Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՖՐՈԴԻՏԵՆԵՐԸ ՓՈՂՈՑՆԵՐՈԻՄ ՉԵՆ ՔԱՅԼՈՒՄ

Նոյեմբեր 16,2002 00:00

ԱՖՐՈԴԻՏԵՆԵՐԸ ՓՈՂՈՑՆԵՐՈԻՄ ՉԵՆ ՔԱՅԼՈՒՄ Հունական դիտարկումներ Եթե Հունաստանում որեւէ մեկին հարց ես տալիս, ապա հնարավոր է չստանալ ո՛չ դրական, ո՛չ էլ բացասական պատասխան։ Պատասխանողը կարող է պարզապես բարձրացնել հոնքերը եւ աչքերը հառել առաստաղին կամ երկնքին։ Այդպես մենք կասեինք՝ Աստված գիտե։ Իրականում դա հույների համար նշանակում է՝ ոչ։ Ինչպես եւ Եվրամիության մի շարք երկրներում, Հունաստանում էլ եվրոյի ներմուծումից հետո գները զգալիորեն բարձրացել են (եվրոն այստեղ մոտավորապես հավասար է դոլարին)։ Տնտեսագետները դա բացատրում են նախ նրանով, որ դրահմի՝ եվրոյի անցնելու ժամանակ գները «կլորացվել» են մեծանալու ուղղությամբ։ Այնուհետեւ միասնական հարկային եւ մաքսային քաղաքականությունը ԵՄ պետություններում որոշ չափով համահարթեցնում է հարուստ եւ համեմատաբար աղքատ երկրների գները։ Արդյունքում, 1 բաժին գառան խորովածը քաղաքի կենտրոնի ոչ շքեղ ճաշարանում արժե 11 եվրո։ Այդպիսի գումարով, ինչպես հայտնի է, կարելի է Պռոշյանում նորմալ (ոգելից խմիչքով) ճաշել երկու հոգով։ Հույները պնդում են, որ 1,5-2 տարի առաջ իրենց մոտ էլ էր վիճակը մոտավորապես նույնը։ Աթենքի կենտրոնի փողոցները հիմնովին փորփրված են։ Մտածեցի՝ չլինի՞ նրանց մոտ էլ է «Լինսի» հիմնադրամը մտել։ Պարզվեց՝ ոչ։ Դա անում է պետությունը, քաղաքապետարանը։ Բանն այն է, որ Աթենքը նախապատրաստվում է 2004թ. կայանալիք ամառային օլիմպիական խաղերին։ Վերանորոգվում է ամեն ինչ՝ Ակրոպոլիսից սկսած, երկրաշարժից տուժած Մայր տաճարով վերջացրած։ Օլիմպիական խաղերը, ինչպես հայտնի է, ոչ միայն սպորտային տոն են, այլեւ բիզնես, որից Հունաստանը իրավամբ ցանկանում է օգուտներ քաղել։ Աթենքում տաքսի «բռնելը» բավական լուրջ պրոբլեմ է։ Դրանք չեն կանգնում ինչ-որ տեղեր՝ հաճախորդներին սպասելով, այլ վխտում են փողոցներում, եւ կանգնեցնելու համար մարդիկ գցվում են դրանց վրա։ Իսկ վարորդները հաճախ չեն էլ դանդաղեցնում ընթացքը։ Այդպես է լինում, երբ պահանջարկը գերազանցում է առաջարկին։ Երբ այնուամենայնիվ ինձ հաջողվեց մեկին բռնացնել եւ վատ անգլերենով բացատրել, թե ուր եմ ուզում գնալ, նա սարսափելի անգլերենով ինձ հասկացնել տվեց, որ թեեւ իմ ուզած տեղն այնքան էլ հեռու չէ, բայց այնտեղ հասնելը մեզնից կես ժամից պակաս չի խլի։ Փողոցները հիմնականում նեղ են եւ խճողված։ Նույն վարորդը հետաքրքրվեց՝ արդյո՞ք ֆրանսիացի եմ։ Երբ ասացի՝ Հայաստանից եմ, երկար ժամանակ տեղը չէր բերում, թե դա որտեղ է։ Հետո հիշեց՝ ֆուտբոլով 2։0 հաղթեցինք։ Մեկ այլ երիտասարդ կին սրճարանում փորձում էր պատկերացնել Հայաստանի աշխարհագրական դիրքը՝ հեռո՞ւ է, մոտի՞կ է Հայաստանը։ Իսկ հետո, բնականաբար, հարցրեց. «Դուք քրիստոնյա՞ եք»։ Նա փորձում էր հասկանալ նաեւ, թե ինչ է նշանակում իմ անունը։ Անկեղծ ասած, ես այդ հարցով երբեք չեմ հետաքրքրվել, չնայած ենթադրում եմ, որ հին շումերական բարբառներից մեկով դա ինչ-որ բան նշանակում է։ Այն թաղամասը, ուր գտնվում է իմ հյուրանոցը՝ Օմոնիա հրապարակի շուրջ, համարվում է քրեածին տեսակետից ոչ այնքան բարեհաջող։ Այստեղ բազմաթիվ են անտունները, գործազուրկները, արաբները, պակիստանցիները։ Ճիշտ է, հրապարակում կուտակված են մեծաթիվ ոստիկաններ, որոնք պարբերաբար հավաքում են այդ կասկածելի զանգվածին։ Երեկոյան հրապարակով անցնելիս ձեզ անպայման կմոտենա մի կիսասեւամորթ եւ ցածրաձայն հունարեն մի նախադասություն կասի, որից հասկանալի է միայն մեկ բառը, որին ես պատասխանում եմ արժանապատվորեն՝ «ռուսո տուրիստո, օբլիկո մորալե»։ Ի դեպ, հույն կանանց գեղեցկության մասին տեղեկությունները փոքր-ինչ չափազանցված են։ Փողոցներում դուք Աֆրոդիտեի չեք հանդիպի։ Հիմնականում ներկած մազերով են եւ Դուբայից բերված շորերով։ Ինչ խոսք, նրանք նման են երեւանցի աղջիկներին, բայց 3-րդ մասի կամ Բանգլադեշի։ Բայց, ի տարբերություն այդ թաղամասերի, որտեղ մարդկանց ամենակոպիտ դիմելաձեւը «արա»-ն է, այստեղ, ինչպես նաեւ Եվրոպայի այլ երկրներում ուշադրություն գրավելու համար արտաբերվում է հետեւյալ ձայնարկությունը՝ «փըս-փըս»։ Ընդ որում, այդ տնավարի «փըս-փըս»-ով կարող է նույնիսկ սպասավորը դիմել սրճարանի հաճախորդին։ Իհարկե, սովորելու հարց է, բայց առաջին հայացքից, նույնիսկ բարքերի կոշտության սովոր հայաստանցու համար, այդ ձայնարկությունը բավականին արտառոց է թվում։ Հունաստանում հեռախոսակապի հիմնական օպերատորը OTE-ն է։ Մեկնաբանությունները, ինչպես ասում են, ավելորդ են՝ կապի որակի մասին կարող եք կռահել։ Այդ ամենով հանդերձ, Հունաստանը եվրոպական երկիր է։ Օրինակ, խորհրդարանի կողքին գտնվող Ազգային այգին իսկապես այգի է, որտեղ ծնողները երեխաների հետ գալիս են հանգստանալու եւ բազմապիսի թռչուններին կերակրելու։ Այգին միայն այգի է, եւ Հունաստանի ԿԳԲ-ի շեֆը կամ վարչապետի բարեկամը այդտեղ օբյեկտ կառուցելու իրավունք չունի։ Բենզին, շաքար, կարագ բերելու կամ սիգարետ արտադրելու մենաշնորհ Հունաստանում հաստատ չկա։ Մարդիկ թեեւ դժգոհ են (ո՞ր երկրում է ժողովուրդը գոհ), բայց նրանց աչքերում վախ, հուսահատություն, վաղվա նկատմամբ անվստահություն չկա։ Կդառնա՞ Հայաստանը այդպիսի երկիր՝ աչքերս բարձրացնում եմ առաստաղին։ ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ Աթենք

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել