Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՐԱՆՑԻՆ ԴԻՄԱՑԻՆԻՆ ՀԱՐՅՈՒՐ ՆԻՇ Է ՏԱԼԻՍ

Նոյեմբեր 16,2002 00:00

ԻՐԱՆՑԻՆ ԴԻՄԱՑԻՆԻՆ ՀԱՐՅՈՒՐ ՆԻՇ Է ՏԱԼԻՍ Կամ մենք իրար հետ կապված ենք սրտերով Իրանում ազգային մշակույթը, ավանդույթները, ընտանիքը դասում են առաջին շարքում։ «Դա Իրանի 4000172ամյա պատմության արգասիքն է։ Մեր ընտանեկան հարաբերություններում դա համարում ենք դաստիարակության հիմնական գործոնը։ Կարող եմ ասել, որ մեր մշակույթի իսկական արմատները մենք սկսում ենք ընտանիքից։ Չեմ կարծում, որ մարդը կարող է իր ինքնությունը գտնել իր պատմությունից, իր արմատներից դուրս։ Կարող եմ ասել, որ իրանցիներն ավելի շատ ավանդապահ են եւ դա գալիս է ավելի շատ արեւելյան արմատներից։ Իհարկե, արեւմուտքը եւս ունի իր հասկացությունը, սակայն, իմ կարծիքով, մոդեռնիզմը չի կարելի ներկայացնել իբրեւ քաղաքակրթություն։ Քաղաքակրթությունը մի բան է, մոդեռնիզմը՝ մեկ այլ։ Մեր ընտանիքում փորձում ենք երկու սկզբունքներն էլ պահպանել։ Մարդկային նվաճումների ձեռքբերումներում մեզ չենք դատապարտում ընտրել մեկ ծաղիկ»։ Թերեւս պատահական չէ, որ Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Մոհհամադ Ֆարհադ Քոլեյնիի հետ մեր զրույցը սկսվեց հենց ընտանիքի մասին մտորումներից։ Մոհհամադ Ֆարհադ Քոլեյնին ծնվել է Իրանի Շիրազ քաղաքում։ Քոլեյնիների ընտանիքը զբաղված է եղել մասնավոր սեկտորում։ Մոհհամադ Քոլեյնին ընտանիքի 5172րդ զավակն է, ունի մեկ քույր եւ 4 եղբայր։ Ներկայումս մոտ 42 տարեկան է։ Թե ինչպիսի սովորույթ է պահպանվում իրանցիների մոտ՝ ծանոթանալիս, պարոն Քոլեյնին փոքր172ինչ դժվարացավ առանձնացնել, նշելով, որ հեշտ չէ խոսել իրանական մշակույթի մասին։ «Իրանցիները տաքարյուն են եւ երբ նոր մարդու հետ են ծանոթանում, ելնելով իրենց հյուրընկալման էությունից, շատ բաց են մոտենում։ Եվ ելնելով իրենց պատմական ու կրոնական անցյալից, դիմացինին 100 նիշ են տալիս եւ թողնում են, որ դիմացինն ինքը իր նիշերն իջեցնի»։ Մեր զրույցի ողջ ընթացքում Իրանի դեսպանը մեծ ոգեւորությամբ ու հարգանքով էր խոսում Իրանի մշակույթի, պատմության եւ քաղաքակրթության մասին, իր խոսքը համեմելով գեղարվեստական ասույթներով ու կոնկրետ օրինակներ բերելով հայրենի մշակույթից։ «Ունենալով մշակութային հարուստ կապիտալ, իրանցիները կարողանում են այլ մշակույթների հետ փոխլրացնել միմյանց՝ ե՛ւ տալ, ե՛ւ վերցնել այլ մշակույթից։ Միգուցե արեւմտյան մշակույթում լեզուն էական նշանակություն ունի, բայց եվրասիական մեր միջավայրում, որտեղ մենք ենք ապրում, աչքի գործոնը ավելի մեծ դեր ունի։ Դա պայմանավորված է մեր ներաշխարհով, մենք սրտերով ենք կապված միմյանց։ Երբ իրանցիները փորձում են դիմացինին ուսումնասիրել, չեն դատում իրենց մտածելակերպով։ Պարսկական բանաստեղծության մի տող կա, որն ասում է. «Նայիր ինձ, նայիր ինձ իմ աչքերով»։ Մեկ սիրտ եւ մեկ կին կամ իմ կինը իմ ուսուցիչն է 172 Դիվանագիտական առաքելությունների ժամանակ Ձեր կինը, ընտանիքը ուղեկցո՞ւմ են Ձեզ։ 172 Այո։ կինս ոչ միայն դիվանագիտական առաքելությունների ժամանակ է ուղեկցում, այլ ամբողջ կյանքում է ինձ հետ։ Քանզի մենք՝ իրանցիներս, գտնում ենք, որ ունենք «մեկ սիրտ եւ մեկ կին»։ Ներընտանեկան սերը եւ փոխադարձ համակրանքը բերում են նրան, որ ընտանիքի ամրությունը, այլ երկրների համեմատ, շատ մեծ է։ Կինս կյանքիս ողջ ընթացքում՝ շատ վայրիվերումների ժամանակ եղել է իմ կողքին։ Իմ աշխատանքային բազում ճնշումները հաշվի առնելով, հիմնարար եւ ընդհանուր խորհուրդներով, կարող եմ ասել, որ կինս շատ տեղերում եղել է եւ կա իմ ուսուցիչը։ Եվ ես հպարտանում եմ դրանով։ Միգուցե այս հանգամանքի ընկալումը ԱՊՀ շրջանակներում մի քիչ դժվար լինի, սակայն Իրանում, պատմության եւ երկրի առումով, կնոջ գործոնը միշտ հիմնարար դեր է կատարել։ Եվ երեւի ամենակարեւոր գործոնը իրանցի մարդու համար հարգելի եւ հեղինակավոր ընտանիք ունենալն է։ Կարող եմ ասել, որ սերն է տիրում մեզ եւ մենք այդ սիրո զավակներն ենք։ 172 Դուք այնքան բարձր եւ հարգանքով ներկայացրիք կնոջ դերը, որ ես նույնիսկ մտածում եմ՝ արժե՞ արդյոք տալ հաջորդ հարցը։ Այդուհանդերձ, գուցե եւ սխալվում եմ, բայց, իմ կարծիքով, Իրանում կանանց ավելի համեստ եւ պասիվ դեր է վերապահված։ Ո՞վ է Ձեր կինը մասնագիտությամբ եւ դիվանագիտական առաքելությունների ժամանակ սովորաբար իրանցի դեսպանների կանանց ի՞նչ դեր է վերապահվում։ 172 Կարծում եմ, սխալ քարոզչական նստվածքներն են նման մտայնության տեղիք տվել։ Իմ կինն ունի բարձրագույն կրթություն, ունի ճանապարհաշինարարի մասնագիտություն։ Միաժամանակ, ավարտել է բուհ՝ իսպաներեն լեզվի մասնագիտությամբ։ Այժմ կինս Երեւանի Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի իսպաներեն լեզվի հրավիրյալ դասախոս է։ Նա միաժամանակ ակտիվ մասնակցություն ունի հասարակական կյանքում։ Դիվանագետների կանանց ակումբի անդամ է եւ Նանի Օսկանյանի հետ ունի ջերմ հարաբերություններ։ Մինչ այժմ իրականացրել են մի շարք բարեգործական եւ մշակութային ձեռնարկներ։ Վերջերս «Արմենիա» հյուրանոցում կազմակերպվել էր մի միջոցառում, որտեղ օտարերկրյա կանանց ներկայացրել է իրանական ճաշատեսակներ։ Կնոջս հասարակական գործունեության վերաբերյալ բազմաթիվ օրինակներ կան, ես պարզապես չգիտեմ որ մեկը թվարկեմ։ Հավանաբար իրանցի կանանց այդ հագուկապից ելնելով եք նրանց դերը պասիվ գնահատում։ Բայց այդպես չէ։ Մենք հավատացյալ, կրոնական մարդիկ ենք, ապրում ենք մի կրոնական պետության մեջ, ունենք կրոնական հավատալիքներ եւ գտնում ենք, որ պետք է լինենք մեր մարգարեների ավանդներին հավատարիմ։ Չէ՞ որ երբ հայ կանայք եկեղեցի են մտնում, գլխաշոր են գցում։ Ընդհանրապես, մեր քաղաքակրթության գործակիցներից մեկը կինն է եղել։ Երբ իսլամի մարգարե Մուհամմեդը ներկայացավ իբրեւ մարգարե, խիստ պայքարեց այն իրողության դեմ, որ այն ժամանակ արաբները չէին ցանկանում աղջիկ զավակ ունենալ։ Իրանում, որտեղ մենք արիացիներ ենք եւ մուսուլմաններ ենք, այդպես չէ։ Եվ ապացույցը՝ ես 3 աղջիկ ունեմ։ Յուրաքանչյուրին ավելի եմ սիրում, քան մյուսին։ Երբեմն նրանք հարց են տալիս՝ ի՞նձ ես սիրում, թե մյուսին։ Ես պատասխանում եմ՝ կարո՞ղ եմ ասել, ա՞յս աչքս եմ շատ սիրում, թե՞ մյուսը։ – Լսելով Ձեզ, հասկացա, որ դուք հրաշալի տիրապետում եք գեղարվեստական խոսքին: Հետաքրքիր է՝ բոլո՞ր իրանցիներն են այդպիսին, թե՞ դա Ձեր առանձնահատուկ շնորհն է: – Չեմ կարող 60 միլիոնի փոխարեն պատասխանել, քանզի կարծում եմ, որ Աստված ամեն մարդու թվով մարդ է ստեղծել, եւ յուրաքանչյուրի համար ստեղծել է իր պատկերին համապատասխան շնորհ: Ընդհանրապես իրանցիներն ունեն նուրբ հոգի, եւ մեր երկու ազգերը շատ նման են իրար: Եվ եթե հային հարցնես՝ ազգերի մեջ քեզ ում ես ավելի մոտ համարում, հայն իր ներսում անմիջապես կպատասխանի՝ իրանցուն: Մենք նման ենք եւ լեզվով, եւ մտածողությամբ, եւ հոգեվիճակով: Շատ մեծ սեր եւ համակրանք ունեմ գրականության եւ պոեզիայի նկատմամբ, եւ ուզում եմ ասել, որ այստեղ էլ իմ կինն է իմ ուսուցիչը, քանի որ նա շատ լավ է տիրապետում գրականությանը: Եթե մեկը քեզ լավություն արեց՝ մի մոռացիր, իսկ եթե վատություն՝ մոռացիր նրան Ֆարհադ Քոլեյնին երբեւէ չի ցանկացել դառնալ քաղաքական գործիչ, քանզի քաղաքական գործչի այն սկզբունքը, որ պրն Քոլեյնին սահմանել էր իր համար, համահունչ չէր իր էությանը: Սակայն ժամանակի ընթացքում նա հասկացել է, որ հավատալիքներով եւ լրջությամբ կարող է ստեղծել ինչ-որ խորհրդանիշ, որով կստեղծի միջոց բարեկամության համար: «Միգուցե գետը մեզ բերեց այստեղ: Չեմ կարող ասել, որ մենք անպայման նստած էինք նավի մեջ»: Հայերի հետ առաջին շփումը եղել է հեղափոխության տարիներին: Այդ ժամանակ նա դպրոցական է եղել: Իրենց դասարանի ավագը եղել է պարսկահայ՝ Մելիքյան ազգանունով: «Երբ առաջին անգամ նրա հետ ծանոթացա, նա շատ լավ մարդու տպավորություն թողեց, եւ երեւի դա դրական հետք թողեց իրանահայերի նկատմամբ իմ վերաբերմունքի վրա: Միասին էինք ֆուտբոլ խաղում: Ֆուտբոլի թիմում արդեն կապիտանը ես էի, իսկ նա սովորական խաղացող էր: Մի անգամ, երբ ֆուտբոլ էինք խաղում, նա ինձ չլսեց, ես էլ իրեն ասացի՝ այստեղ դասարան չի, եւ ավագն էլ դու չես, սա սպորտային դահլիճ է, եւ թիմի ավագն էլ ես եմ: Այս դեպքը եւս նպաստեց մեր ընկերության մերձեցմանն ու ամրապնդմանը: Ու չգիտեմ՝ հիմա ընկերս որտեղ է, բայց ուր էլ որ լինի, թող Աստված նրա հետ լինի»: Իրանի դեսպանն այն համոզմունքն ունի, որ մեր երկու ժողովուրդների ավանդույթներում ու սովորույթներում այնքան նմանություններ կան, որ ավելի հեշտ է թվարկել տարբերությունները: Օրինակ, հայերեն եւ պարսկերեն լեզուներում ավելի քան 2600 բառարմատ ընդհանուր է: «Այն ընդհանուր բառերը, որ կան երկու լեզուներում, եւ արտասանության, եւ իմաստի տեսանկյունից մոտ են միմյանց: Հենց այդ պատճառով իրանցին եւ հայը շատ արագ միմյանց հետ լեզու են գտնում: Եթե բառերը չկարողանան շատ արագ կապի մեջ լինել պահվածքի եւ մոտեցման հետ, հնարավոր չի լինի այդքան արագ կապ հաստատել: Պահվածքի եւ մոտեցման մեջ, իհարկե, կան տարբերություններ: Իրանը պատմության մեջ ունեցել է իր ընթացքը, սակայն Հայաստանը, գտնվելով կովկասյան միջավայրում, պատմության ընթացքում կրել է դրսի ազդեցություններ: Այդ ազդեցություններից շատերը կարող են եւ վատը չլինել, բայց կարեւորն այն է, թե Հայաստանը որքանով է այդ ազդեցությունները ներքաշել իր մեջ: Իրանցիներն իրենց մշակույթում ունեն դեֆորմացիայի կարողություն: Հայերն էլ ունեն նման ձիրք, եւ երեւի հենց այդ պատճառով հայը կարողանում է Ռուսաստանում, Իրանում, Արեւմուտքում գոյակցության մեջ մտնել տվյալ ժողովրդի հետ: Սակայն մի տարբերություն կա. երբ մի իրանահայ գնում է այլ պետություն, եթե անգամ փոխում է քաղաքացիությունը, նորից ասում է, որ ինքը պարսկահայ է»: Հաշվի առնելով Հայաստանի հզոր փորձառությունը, Իրանի դեսպանն այն համոզմունքն ունի, որ այլ գաղթօջախների հայերն իրենց սրտում պահում են միայն Արարատի պատկերը, եւ միայն պարսկահայերն են, որ իրենց սրտում եւ ուղեղում գրանցում են Հայաստանի յուրաքանչյուր փողոցը: «Մի յուրահատկություն եւս ունեն պարսկահայերը. դա տղամարդկության, տմարդի չլինելու գործոնն է, ինչպես նաեւ բարությունը չմոռանալու հատկությունը: Իրանում մենք այդ դասը փոխանցում ենք սերնդեսերունդ, որ եթե մեկը քեզ բարություն արեց, փորձիր չմոռանալ այն, սակայն եթե մեկը քեզ վատություն արեց՝ մոռացիր այն»: Պարոն Քոլեյնիի խոստովանությամբ՝ ինքը հայերիս շատ լավ է ճանաչում՝ քաջ ծանոթ է մեր պատմությանը, արվեստին, գրականությանը եւ մեր արագ նյարդայնանալուն: «Այսօր ողջ հայությունը փնտրտուքի մեջ է՝ մի մասը ճակատագիրն է որոնում, մյուսները՝ ազատության որոնման մեջ են, մեկ այլ մասը փորձում է պատմության ծալքերը գտնել, մի մասն էլ՝ իր առօրյա հոգսերը լուծել: Հայերը պետք է ավելի շուտ կարողանան գտնել հավասարակշռման հենման կետը: Իմ կարծիքով պետք չէ առասպելական վերլուծել, հայերի մտավոր կարողությունը շատ բարձր է, սակայն միշտ չէ, որ կարող ենք ասել, թե կյանքը համապատասխանում է երկու անգամ երկու հավասար է չորսի բանաձեւին: Տրամաբանությունը կյանքի մի մասն է: Մենք Իրանում այսպես ենք ասում. «Երկու գումարած երկու գումարած բարություն շատ ավելին է, քան չորսը»: Խոհանոցը պատրվակ է կնոջ հետ մի պահ ավելի լինելու համար Իրանի դեսպանը պարսկական խոհանոցից բացի չկարողացավ իր համար առանձնացնել որեւէ ազգային խոհանոց, ասելով թե, կերակուրներն ընտրում են այդ պահին, տրամադրությանը համապատասխան: «Թեպետ բուսակեր չեմ, բայց սովորաբար նախընտրում եմ բանջարեղենով պատրաստված կերակուրները, իսկ հայկական խոհանոցից՝ խաշլաման»: Պետք է խոստովանեմ, որ Մոհամմադ Ֆարհադ Քոլեյնին ինձ հաճելիորեն զարմացրեց: Իմ հաջորդ հարցին տրված նրա պատասխանը ոչ միայն պատասխան էր, այլ ավելի շուտ վերաբերմունքի արտահայտություն: Նա չցանկացավ մանրամասնել իր պատրաստած կերակուրներից որեւէ մեկի բաղադրատոմսը՝ նշելով. «Իհարկե ժամանակը ինձ միշտ չի բավարարում, բայց սիրում եմ օգնել կնոջս, քանզի մի պահ ավելի կլինեմ նրա հետ: Երեւի խոհանոցը պատրվակ է, որ նրա հետ լինեմ»: Խոհանոցում կնոջը աղցանների եւ փլավների սոուսների պատրաստմանը աջակցելուց բացի, իր հաշված ազատ ժամերին պարոն Քոլեյնին սիրում է զբաղվել ընթերցանությամբ, էլեկտրոնային միջոցներով տեղեկատվության ուսումնասիրությամբ, «սակայն գրքի բույրը երբեք չեմ փոխի այդ էլեկտրոնային միջոցների հետ»: Այս ամենին զուգահեռ, Մոհամմադ Քոլեյնին սիրում է իր ժամանակն անցկացնել ընտանիքի հետ, որի զրույցների նախընտրելի թեման գրականությունն է: Ի դեպ, պարոն Քոլեյնին քաջատեղյակ է համաշխարհային ողջ գրականությանը Սերվանտեսի «Դոն Քիշոտից» մինչեւ Շեքսպիրի ստեղծագործություններ ու Վիկտոր Հյուգոյի գրականություն, որը կարելի է համարել քաղաքական գրականություն: «Ծանոթ եմ ռուսական հարուստ գրականությանը՝ Պուշկինի ստեղծագործությունններից մինչեւ Չեխով, ինչպես նաեւ Էժեն Իոնեսկոյի թատերգությունները: Իրանական գրականությանն էլ կարծում եմ չարժե անդրադառնալ, այն մի այլ բան է: Հաֆեզ, Մոլլավի, Խայամ, Ֆիրդուսի, մինչեւ ժամանակակից իրանական գրողներ՝ Սոհրաբ Սեփեհրի, Սայուշ Քյասրային: Նրանք ժամանակակից հզոր բանաստեղծներ են, որոնք կարողացել են մտածողության եւ հոգու համակցությունը ներկայացնել: Իրանական գրականության մասին կարող եմ ասել, որ ընթերցողը չի գերվում բանաստեղծի մտածողության թակարդով, այլ ազատագրվում է»: Մոհամմադ Ֆարհադ Քոլեյնիի հետ կարելի է անվերջ զրուցել ամենատարբեր թեմաների ու հատկապես գրականության շուրջ: Սակայն թերթի էջի հնարավորություններն անսահմանափակ չեն եւ պետք է մեր զրույցը ինչ-որ կերպ ավարտենք: Մեր զրույցի մնացած թեմաների մասին՝ մի տողով: Կնոջ մեջ գնահատում է ազնվությունը, դժվարանում առանձնացնել տղամարդկային իր թուլությունը՝ դա եւս թողնելով կնոջը: Սիրած երաժիշտը Իրանի հայտնի երգիչ Էֆթե Խարին է, սիրած արտիստը՝ Չարլի Չապլինը: Սիրում է տարվա բոլոր եղանակները, նախընտրում է իրանական «սեքյան ջեփին» հյութը: Համոզված է, որ քաղաքական գործչի իդեալը գոնե մի հատիկ պետք է մոտ լինի Իմամ Խոմեյնիի միստիկային: Նախընտրում է ապրել եւ հանգստանալ միայն հարազատ Շիրազ քաղաքում: Զրուցեց ԼՈՒՍԻՆԵ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել