Լրահոս
Օրվա լրահոսը

«Որպես մարդ եւ քաղաքական գործիչ՝ բավարարված եմ»

Նոյեմբեր 16,2002 00:00

«Որպես մարդ եւ քաղաքական գործիչ՝ բավարարված եմ» Ասում է «Հեռանկար» ռազմավարական կենտրոնի նախագահ Արամ Կարապետյանը, որը ինքն իրեն պատկերացնում է ՀՀ նախագահի պաշտոնում։ -Մեր ներքաղաքական կյանքում ակնհայտ է լիդերների բացակայությունը եւ ստեղծվել է մի վիճակ, երբ ով ասես իրեն ՀՀ նախագահի թեկնածու է պատկերացնում եւ հայտարարում։ Ձեր դեպքում խոսում են ձեր կոմունիստական, դաշնակցական անցյալի մասին, եւ դուք էլ հանկարծ հայտնվեցիք ու ձեզ նախագահի թեկնածու առաջադրեցիք։ Ո՞րն է ձեր տարբերությունը մյուս թեկնածուներից։ – Այն, որ դաշնակցական անցյալ ունեմ եւ չեմ թաքցնում, բայց առաջին անգամ եմ լսում, որ կոմունիստական անցյալ ունեմ։ Այո, լիդերների պակաս կա ու դա էլ սովորական, նորմալ քաղաքական գործունեության ընթացք է։ Մի ժամանակ, հետխորհրդային շրջանում, կար խարիզմատիկ Լեւոն Տեր-Պետրոսյան, որը ժողովրդավարական որոշակի գործելակերպ քարոզելով խարիզմա դարձավ եւ ընտրվեց նախագահ, առաջին անգամ՝ բացահայտ մեծամասնությամբ։ 1996-ից հետո, այդ ժողովրդավարական սկզբունքները, որոնք պիտի բերեին բարեփոխումների, այնքան աղավաղվեցին, որ դարձան դաժանորեն քննադատելի։ Տնտեսության բնագավառում դա կախված էր նրանից, որ վայրի լիբերալիզմի սկզբունքները մտցրեցինք ոչ թե դանդաղ քայլելով, այլ միանգամից՝ բոլշեւիկյան սկզբունքի վրա՝ քանդենք-սարքենք։ Վերջիվերջո դա բերեց նրան, ինչին պիտի բերեր։ Անցավ այդ ընթացքը եւ եկավ՝ ինչպես Ռուսաստանում Չեռնոմիրդինի ընթացքը։ Այսինքն՝ չինովնիկական բեսպրեդելը։ Եկան մարդիկ, նստեցին իրենց տեղերում եւ սկսեցին ուղղակի փող աշխատել։ Քաղաքականության մեջ սկզբունքը դարձավ՝ ես ինձ, դու քեզ։ Որոշակի պայմանավորվածությունների հիման վրա գտան մի մարդու, որը համապատասխանում է էս համակարգին, դա Ռոբերտ Քոչարյանն է։ Սկսվել է մի նոր էտապ։ Արդեն պիտի գան նոր մարդիկ, որոնք պրագմատիկ քաղաքական գործիչներ են, որոնք կարողանում են համադրել մի քանի թվացյալ անհամադրելի խնդիրներ։ Դրանք են՝ ուժեղ պետությունը, որի հիմնական խնդիրը դառնում է օրենքի ապահովումը, օրենսդրական դաշտի գործնական կիրառումը։ Դրա հետ՝ ազատ շուկայական հարաբերություններ պետք է լինեն։ Միշտ ասում եմ, որ ազատ շուկայական հարաբերություններին 21-րդ դարում ալտերնատիվ չկա։ Պետությունը պետք է մասնակից լինի արդյունաբերական համակարգի կառուցմանը, ոչ թե ուղղակիորեն միջամտի, այլ ունենա ստրատեգիական ծրագրեր, այսպես՝ թե Հայաստանում ինչ տնտեսական, արդյունաբերական ձեռնարկություններ պետք է զարգացնել։ Այսինքն, ուժեղ պետություն, ազատ շուկայական հարաբերություններ, ազատ մամուլ, որովհետեւ մենք պիտի չվախենանք, թե մեր մասին ինչ են խոսում։ – Մի անգամ ասացիք, որ նախագահական ընտրարշավի մեկնարկից առաջ հնարավոր են անակնկալներ։ – Ես նկատի ունեի Լեւոն Տեր-Պետրոսյանի վերադարձը։ Ես նկատի ունեի այլ գործիչների առաջադրվելը, որը շուտով կտեսնեք։ Շատ անակնկալ դեպքեր կլինեն գրանցման ժամանակ, լուրջ խոչընդոտներ կլինեն որոշ թեկնածուների գրանցման պարագայում։ Եվ այդ անակնկալների արդյունքում բավական հետաքրքիր փաստեր, իրողություններ մեջտեղ կգան։ Այսինքն՝ մոտ 4 տարի ուշացումով ԱՊՀ երկրներին բնորոշ մնացած առաջադրումների, քննարկումների, քվեարկությունների փուլ, երբ այնտեղ արդեն չի գործում բիրտ ուժի լցնելու սկզբունքները, այլ գործում են կոմպրոմատը, սեւ PR-ը, ընտրակաշառքները։ – Ձեր մասին ասվում է եւ դուք էլ չեք հերքել, թե Ռուսաստանի կողմից աջակցություն ունեք։ – Ոչ մի լուրջ քաղաքական գործիչ երկրի ներսում լավ չի նայվում, եթե ուղղակիորեն որեւէ արտաքին աշխարհի գերտերություն լոբբինգ է անում նրա օգտին։ Հարցն այն է, արդյոք այս կամ այն թեկնածուն որեւէ գերքաղաքական ուժի կամ պետության համար ավելի ընդունելի՞ է, թե՞ ավելի ընդունելի չէ։ ԱՄՆ-ը եւ ՌԴ-ն այստեղ իրենց շահերն ունեն եւ պարզ է, որ նրանք էլ իրենց ընտրությունն են կատարում։ Ռուսաստանը իր գերքաղաքական շահերից ելնելով, քաջածանոթ է Արամ Կարապետյանի ծրագրերին եւ տեսակետներին, որը պատրաստություն է անցել իրենց դոկտորանտուրայում, նրան ավելի ընդունելի է համարում։ – Ռուսաստանում կամ այլ տեղ բիզնես, ասացիք, չունեք։ Որտեղի՞ց ձեր քարոզչության միջոցները։ – Քարոզչության միջոցներ Հայաստանում շատ ավելի քիչ է պետք, քան Ռուսաստանի նահանգապետի ընտրությունների համար։ Դրանք այն փողերը չեն։ Ֆինանսական միջոցներիս հարցը հետեւյալն է։ Մենք, եղբորս հետ, ժամանակին ունեցել ենք լավ բիզնես, որը կապված էր նաեւ արտերկրի որոշակի բիզնես-կառույցների հետ։ Ես բազում բանկերի խորհրդատու, տնօրենների խորհրդի անդամ եմ եղել։ Ռուսաստանում կա հայ գործարարների միջին խավ, որ երկակի կյանքով է ապրում՝ ոչ Ռուսաստանում է, ոչ էլ Հայաստանում։ Երբ տեսնում են այն բոլոր այլանդակությունները, որ կատարում են Ռուսաստանում «սափրած գլուխները» եւ այլն, իրենք մտածում են ամբողջովին Հայաստան տեղափոխվել կամ բիզնեսի մի մասը տեղափոխել։ Այդ մարդկանց մի ստվար զանգված օգնում է ինձ մինչեւ նախագահական ընտրությունների թեկնածության սկիզբը։ – Հնարավո՞ր է, որ մինչեւ վերջ չգնաք, այլ ընտրարշավի կեսից ուրիշ թեկնածուի միանաք՝ ձեր PR-ը ապահովելով հետագայի համար կամ քաղաքական դաշտում ինչ-որ տեղ, պաշտոն զբաղեցնելու համար։ – Բոլոր այն մարդիկ, ովքեր ծանոթ են իմ կյանքին, իմ հնարավորություններին Մոսկվայում, տեսել են իմ ընտանիքը, բնակարանները եւ այլն, շատ մեծ զարմանքով են վերաբերվում այն ամենին, ինչ ես հիմա անում եմ։ Այսինքն՝ որպես մարդու, այն, ինչ տալիս է նախագահական աթոռը՝ մեքենաներ, թիկնապահներ եւ այլն, ես դա շատ վաղուց եմ ունեցել։ Ռուսաստանի դաշտում քաղաքական մակարդակի վրա ունեմ իմ յուրովի խոսքը, որը ընդունվում է մինչեւ վերին մակարդակներ։ Որպես մարդ եւ քաղաքական գործիչ, ես շատ բավարարված եմ եւ պարզապես պաշտոն գրավելու ակնկալիքներ չունեմ։ Չի կարող հայաստանցի, երեւանցի, ծագումով մշեցի հայ մարդը նստի-տեսնի՝ ինչպես է այս ամենը կործանվում։ Դրսում եղած մարդը շատ ավելի լավ է զգում, թե ինչն է վատ, որովհետեւ նա է բոմժի կամ գնչուի կարգավիճակում։ Ներսում ապրելն է դժվար։ Եթե ես որոշեցի դնել իմ թեկնածությունը, ապա կգնամ մինչեւ վերջ։ Ես այս համակարգում նշանակովի ոչ մի պաշտոն չեմ զբաղեցնելու։ Երկրորդ փուլը ցույց կտա՝ ովքեր կանցնեն, այդ դեպքում կորոշեմ՝ պաշտպանե՞մ որեւէ թեկնածուի, թե՞ ոչ։ ՍԱԹԻԿ ՍԵՅՐԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել