Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԵԶ ՀԱՄԱՐ՝ ՓԱԿ, ՈՒՐԻՇՆԵՐԻ ՀԱՄԱՐ՝ ԲԱՑ

Նոյեմբեր 16,2002 00:00

ՄԵԶ ՀԱՄԱՐ՝ ՓԱԿ, ՈՒՐԻՇՆԵՐԻ ՀԱՄԱՐ՝ ԲԱՑ Քաղաքագետ Աղասի Ենոքյանը օրերս մասնակցում էր Ժնեւի Զինված ուժերի նկատմամբ դեմոկրատական վերահսկողության կենտրոնի կազմակերպած ԱՊՀ աշխատանքային հավաքին։ Կենտրոնը ստեղծվել է Շվեյցարիայի կառավարության աջակցությամբ, եւ հետագայում նրան են անդամակցել մի շարք երկրներ։ Պայմանավորվածություն կա, որ Հայաստանը նույնպես շուտով կանդամակցի այդ կազմակերպությանը։ Հավաքին մասնակցում էին անվտանգության վերահսկողության բնագավառի փորձագետներ ԱՊՀ տարբեր երկրներից։ Ռուսաստանի փորձագիտական կազմը, որ բավական ուժեղ էր, ներկայացված էր միջուկային սպառազինությունների բնագավառում Ամերիկայի հետ բանակցային թիմով։ Ա. Ենոքյանը նշեց, որ բավական ընդհանրություններ կային ԱՊՀ երկրների տարբեր խմբավորումների մեջ։ «Հայաստանն ուներ խիստ յուրահատուկ տեղ այս ամենի մեջ, որովհետեւ մի շարք պրոցեսներ, որ կենտրոնի կողմից առաջ են քաշվում, մի շարք լուծումներ, որ փորձ է արվում կարգավորել ընդունված մոդելներով, Հայաստանում կարծես չի բերում ցանկալի արդյունքի, անգամ հակառակ էֆեկտն է ստացվում։ Դա, իհարկե, կապված է Հայաստանի առանձնահատկությունների հետ այն առումով, որ Հայաստանում անկախության ձեռքբերումը կատարվել է պատերազմի ընթացքում եւ երկար ժամանակ մեզանում «հայրենասեր, զինվոր, երկրապահ» եւ, ասենք, «քաղաքական գործիչ» տերմինները ինչ-որ տեղ կարծես հոմանիշներ էին։ Եվ այս առումով Հայաստանում քաղաքականության մեջ մտան շատ զինվորականներ։ Մյուս կողմից, հայրենասիրական ջոկատները, զինվորականները, երկրապահները միաձուլվեցին պրոֆեսիոնալ բանակի հետ, որը լղոզեց զինվորական-ոչ զինվորական դաշտը։ Մեզանում, օրինակ, մի շարք ստորաբաժանումներ մի նախարարությունից մյուսն էին տեղափոխվում, մասնավորապես՝ Ազգային անվտանգությունից ներքին գործերի նախարարություն, ՆԳՆ-ից՝ բանակ… Անվտանգության տարբեր կառույցների միջեւ այդ հստակ տարանջատումն էլ չէր երեւում մեզանում»,- ասաց Ա. Ենոքյանը։ Հավաքում ընդհանուր կարգավորման որոշակի մեխանիզմներ էին քննարկվում, ինչպես՝ ԱՊՀ-ի երկրներում վերահսկողության համար ընդունված օրինակելի փաստաթղթեր կան, որոնց մասին տեղյակ են նաեւ ՀՀ ԱԺ-ում, սակայն չեն շտապում այդ փաստաթղթերը ընդունել։ Ա. Ենոքյանը նկատեց, որ նույն կերպ ընդհանուր մոտեցում է բյուջեի վերահսկողության նկատմամբ մեխանիզմների մշակումը։ «Հայաստանում դա չափազանց ցածր մակարդակում է։ Հայտնի է, որ պաշտպանության կամ ՆԳՆ բյուջեն մեզանում մտնում է ԱԺ ընդամենը մեկ տողով եւ մենք չենք տեսնում ինչպիսի ներքին դասակարգումներ կան։ Հայտնի է, որ այդ բյուջեով չի որոշվում պաշտպանության նախարարության ծախսերը։ Օրինակ, հայտնի է, որ վերջերս էներգետիկայի նախարարությունից մի քանի հազար տոննա գունավոր մետաղ տեղափոխվեց ՊՆ, որը ըստ էության զգալիորեն ֆոնդ էր։ Սակայն սա չհաստատվեց ԱԺ-ի կողմից։ Այս մեխանիզմները մեզանում չեն գործում։ Շատ ընդունված մոտեցում կա, որպեսզի անվտանգության երեք նախարարները լինեն քաղաքացիական անձնավորություն։ Սակայն, երբ մեզ մոտ քաղաքացիական անձնավորություններ են լինում, այդ դեպքում տվյալ նախարարություններն ավելի վտանգավոր են դառնում, որովհետեւ քաղաքացիական անձնավորությունները սովորաբար քաղաքական գործիչներ են, իսկ վերջիններս, մեզանում ընդունված կարգի համաձայն, իրենց թույլ են տալիս չենթարկվել երկրի ընդհանուր սահմանադրությանը եւ օրենքներին։ Նրանք փորձում են իրենց անձնական քաղաքական խաղերը խաղալ եւ այդ խաղերում օգտագործել իրենց վստահված զորքերը։ Եվ հակառակը. երբ մեզ մոտ կադրային զինվորականներ կամ ոստիկաններ են կանգնում նախարարությունների գլխին, մենք հասկանում ենք, որ սրանք որեւէ քաղաքական ամբիցիա չունեն եւ հստակորեն ենթարկվում են ՀՀ նախագահին եւ սահմանադրական բոլոր մեխանիզմներին»,- մեկնաբանում է Ա. Ենոքյանը։ Քաղաքագետի կարծիքով, Վրաստանի հետ համեմատությամբ, ուր այս խնդիրները բարձր մակարդակով քննարկվում են, մեզանում այս ուղղությամբ աշխատանքներ չեն տարվում։ Եվ տեղեկատվությունը բավականաչափ բաց է։ Օրինակ, մեզանում բանակի թվակազմը եւ սպառազինությունը գաղտնիք են համարվում։ Ա. Ենոքյանը, ի հակադրություն այս երեւույթի, նկատեց, որ դա կարգավորվում է միջազգային պայմանագրերով եւ դրանով էլ որոշվում է մեր բանակի կազմը։ Այսինքն՝ մեր բանակի մասին ինֆորմացիան մեզ համար փակ է, իսկ միջազգային կազմակերպությունների համար՝ բաց։ Զինված ուժերի նկատմամբ դեմոկրատական վերահսկողության կենտրոնի կազմակերպած ԱՊՀ աշխատանքային հավաքում քննարկվել են նաեւ այս բնագավառում ընդունված օրենքները։ Ա. Ենոքյանը օրենքները բաժանում է՝ մինչեւ 2000 թիվը ընդունված օրենքներ եւ 2001-2002թթ. օրենքներ։ «Սկզբնական շրջանում ընդունված օրենքները բավականաչափ լղոզված եւ հեղհեղուկ օրենքներ են եւ, իմ կարծիքով, դրանք պարզապես հապշտապ ընդունված օրենքներ են, որոնք նպատակ ունեին ինչ-որ կերպ կարգավորել նոր ստեղծվող բանակային հարաբերությունները։ Իսկ վերջին շրջանի՝ 2001- 2002թթ. օրենքները, խիստ հստակ եւ լավ սահմանված են, սակայն այդ օրենքների ընդունմամբ մեզանում իրավիճակը չշտկվեց։ Միջազգային փորձագետները համաձայն են, որ մեզ նման անցումային շրջանում գտնվող երկրներում այս բնագավառում անհրաժեշտ է երկու էտապանոց փոփոխություն։ Առաջինը՝ համապատասխան օրենսդրական դաշտի ընդունումն է, երկրորդը՝ այդ դաշտի կիրառման պրոբլեմն է, որը կապված է ընդհանուր դեմոկրատական թույլ պետություն լինելու պրոբլեմի հետ։ Նրանք, սակայն, գիտակցում են, որ այս բնագավառում զարգացումները կարող են նպաստել երկրի դեմոկրատացմանը»,- ասաց հավաքին մասնակից քաղաքագետ Ա. Ենոքյանը։ Եվ ամենահետաքրքիրն այն է, որ միջազգային փորձագետների կարծիքով, եթե ընդունում ենք, որ կոնֆլիկտի մեջ գտնվող երկիրը իրավունք չունի թույլ տալ, որ զինվորականների նկատմամբ լինի քաղաքացիական վերահսկողություն, ապա այդ զինվորականները հնարավորինս կձգտեն ձգձգել կոնֆլիկտը, որպեսզի իրենք լինեն անվերահսկելի։ ՍԱԹԻԿ ՍԵՅՐԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել