Լրահոս
Օրվա լրահոսը

Լավ կառավարման դեղատոմս

Նոյեմբեր 15,2002 00:00

Լավ կառավարման դեղատոմս «Սուահիլի լեզվով «կառավարություն» բառի իմաստներից մեկը թարգմանվում է որպես «խիստ գաղտնիք»,- վկայակոչում է ARTICLE- 19 կազմակերպությունը հնագույն քաղաքակրթությունից այն զուգահեռելով ներկայի հետ։ «Նույնիսկ ժողովրդավարական կառավարությունները գերադասում են իրենց գործունեության զգալի մասը թաքցնել հասարակությունից, եւ դրա համար միշտ կարող են գտնել գաղտնիությունը պահպանելու պատճառներ, ելնելով ազգային անվտանգության, հասարակության եւ այլ շահերից»,- գրում է ARTICLE-19։ Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա մեր երկիրը «ժողովրդավարական» համարվելուց դեռ շատ հեռու է եւ այստեղ կառավարությունն իր բոլոր ենթաճյուղերով հասարակությունից ձգտում է թաքցնել իր գործունեության մեծ մասը։ «Նրանք կարծում են, որ ավելի լավ է չպատասխանել ընդհանրապես, քան տալ պատասխան, որը կարող է շահարկվել եւ նաեւ օգտագործվել ի չարս»,- գտնում է Քաղաքացիական հասարակության զարգացման միության նախագահ Արտակ Կիրակոսյանը։ Այս կազմակերպությունը Հետաքննող լրագրողների ընկերակցության եւ մի շարք այլ հասարակական կազմակերպությունների հետ այժմ աշխատում է «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ նոր օրենքի նախագծի վրա։ Օրինագիծը նախաձեռնել է ԱԺ դատաիրավական հանձնաժողովը։ Այն արդեն ընդունվել է առաջին ընթերցմամբ (հոկտեմբերի 23-ին), սակայն փոփոխությունների եւ լրացումների կարիք ունի։ «Իշխանությունները ոգեւորված չեն այս օրենքով, չնայած խելամիտ իշխանավորը այսպիսի օրենքից պետք է միայն ոգեւորվի, քանի որ այն ստեղծում է կապ իշխանությունների եւ հասարակության միջեւ»,- ասում է հանձնաժողովի նախագահ Վիկտոր Դալլաքյանը։ Նրա կարծիքով, այս օրինագծի առաջին պաշտպանները պետք է լինեն լրագրողները։ Իհարկե, պաշտոնյաներից տեղեկատվություն ստանալու համար «տառապող» առաջին ու ամենամեծ օղակը ԶԼՄ-ն է։ Գործող գերատեսչություններից դժվար է ներկայացնել մի օրինակ, որտեղ, սկսած լրատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից մինչեւ բոլոր վարչությունները մեկառմեկ, սիրահոժար տրամադրում են տեղեկություններ օրենքով սահմանված ժամանակի ու չափի մեջ։ Իսկ երբ կարդում են իրենց ոլորտի մասին՝ առանց իրենց մեկնաբանությունների, նեղանում են ու հերքում պահանջում։ Շատերին առաջին հերթին հետաքրքրում է ոչ թե լրագրողի կամ դիմող քաղաքացու հետաքրքրության թեման, այլ թե ինչ նպատակով է օգտագործվելու տվյալը եւ ում դեմ։ «Մեղքից հեռու գտնվելու» սկզբունքով էլ շատ հաճախ պաշտոնյաները պատասխանի համար մատնացույց են անում մեկ ուրիշի, այդ մեկ ուրիշն էլ՝ մեկ ուրիշի, ստեղծելով «կախարդական» շրջապտույտ, որտեղ դժվար է գլուխ հանել, թե ով ինչ է անում։ Նոր օրենքը մշակվել է՝ ելնելով Սահմանադրության որոշ դրույթներից։ Ըստ օրինագծի, հասարակությունը գոնե տարին մեկ անգամ ԶԼՄ-ներով պետք է տեղեկանա պետական, տեղական ինքնակառավարման մարմինների ու հասարակական կազմակերպությունների գործունեության մասին (բյուջե, կատարված աշխատանքներ, տեղեկություններ աշխատողների, թափուր աշխատատեղերի մասին եւ այլն)։ Օրենքում ամրագրված չեն, թե այդ հրապարակումները լինելու են հայտարարությունների՞, արձանագրությունների՞, թե՞ այլ տեսքով։ Կամ՝ լուսաբանումը լինելու է վճարովի՞, թե՞ անվճար։ Այս եւ այլ «անհայտների» կողքին նշենք նաեւ հոդված 8-ով ներկայացվող տեղեկատվության ազատության խիստ վիճարկելի սահմանափակումները. «Մարմինները եւ կազմակերպությունները մերժում են տրամադրել տեղեկություններ, եթե դրանք անհրաժեշտ են պետական եւ հասարակական անվտանգության, հասարակական կարգի, հանրության առողջության եւ բարքերի, այլոց իրավունքների եւ ազատությունների պատվի եւ բարի համբավի պաշտպանության համար»։ Համաձայնենք, ինչպիսի տեղեկություն էլ փորձենք հրապարակել, անմիջականորեն կառնչվի նշված սահմանափակումներից որեւէ մեկին։ Օրինակ, եթե որեւէ պաշտոնյայի մատը խառն է կաշառակերության մեջ, ապա այդ տեղեկությունը չպետք է հրապարակվի, քանի որ այն ուղիղ գծով «խփում» է նրա պատվին ու բարի համբավին։ Եվ այսպիսի օրենքն, ըստ Վիկտոր Դալլաքյանի, պետք է առաջին հերթին արժանանա լրագրողների՛ աջակցությանն ու պաշտպանությանը։ ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել