Լրահոս
Օրվա լրահոսը

Լավ է ուշ, բայց ոչ ուշացած

Նոյեմբեր 15,2002 00:00

Լավ է ուշ, բայց ոչ ուշացած «Դինամո» մարզադահլիճում ընթանում է բռնցքամարտի հանրապետական ընտրական մրցաշար, որի նպատակը Հայաստանի ներկայիս լավագույն բռնցքամարտիկներին որոշելն ու նրանցով ազգային հավաքականի նոր կազմ ընտրելն է։ Առայժմ տարբեր քաղաքների ու մարզերի 72 ներկայացուցիչներ մրցում են նախնական փուլերում։ Հաջողակները հայտնի կդառնան նոյեմբերի 16-ին։ Եվ այդ ժամանակ ազգային հավաքականի նորընտիր գլխավոր մարզիչ, ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ Ռաֆայել Մեհրաբյանը կկատարի իր ընտրությունը։ Իսկ մինչ այդ, փորձեցինք պարզել, թե ինչո՞ւ կազմակերպվեց այս մրցաշարը, մի՞թե մինչեւ հիմա Հայաստանում չէին ճանաչում գործող բռնցքամարտիկներին։ Հարցի պատասխանը տվեց մրցաշարի կազմկոմիտեի նախագահ, ՕՀՀՈՒ-ի գլխավոր տնօրեն, Եվրոպայի սիրողական բռնցքամարտի ֆեդերացիայի գործկոմի անդամ եւ մրցավարական հանձնաժողովի առաջին փոխնախագահ, ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ, պատվավոր պրոֆեսոր Դերենիկ Գաբրիելյանը, որի հետ զրույցում շոշափվեցին նաեւ վերջին տարիներին մարզաձեւի հետ առնչվող մի շարք այլ կարեւոր հարցեր։ – Եվ այսպես, պարոն Գաբրիելյան, ինչո՞վ է պայմանավորված այս մրցաշարի անցկացման անհրաժեշտությունը։ – Պատճառները շատ են եւ խոր արմատներ ունեն։ Մեկ ամիս էլ չկա, ինչ ազգային հավաքականի ղեկն ստանձնել է փորձառու եւ միջազգային ճանաչում ունեցող մարզիչ Ռաֆայել Մեհրաբյանը։ Նա վերջին վեց տարում աշխատել է Հունաստանում ու հաջողությամբ մարզել այդ երկրի ընտրանին։ Մեհրաբյանը հայրենիքից մեկնել էր ոչ իր ցանկությամբ։ Հանգամանքներն էին այդպես դասավորվել։ Եվ երբ Հայաստանի մարզական ղեկավարները նրան առաջարկեցին վերադառնալ ու գլխավորել ազգային հավաքականը, հաճույքով համաձայնեց։ Ճիշտ է, նա երբեք չի խզել կապը Հայաստանի բռնցքամարտի աշխարհի հետ, սակայն նոր պաշտոնը պահանջում է, որ նա ավելի հիմնավոր ծանոթանա մարզաձեւի ներկայիս վիճակին, անձամբ տեսնի մեր ունեցած կադրերին եւ ընտրություն կատարի։ Իսկ ժամանակ շատ չկա։ Առջեւում կարեւորագույն մեկնարկներ են։ – Բայց այդ վեց տարիներին էլ բռնցքամարտը հանրապետությունում շարունակել է գործել։ – Այո, գործել է։ Բայց ինչպե՞ս։ Այդ ընթացքում ազգային հավաքականի երեք գլխավոր մարզիչ է փոխվել։ Վերջին երկու տարում այն գլխավորել է որպես մարզիկ, անշուշտ, գնահատումի արժանի, բայց որպես մարզիչ բացարձակապես իրեն չարդարացրած Դավիթ Թորոսյանը։ Եվ պետք է անկեղծորեն ասեմ, որ հատկապես նրա օրոք հայկական բռնցքամարտը աննախադեպ նահանջ ապրեց։ Դավիթ Թորոսյանը մեծ վնաս հասցրեց մարզաձեւին ու հիմա էլ շարունակում է նույնն անել, բայց արդեն հեռավոր Ամերիկայից, ուր ապրում է արդեն շուրջ տասը տարի։ – Ոչ ոքի համար էլ գաղտնիք չէ, որ գլխավոր մարզիչ եղած ժամանակ խոր ու սկզբունքային հակասություններ կային նրա եւ գործող մարզիչներից շատերի միջեւ։ – Այո։ Դավիթը, որ մոտ տասը տարի Հայաստանում չէր եղել, վերադառնալու եւ գլխավոր մարզչի պարտականություններն ստանձնելու առաջին իսկ ամիսներից սկսեց աջ ու ձախ քննադատել այստեղի մարզիչներին… – Կներեք, որ ընդհատում եմ։ Նա անընդհատ պնդում էր, թե Հայաստանում բռնցքամարտի կարգին մարզիչներ չկան։ Միջազգային կարեւոր մրցումներից առաջ խոստանում էր, որ ամեն բան լավ կլինի։ Իսկ երբ մերոնք տապալվում էին, հիշում էր մարզիչներին ու անհաջողությունները բարդում գործընկերների, իր բնութագրմամբ՝ ապաշնորհության վրա։ Իսկ վերջին շրջանում հավատացնում էր, թե եղած կադրերով ոչ մի հեռանկար չկա։ – Բայց չէ՞ որ նույնիսկ այդ ընթացքում ձեռքբերումներ, այնուամենայնիվ, ունենում էինք, երբ մեր բռնցքամարտիկները մրցումների էին մեկնում այլ մարզիչների հետ։ Եվ բոլորովին վերջերս էլ նույնիսկ Եվրոպայի մեծահասակների բրոնզե մեդալակիր ունեցանք։ Իսկ այդպիսի արդյունքների մի քանի ամսվա ընթացքում, նկատի ունեմ Դավիթի հեռանալուց հետո, հասնել անհնարին է։ Այս ամենը ապացուցում է Թորոսյան մարզչի ապաշնորհությունը։ Իհարկե, չեմ ուզում ասել, թե մեզ մոտ ամեն տեղ ամեն բան լավ է եղել։ Անշուշտ, սխալներ, բացթողումներ ունեցել ենք բոլոր մակարդակներում։ Բայց եկեք անկողմնակալ նայենք վերջին 10-12 տարիներին։ Այն մութ ու ցուրտ տարիներին շատերը չհեռացան։ Նրանք ինքնանվիրումով աշխատում էին պատանեկանից մինչեւ ավագ տարիքի բռնցքամարտիկների հետ, կադրեր աճեցնում։ Ճիշտ է, մեդալները նախկինի պես առատ չէին հոսում Հայաստան, բայց, այնուամենայնիվ, լինում էին։ Իսկ որ ես ամենակարեւորն եմ համարում, մեր ֆանատ մարզիչները այդ տարիներին մարզաձեւը փրկեցին իսպառ կործանումից։ Դավիթ Թորոսյանի սխալն այս ամենը ըմբռնել չկարողանալն էր, ավելի ճիշտ՝ չուզենալը։ Նա հեռուն գնացող ու շատ խոր թաքցրած այլ նպատակներ ուներ։ Ու դրանք պարփակված էին անձնական շահերի շրջանակներում, որոնց արդյունքները տեսանք վերջում, երբ պատրաստվում էր վերադառնալ Միացյալ Նահանգներ։ – Ի՞նչը նկատի ունեք։ – Երբ նա մեկնեց, իր հետեւից տարավ մեր առաջատար բռնցքամարտիկներ Բագրատ Օհանյանին, Արթուր Գեւորգյանին, որոնց համոզել էր տեղափոխվել պրոֆեսիոնալ ռինգ։ Իսկ այնտեղ, ինչպես հայտնի է, ապաշնորհ ու անտաղանդ բռնցքամարտիկները անելիք չունեն։ – Ասացիք նաեւ, որ Թորոսյանը հիմա էլ շարունակում է վնասել մարզաձեւին, երբ ինքն արդեն օվկիանոսի այն ափին է։ – Ընտրական այս մրցաշարն սկսվելու նախորդ օրը զարմանքով ու զայրույթով տեղեկացանք, որ նա հրավիրել է մեր ներկայիս առաջատար բռնցքամարտիկներից եւս մեկին՝ Տիգրան Հակոբյանին եւ նույնիսկ նրա համար արդեն տոմս էլ է գնել։ Դա թիկունքից հարված է ոչ միայն բռնցքամարտի, այլեւ երկրի հեղինակությանը։ Ու դա արվում է հանուն անձնական դրամական շահի, որ նա ակնկալում է պրոֆեսիոնալ ռինգում մեր տղաների մրցելույթներից։ – Իրավիճակի նկարագրությունը մի տեսակ մռայլ ստացվեց… – Լուսավոր կետեր էլ կան, հուսադրող այլ բաներ էլ։ Հիմա բռնցքամարտում առողջ շարժման մի նոր ալիք է բարձրացել։ Միավորվում, միասնական բռունցք են կազմում բոլոր նրանք, ովքեր կարող են աջակցել մարզաձեւին։ Համախմբվում են վետերանները, երիտասարդ մարզիչները, նաեւ նրանք, ովքեր թողնելով ռինգը, աշխատանքի են անցել այլ ոլորտներում։ Բոլորը պատրաստակամ են օգնել մարզաձեւի վերելքին, ով ինչով ու ինչպես կարող է։ Լավ երիտասարդ կադրեր ունենք, որոնց հետ ապագայի հույսեր ենք կապում։ Բարեբախտաբար, նաեւ Հայաստան վերադարձող բռնցքամարտիկներ էլ կան։ Օրինակ, արդեն Երեւանում է վերջին տարիներին Ռուսաստանի հավաքականի կազմում հանդես եկած 51 կգ քաշային Ալեքսան Նալբանդյանը, որը աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր է եղել։ Ներկայումս բանակցություններ են վարվում ՌԴ բռնցքամարտի ֆեդերացիայի ղեկավարության հետ մեր հայրենակից Դավիթ Հայրապետյանին (48 կգ) Հայաստան վերադարձնելու շուրջ։ Նա այս տարի Կուբայում նվաճել է աշխարհի երիտասարդների չեմպիոնի կոչումը։ Բանակցություններն ավարտական փուլում են ու կարծես մեր ուզածին հասնելու ենք։ Տա Աստված, որ ամեն բան հաջող ավարտվի ու Դավիթ Հայրապետյանը Պյատիգորսկից վերադառնա հարազատ Արարատ քաղաք։ ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել