետ քննարկել եք Եվրադատարանում հեռուստաընկերության գործը: Գործը շահելու համար կա՞ն բավարար իրավական հիմքեր: 172 Կարծում եմ, առնվազն 3 հիմք կա: Առաջինը՝ օրենքի հիման վրա ստեղծված հեռուստառադիոընկերության ազգային հանձնաժողովն անկախ չէ: Ակնհայտ է, որ օրենքը չի երաշխավորում հանձնաժողովի անկախությունն իշխանություններից, ինչը հակասում է միջազգային չափանիշներին, Եվրախորհրդի հանձնարարականներին: Երկրորդ հիմքն այն է, որ մրցույթում «Ա1+»-ի դեմ եղել է կողմնակալ վերաբերմունք: Իմ ստացած բոլոր տեղեկությունները սա են փաստում: Մրցույթի ցանկացած մասնակցի հանդեպ կողմնակալ վերաբերմունքն անօրինական է: Երրորդ փաստարկը բավականին հետաքրքիր է. «Ա1+»172ին զրկելով լիցենզիայից, փաստորեն, մարդկանց զրկել են կարեւոր ձայնից: Սա շատ հայտնի փաստարկ է եւ միայն «Ա1+»172ի դեպքի համար չէ: Մարդիկ պետք է բազմազան լրատվություն ստանալու հնարավորություն ունենան: Եթե այս փաստարկները ճիշտ ներկայացվեն Եվրադատարանում, գործը շահելու մեծ հնարավորություն եմ տեսնում: Եվրադատարանում ներկայացված փաստարկները պետք է տարբերվեն ազգային դատարաններում ներկայացվածներից: Վերջիններս հիմնվում են ազգային օրենսդրության վրա: Կարեւոր է, որ գործի հիմնական շեշտը դրվի մարդու իրավունքների խախտման փաստի վրա: – ՀՀ քրեական օրենսգրքի 131 եւ 132 հոդվածներով զրպարտության եւ վիրավորանքի համար նախատեսված է քրեական պատասխանատվություն։ Ինչպես նաեւ զրպարտության համար այլ պատժատեսակների հետ միասին նախատեսված է ազատազրկում: Սա բխու՞մ է խոսքի ազատության միջազգային չափանիշներից: 172 Այն երկիրը, որտեղ ազատազրկում են զրպարտության ու վիրավորանքի համար, ժողովրդավարական չի կարող համարվել: Քրեական զրպարտությունը դեմ է միջազգային չափանիշներին, ոչ մի երկիր չպետք է ունենա զրպարտության եւ վիրավորանքի համար քրեական պատասխանատվություն սահմանող դրույթներ: Եվրադատարանի կայացրած մի շարք որոշումները եւս հստակորեն սա են մատնանշում: Մենք բացարձակապես դեմ ենք ազատազրկմանը: Պատվի, արժանապատվության ոտնահարումը մասնավոր, քաղաքացիական գործողություն է: Եթե վիրավորում եմ ձեզ, եթե կեղտոտ կարծիք եմ հայտնում ձեր մասին, սա իմ եւ ձեր միջեւ խիստ մասնավոր հարց է: Դուք կարող եք փոխհատուցում պահանջել ինձնից: Այստեղ վտանգված չէ հասարակական շահը: Գիտեմ, որ Հայաստանում վերջին տարիներին զրպարտության համար չի կիրառվել ազատազրկում, բայց դա չի նշանակում՝ այն երբեւէ չի կիրառվի: – Օրենսգրքի հեղինակների հիմնական պատճառաբանությունն այն է, որ անհնար է հաշվարկել բարոյական վնասի չափը: Հետեւաբար քաղաքացիական կարգով գործի քննության արդյունքում հնարավոր չէ փոխհատուցել մարդու կրած բարոյական վնասը: 172 Խոսքի ազատության եւ մարդու պատվի, արժանապատվության պաշտպանության իրավունքները հավասարակշռելու համար ամենեւին քրեական պատասխանատվության անհրաժեշտություն չկա: Բոլոր այն երկրներում, որտեղ չի գործում քրեական պատասխանատվություն զրպարտության համար, բավարար չափով պաշտպանված են մարդկանց պատիվն ու արժանապատվությունը: Դուք պետք է կիրառեք նվազագույն խիստ պատիժներ: Մենք նախապատվությունը տալիս ենք հարցի նյութական լուծմանը: Փոխհատուցման չափը որոշելիս պետք է հաշվի առնել նաեւ տվյալ երկրի տնտեսական վիճակը: Չափը կարող է կախված լինել նաեւ պատասխանողի վարքագծից: Այսինքն՝ մարդուն զրպարտել կամ վիրավորել են դիտավորյա՞լ, թե՞ անզգուշորեն, անփութության հետեւանքով: Մի բան, սակայն, հստակ է. խոսքի ազատության իրավունքի երաշխիքը պետք է սահմանափակի փոխհատուցման չափը: – Դուք ծանոթ եք նաեւ Հայաստանի «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի նախագծին: Ի՞նչպես եք գնահատում այն: 172 Կարծում եմ՝ հաջողված նախագիծ է: Միայն մի քանի կարեւոր խնդիրներ կան, որոնք խորհուրդ կտայի անպայման հաշվի առնել: Նշեմ, որ ամենեւին պարտադիր չէ նման օրենք ունենալը, բայց այն լուրջ երաշխիք է մարդու տեղեկություն ստանալու իրավունքի պաշտպանության համար: Հայաստանի կառավարության համար դժվար կլինի շարունակ հրաժարվել նման օրենք ընդունելուց, քանի որ այսօր արդեն բազմաթիվ երկրներ ընդունել են «Տեղեկատվության ազատության մասին» օրենքներ։ ՇՈՒՇԱՆ ԴՈՅԴՈՅԱՆ www.hetq.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել