Լրահոս
Օրվա լրահոսը

ԶԼՄ-ՆԵՐՆ ԱՅՍ ԱՆԳԱՄ ԼԻՈՎԻՆ ՀԱՄԵՐԱՇԽ ԵՆ

Նոյեմբեր 16,2002 00:00

ԶԼՄ-ՆԵՐՆ ԱՅՍ ԱՆԳԱՄ ԼԻՈՎԻՆ ՀԱՄԵՐԱՇԽ ԵՆ Երեկ ՄԵԴԻԱՄԱՔՍ լրատվական գործակալությունը վճռականորեն դատապարտել է նոյեմբերի 14-ի երեւանյան թերթերից մեկի հրապարակումը, որը, գործակալության գնահատմամբ, «կոպիտ միջամտություն էր «Առավոտ» թերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանի անձնական կյանքին»: «Մեդիամաքսը» նաեւ հայտարարել է՝ «Այն, ինչ թույլ է տվել իրեն այդ թերթը, ոչ մի ընդհանուր բան չունի ժուռնալիստիկայի հետ: Հայաստանի ժուռնալիստական ընկերակցությունն ամենայն լրջությամբ պետք է մոտենա այս իրադրությանը: Ցավոք, հայկական ժուռնալիստիկայում, անկախ այս կամ այն թերթերի քաղաքական համակրանքներից, չափից շատ կեղտ կա: Եկել է ժամանակը կանգ առնել եւ մտածել՝ ու՞ր ենք գնում: Թերթի հրապարակումն անցել է բոլոր հնարավոր սահմանները: Մենք առաջարկում ենք ՀՀ բոլոր ԶԼՄ-ներին՝ թերթերին, գործակալություններին, հեռուստաալիքներին, ինչպես նաեւ առանձին լրագրողներին, անժամկետ բոյկոտ հայտարարել այդ թերթին: Եթե մենք չդիմենք վճռական քայլերի, ապա կդադարենք հարգել ինքներս մեզ»: «Բացեք Ձեր աչքերը»՝ ԱԱՆ-ն Ձեզ հետեւում է Հիշյալ հրապարակումը դատապարտել է նաեւ Մամուլի ազգային ակումբը: Ինչպես ասել է ՄԱԱ ղեկավար Նարինե Մկրտչյանը, կազմակերպության վարչությունը երեկ իր արտահերթ նիստում որոշում է ընդունել ՄԱԱ-ից հեռացնել թերթի հոդվածի հեղինակը, որը մինչ երեկ այդ կազմակերպության անդամ է եղել: Լրագրողական մեկ այլ կազմակերպություն, որին նա եւս անդամակցում էր մինչեւ երեկ՝ «Հետաքննող լրագրողների ընկերակցությունը», վարչության նիստում արձանագրել է. «ՀՀ հատուկ ծառայությունները հատուկ նպատակով երկու տարի առաջ նկարահանել էին «Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանի անձնական կյանքի որոշ մանրամասներ եւ բազմացնելով տեսաժապավենը 500 օրինակ տարածել այն: Որեւէ լրատվամիջոց դրան այն ժամանակ չի արձագանքել»: Կազմակերպությունը նշել է նաեւ, թե տեղեկություններ ունի, որ իր «Բացեք Ձեր աչքերը» հոդվածի հրապարակման համար ստացել է դրամական կաշառք: «Հետաքննող լրագրողների ընկերակցությունը դատապարտում է այդ հրապարակումը եւ վարձատրության նման ձեւը: Հրապարակմամբ կոպտորեն խախտվել են մարդու անձնական կյանքի գաղտնիության սահմանադրական իրավունքը, ինչպես նաեւ իրավական ու լրագրողական էթիկայի մի շարք նորմեր։ Միաժամանակ կոչ ենք անում բոլոր լրատվամիջոցներին չհետեւել թերթի օրինակին»,- հայտարարել է այդ կազմակերպությունը եւ տեղեկացրել, որ իր վարչության նիստի որոշմամբ լրագրողը հեռացրել է կազմակերպությունից: Համերաշխության կոչ՝ ԶԼՄ-ներին Որ լրատվական աշխարհում միմյանց մրոտելն ու ոչնչացնելը, այլակարծիք հրապարակմանն անձնական վիրավորանքների մակարդակով պատասխանելը այս ոլորտում նորույթ չէ, երեկ վկայեցին նաեւ Ժոռնալիստների տանը հավաքված ԶԼՄ-ների ներկայացուցիչները: Վերջիններս նմանօրինակ երեւույթները չկանխելու մեջ նաեւ իրենք իրենց մեղադրեցին: Մասնավորապես Ժուռնալիստների միության նախագահ Աստղիկ Գեւորգյանը նկատեց, որ ընդհանուր առմամբ հայաստանյան ԶԼՄ-ների խմբագիրները մինչ այս բավականին պասիվ են եղել: «Դժբախտաբար մեզնում խախտվեց լրագրողական համերաշխությունը»,- ասաց նա՝ նկատելով, թե դա դրսեւորվեց նախ այն բանում, որ որոշ թերթերում լրագրողներին ուղղված մրոտումներին ու հասցրած անձնական վիրավորանքներին պատշաճ կերպով անդրադարձ չեղավ: Եվ, երբ «լրագրողական համերաշխություն չհայտնեցինք նաեւ «Ա1+»-ի փակման հարցում», պետք էր սպասել, որ հեռանկարն այսպիսին է լինելու. «Ամենատարրական էթիկայի նորմեր են խախտվում եւ դրա զարգացումները վտանգավոր են: Մարդիկ անձնական շահագրգռվածությունից ցանկացած ճանապարհով հարցեր են լուծում: Չեմ կարծում, թե հրապարակման հեղինակի կամ խմբագրության սիրտը ցավել է մեր հասարակության «անիրազեկության» համար: Նման եւ դրա շարքում մյուս բոլոր հրապարակումների համար, որոնք ես թվեցի, կան անձնական շահեր: Եկեք մեր համերաշխության մասին մտածենք, որովհետեւ ոչ ոք երաշխավորված չէ, որ նման բան մեզ հետ չի պատահի: Մեր լրագրողական աշխարհը պետք է Ա.Աբրահամյանի թիկունքին կանգնի, որն ավելի զորեղ աջակցություն է, քան դատարանի որեւէ որոշում: Մենք մեր դիրքորոշումը պետք է հստակ հայտնենք՝ անկախ այն բանից, որ Ա.Աբրահամյանը նախընտրել է դրան չանդրադառնալ: Դա նրան վերաբերող խնդիր չէ միայն, այլ լրագրողական մոտեցումների հարց»: Հայաստանյան ԶԼՄ-ների ղեկավարների եւ ներկայացուցիչների մասնակցությամբ այս քննարկումները նախաձեռնել էր Երեւանի մամուլի ակումբը: Դատապարտելով հիշյալ հրապարակումը՝ «Ազգի» գլխավոր խմբագիր Հակոբ Ավետիքյան նշում է, որ տեղի ունեցածը 97-ից սկսված էսկալացիա է, եւ այդ կեղտը մի տեղից պետք է դուրս գար. «Կարծում եմ պետք է դրան գնահատական տալ եւ կոչ անել, որ խմբագիրներն առայժմ հրադադար հայտարարեն՝ լրագրողական էթիկայի տարրական նորմերի ու համերաշխության շուրջ ավելի ակտիվ եւ լուրջ քննարկումները հետագայում շարունակելու համար»: Հրապարակումը պատվիրված էր Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը հրապարակմանը մոտեցավ այլ՝ իրավական տեսանկյունից եւ կարծիք հայտնեց, թե հրապարակումն ապացույց է այն բանի, որ Հայաստանում ցանկացած քաղաքացու մասնավոր կյանքը երաշխավորված չէ եւ ԱԱՆ-ի կողմից ոտնձգությունների է ենթարկվում: «ԱԱՆ-ն իր գործով զբաղվելու փոխարեն զբաղված է մարդկանց անձնական կյանքի գաղտնիքների հրապարակմամբ, կոմպրոմատներ հավաքելով: Դա անթույլատրելի է»: Ըստ նրա, եթե հիշյալ հրապարակումը լրագրողական հետաքննության արդյունք լիներ, դեռ գուցե ոչինչ. «Բայց տվյալ դեպքում լրագրողն օգտվել է փաստորեն ԿԳԲ-ի ծառայությունից»: Առաջարկ եղավ հրավիրել համապատասխան մարմինների ու մասնավորապես ՀՀ Գլխավոր դատախազության կազմում գործող եւ սահմանադրական իրավունքների վերահսկողությունն իրականացնողների՝ զբաղվելու այդ հրապարակմամբ եւ պարզելու, թե ինչպես եւ ով է իրականացրել ՀՀ քաղաքացուն Սահմանադրությամբ վերապահված իրավունքի դեմ այդ ոտնձգությունը, եւ համապատասխան իրավական գնահատական տալ դրան: «Հայլուրի» ներկայացուցիչ Արտակ Ալեքսանյանն էլ կարծիք հայտնեց. «Հրապարակումը պարունակում է քրեորեն դատապարտելի միանգամից երեք հանցակազմ. անձնական կյանքին միջամտություն, պոռնոգրաֆիայի տարածում եւ ամենակարեւորը՝ հրապարակային շանտաժ: Մարդուն ասում են, որ եթե դիմի դատարան՝ նրան ավելի շատ կմրոտեն: Դա նախադեպ է եւ վտանգավոր է այն իմաստով, որ հրապարակավ հայտարարվում է, որ մարդուն կարող են կառավարելի դարձնել: Իսկ ո՞վ է երաշխավորում, որ մեզ էլ չեն ասի՝ այ, այս բանը մի տպի, թե չէ մենք այս նկարը կհրապարակենք»: Լրագրողն առաջարկեց համատեղ հայտարարության մեջ նշել, որ «մեր գործընկերոջը պարզապես ապօրինի ձեռք բերված լուսանկարներով շանտաժի են ենթարկում»: «Ֆոտոլուրի» ղեկավար Հերբերտ Բաղդասարյանն էլ առաջարկեց հրապարակավ այրել այդ թերթը: Միաժամանակ ԶԼՄ-ների խմբագիրների եւ ղեկավարների մասնակցությամբ ստեղծել էթիկայի հանձնաժողով եւ գնահատական տալ ե՛ւ կոլաժներին, ե՛ւ հրապարակման արտահայտչաձեւերին: «Եթե դա միայն էթիկայի խնդիր լիներ, ես կհամաձայնեի, բայց ինձ չի թվում, թե սա շատ ավելի լուրջ եւ խորը երեւույթ է: Բայց եթե մենք սկսենք շատ լրջորեն վերաբերվել այդ հրապարակմանը, նախ ոչ մեկին չենք հետաքրքրի, որովհետեւ հույս ունեմ, որ մեր հասարակությունը շատ ավելի առողջ է, քան մեր մամուլը, եւ նորմալ մարդիկ դրան արհամարհանքով կվերաբերվեն, երկրորդ՝ այդ տիպի ժուռնալիստիկան կլեգիտիմացնենք: Դա չի կարելի թույլ տալ»,- կարծիք հայտնեց Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը: Վերջինիս տպավորությամբ՝ թերթը դրանով ընդամենը փորձում է «շուկայում իր նիշան գտնել», բայց չի գտնի: Իր տեսակետը հայտնեց նաեւ «Ա1+»-ի տնօրեն Մեսրոպ Մովսեսյանը. «Դա պատվեր էր, եւ հստակ է, թե ով է արել եւ ինչի համար: Մենք բոլորս պետք է գիտակցենք, որ վաղն Արամի փոխարեն մենք ենք լինելու: Մյուս կողմից՝ ես ուրախ եմ, որ սրանով Արամն ազատվեց այդ ծանր բեռից: Շանտաժի է՞լ ինչ ձեւ են գտնելու, հիմա՞ որտեղ են նկարելու՝ լողարանո՞ւմ, զուգարանո՞ւմ: Այն ինչ հիմա է կատարվում՝ անհեթեթություն է»: «Ռեսպուբլիկա Արմենիիի» գլխավոր խմբագիր Վարդան Ալոյանն էլ տեղեկացրեց, որ նոյեմբերի 14-ին մյուս թերթերի բաժանորդներին այդ թերթն անվճար եւ կից տրվել է. «Դա կազմակերպված է: 1000 տպաքանակ ունեցող թերթի այդ համարը տպագրվել էր 3000 օրինակով»: Իր կարծիքը հայտնեց նաեւ ՀՀ-ում գործող «Պրոմեդիա» կազմակերպության ներկայացուցիչ Պիտեր Այնշթայթը. «Ես եւ գործընկերներս համակարծիք ենք, որ այն, ինչ արել է այդ թերթը հիշյալ հրապարակմամբ՝ շատ տհաճ երեւույթ է: Բայց ինձ համար ակնհայտ է, որ ինչ-որ մեկը դա պատվիրել է: Թերթը հրատարակող կանայք եղել են մեր գրասենյակում, եւ ես գիտեմ, որ նրանք ֆինանսական դժվարություններ են ունեցել թերթը պահելու համար, եւ հնարավոր էր նրանց վրա ազդեցություն ունենալ: Բայց ինձ մտահոգում է ավելի խորը բան. սա Ա.Աբրահամյանի դեմ շարունակվող հարձակումներից մեկն է, որովհետեւ մենք գիտենք, որ վերջերս էլ առգրավվել էր «Առավոտի» համարներից մեկը: Կարծես մի ռեժիմ լինի, որը փորձում է զատել ընդդիմությունը ներկայացնող ԶԼՄ-ները եւ կամաց-կամաց ոչնչացնել: Ինձ մտահոգում է այն, որ եթե նրանց հաջողվի մի թերթը ոչնչացնել՝ կհաջողվի նաեւ այդ քայլերը շարունակել: Ինձ թվում է, որ այն մարդիկ, ովքեր կանգնած են այդ թերթի թիկունքում, ոչ մի պատկերացում չունեն բարոյականության մասին: Եթե սա հարձակում է Ա. Աբրահամյանի դեմ՝ հարձակում է նաեւ մեր բոլորի դեմ: Կարծում եմ՝ ագրեսիվ պատասխանը, օրինակ, սուր հայտարարություն անելն ավելի լավ պատասխան կարող է լինել, քան պարզապես այդ թերթն արհամարհելը, բայց դա ձեր որոշելիքն է, ես միայն կարծիք եմ հայտնում»: Լիակատար համերաշխություն Ի վերջո, տեղի ունեցած բազմակողմանի քննարկումներից ու տարբեր առաջարկություններից հետո ԶԼՄ-ների ներկայացուցիչները եկան համոզման, որ հայտարարությունն, այնուամենայնիվ, անհրաժեշտ է, բայց դա պետք է զուգորդվի այլ քայլերով եւս. թերթն արհամարհել ու բոյկոտել, այդ թերթի լրագրողների հետ շփումներից հրաժարվել, չպատասխանել նրանց ուղղած հարցերին, հորդորել մասնավորապես պետական գերատեսչություններին իրենց լրատվական ծառայություններում չհավատարմագրել այդ թերթի թղթակիցներին, առաջարկել լրատվական գործակալություններին խզել կապերն այդ թերթի հետ եւ, ինչպես լրագրող Մեսրոպ Հարությունյանն ասաց, այդ թերթն ու այդ լրագրողին դուրս դնել լրագրողական համքարությունից: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Երեւանի մամուլի ակումբի նախաձեռնությամբ ՀՀ լրատվամիջոցները եւ լրագրողական կազմակերպությունները հայտարարություն են ընդունել, որում ասված է. «Նոյեմբերի 14-ին թերթը հրապարակել էր լուսանկարներ եւ մի հոդված, ինչը բարոյականության բոլոր նորմերի ոտնահարում էր։ Մենք՝ լրատվամիջոցների եւ լրագրողական կազմակերպությունների ներկայացուցիչներս, հայտարարում ենք, որ այս հրապարակմամբ այդ թերթն իրեն դուրս է դրել լրագրողական հանրությունից եւ այսուհետեւ մեզ համար, իբրեւ լրատվամիջոց, գոյություն չունի։ Մենք կոչ ենք անում բոլոր գործընկերներին՝ բոյկոտել այդ թերթի հետ որեւէ շփում կամ համագործակցություն, արժանապատիվ արհամարհանքով մերժել նրա գոյությունն իսկ։ Հայտարարում ենք, որ այդպիսի վերաբերմունքի կարժանանան այն լրատվամիջոցներն ու լրագրողները, ովքեր նման հրապարակումներով կվարկաբեկեն մեր մասնագիտությունը։ Մենք կոչ ենք անում բոլոր կազմակերպություններին՝ մամուլի ասուլիսներին, բրիֆինգներին եւ տարբեր կարգի այլ միջոցառումներին չհրավիրել այդ թերթի ներկայացուցիչներին՝ դրսեւորելով նույն արհամարհանքը։ Մենք պահանջում ենք իրավապահներից ապահովել մարդկանց անձնական կյանքի անձեռնմխելիությունը, քանզի այս հրապարակումը փաստում է, որ հանրապետության որեւէ բնակիչ չի կարող վստահ լինել, թե ինչ-որ անձինք չեն գաղտնալսում իրեն կամ գաղտնի նկարահանում իր անձնական կյանքը, ինչը ե՛ւ Սահմանադրության, ե՛ւ միջազգայնորեն ընդունված նորմերի կոպիտ խախտում է»։ ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել