Լրահոս
Օրվա լրահոսը

Հանուն «լեգենդի»

Նոյեմբեր 16,2002 00:00

Հանուն «լեգենդի» Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում շարունակվող Մուրադ Բոջոլյանի դեմ հարուցված քրեական գործի դատաքննությունը երեկ սկսվեց ամբաստանյալի հարցաքննությամբ։ Նրա պաշտպան Հովհաննես Արսենյանը հետաձգեց հարցեր տալը, ընտրելով այսպիսի մարտավարություն. լսել մեղադրողների եւ դատավոր Մնաց Մարտիրոսյանի հարցաքննությունը, կողմնորոշվել, ապա կառուցել իր մարտավարությունը։ «Թող այն թյուր կարծիքը չառաջանա, որ պաշտպանական ինստիտուտը ապացույցները ոչնչացնելու նպատակ է հետապնդում՝ արդարացնելով մեղավոր անձին։ Համոզված եմ, որ թե՛ մեղադրող կողմը, թե՛ պաշտպանականը մի նպատակի են լծված. բացահայտել ճշմարտությունը»,- ասաց նա։ Մեղադրողների հարցերին Բոջոլյանը պատասխանեց ճիշտ այնպես, ինչպես իր դատաքննական ցուցմունքների ժամանակ։ Որոշ ցուցմունքներ պարզապես կրկնվեցին։ Հետաքրքիր էր, որ կապված Թուրքիա դիսկետ տեղափոխելու հետ, բացի իր համակուրսեցի, ԱԱՆ աշխատակցուհի Ռոզա Լուցկարյանի եւ Հասմիկ Ստեփանյանի անունները շոշափելուց (վերջինիս աշխատությունն էր դիսկետի վրա), երեկ Մ. Բոջոլյանը նշեց, որ համակուրսեցի Հասմիկենց բնակարանում եղել է նաեւ լրագրող Արփեն Մովսիսյանը։ Նա մի այսպիսի հետեւության հանգեց. «Հասմիկը եւ Արփենը օգտագործվել են իմ դեմ գործ հարուցելու համար, սակայն երբ քննիչից իմացա, որ մեր հեռախոսը գաղտնալսվում է բավական երկար տարիներ, հասկացա, որ սխալվել եմ, որ տվյալ դեպքում թյուրիմացության մեջ է ընկել հենց ԱԱՆ-ն։ Լսելով ինչ-որ դիսկետի մասին խոսակցություններ, նրանք հավանաբար մտածել են, որ երկար տարվող աշխատանքը կարող է արդյունքի բերել, որ դա կլինի իմ հանցանքն ապացուցող մի դիսկետ, որոշել են Բագրատաշենում ձերբակալել հանցանշանը ձեռքիս, սակայն տեղյակ չէին, որ մասնավոր խոսակցության ժամանակ Հասմիկը հրաժարվել էր»,- շարունակեց նա։ Ի դեպ, Մ. Բոջոլյանը (որին մեղադրողները ընդհանրապես «ամբաստանյալ» բառով չէին դիմում, հավանաբար վստահ չլինելով բառի օգտագործման մեջ) հայտնել էր դատարանին, որ ինքնախոստովանական ցուցմունքներ է տվել ապահովելու համար իր կնոջ եւ երեխաների անվտանգությունը։ Նա ասաց, որ ստեղծել է «լեգենդ»՝ օգտագործելով իրական անուններ եւ դեպքեր։ Հետեւեց հռետորական հարցը. «Ինչպիսի հիշողություն պետք է ունենամ, որ տարիուկես անց մանրամասն հիշեմ ոչ միայն ինձ տրված հարցերը, այլ նաեւ երկխոսությունները։ Նման հարց ինձ ոչ ոք չի տվել։ Նույնիսկ այդ լեգենդը սարքելիս, Երեւան քաղաքի հատակագծի պատմությունը ընդգրկելիս կտեսնեք, որ նշել եմ բոլորին հայտնի օբյեկտների անունները…»,- խիստ տարօրինակ ձեւով շարունակեց Բոջոլյանը։ Հավանաբար դա էր պատճառը, որ մեղադրողները հարցրին, թե արդյոք կա՞ն մանրամասներ, որոնք ճիշտ են ասվել։ Խոսելով անվտանգության երաշխիքների մասին, նախագահող Մ. Մարտիրոսյանը հարցրեց, թե արդյոք բռնություն, խոշտանգում, ծեծ կիրառվե՞լ է թարգմանչի նկատմամբ։ Պարզվեց, որ ինչպես ձերբակալման պահին, այնպես էլ դրանից հետո, ողջ նախաքննության ընթացքում նրա նկատմամբ ֆիզիկական որեւէ բռնություն չի կիրառվել, ավելին, Բոջոլյանը նկատեց, որ քննիչը կատարել է իր պարտքը «կոռեկտ եւ սրտաբաց»։ Նույնքան սրտաբաց երեկ դատաքննության ժամանակ մեղադրողները հեռահար հասկացրին, որ ձեռնպահ են մնում բազմաթիվ հարցերից, քանի որ կան չհրապարակված փաստաթղթեր եւ հակասություններ ամբաստանյալի՝ որպես էքս- կասկածյալի եւ որպես էքսմեղադրյալի ցուցմունքների միջեւ։ Այսինքն, չի բացառվում առաջիկա դռնփակ նիստը։ Նախագահողին հետաքրքրեց նաեւ հետեւյալ հարցը. «Ձեզ համար մի՞թե ակնհայտ չդարձավ, որ, վերջին հաշվով, ձեզ ձերբակալելու եւ օպերատիվ գործողություններ անելու գործում մասնակից են ազգային անվտանգության ստորաբաժանումները։ Հնարավոր չէ՞ր քննիչին ասել, որ դուք հետախույզ եք. եւ «լեգենդ» կոչվածը չշարունակել»։ Հետեւեց պատասխանը. «Նույնիսկ իմ բացվելուց հետո էլ ես վստահ չէի հարցը ճշտելու համար։ Բացի այդ, ես իմ խոստովանությամբ փորձում էի նրանց դրդել, որ նրանց հասկացնեի, որ ասելու բաներ ունեմ, դրա համար էլ խորացնում էի իմ ինքնազրպարտիչ ցուցմունքները, որպեսզի ուղիղ կապի մեջ մտնեի հետախուզական ծառայությունների հետ, ինչը տեղի չունեցավ»։ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել