ՀԱՄԱՏԵՂ «ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆ» «Ոչ պատերազմ, ոչ խաղաղություն» վիճակը չափազանց վտանգավոր է, քանի որ իր մեջ ռազմական գործողությունների վերականգնման մշտական սպառնալիք է պարունակում»,- կարծում են «Ղարաբաղյան հակամարտության լուծման տարբերակներ» գրքույկի հեղինակները։ Այն ծնվել է հայկական եւ ադրբեջանական աշխատանքային խմբերի համատեղ հետազոտությունների արդյունքում։ Հեղինակների կարծիքով, «Ղարաբաղյան հակամարտության լուծման տարբերակներ» գրքույկը նպատակ ունի խրախուսել երկխոսությունը հայ եւ ադրբեջանցի ժողովուրդների միջեւ, ինչպես նաեւ մեղմացնել «երկու երկրներում գերիշխող թշնամու կերպարը եւ նպաստել փոխադարձ զիջումների, տրամադրությունների արթնանալուն այդ երկրների հասարակական կարծիքներում»։ Հայկական աշխատանքային խումբը ներկայացնում են «Նոյյան տապան» գործակալության խմբագիր եւ վերլուծաբան Հարություն Խաչատրյանը, տնտեսագետ Սուրեն Կարապետյանը եւ Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների կենտրոնի փորձագետ Սերգեյ Շաքարյանցը։ Ադրբեջանական խումբը ղեկավարում էր նրանց ԳԱԱ փիլիսոփայության ինստիտուտի տնօրեն (արդեն՝ նախկին) Ալի Աբասովը։ Ըստ Հ. Խաչատրյանի, նա հեռացվել է զբաղեցրած պաշտոնից՝ վերջին շրջանում իշխանությունների հետ ունեցած հակասությունների պատճառով։ Նախագծի հեղինակները այն համարում են իր տեսակի մեջ նախադեպը չունեցող եւ գնահատում իբրեւ համագործակցության սկզբնական փուլ։ Նախագծի շրջանակներում ներկայացվել են նյութեր՝ երկու կողմերի տեսակետները ԼՂ հակամարտության նախապատմության եւ զարգացման վերաբերյալ, ինչպես նաեւ գաղափարներ այն մասին, թե ներկայումս ինչ ընդհանուր տնտեսական շահեր գոյություն ունեն երկու երկրների ու ժողովուրդների միջեւ։ Այդ նյութերը ներկայացված են ինտերնետում։ Հ. Խաչատրյանը գտնում է, որ ինտերնետը հարմար միջոց է կողմերին միմյանց հետ ծանոթացնելու ու նրանց միջեւ քաղաքակիրթ երկխոսություն սկսելու ու ցանկացած սադրիչ ու կեղծ ինֆորմացիայի համապատասխան «հարված» հասցնելու համար։ Կան նյութեր, որոնք ներկայացնում են աշխատանքային խմբերի պատկերացումները Հայաստանի եւ Ադրբեջանի՝ տնտեսական ոլորտում համագործակցելու հնարավորության մասին՝ անգամ հակամարտության դեռեւս չսկսված քաղաքական կարգավորման պարագայում։ Գրքույկը, որ ֆինանսավորել են Երեւանում եւ Բաքվում Մեծ Բրիտանիայի դեսպանատները, լույս է տեսել ոչ միայն հայերեն ու ադրբեջաներեն, այլեւ ռուսերեն ու անգլերեն տարբերակներով։ Հայ եւ ադրբեջանական աշխատանքային խմբերը առաջարկել են նաեւ հակամարտության կարգավորման շուրջ 13 մոդել՝ սկսած տարածքների փոխանակումից մինչեւ «Անդորրայի տարբերակը»։ Ի դեպ, Հայաստանում կատարվել է նաեւ հասարակական կարծիքի ուսումնասիրություն, որի նպատակն էր պարզել հասարակության եւ ընտրախավի վերաբերմունքը հայ եւ ադրբեջանցի ժողովուրդների հնարավոր համագործակցության վերաբերյալ։ Հարցմանը, ըստ Ս. Կարապետյանի, մասնակցել է 400 մարդ, այդ թվում՝ նաեւ բնակիչներ սահմանամերձ շրջաններից, փախստականներ, ովքեր կորուստներ են ունեցել բախումների ժամանակ, ինչպես նաեւ քաղաքական գործիչներ, ԱԺ պատգամավորներ եւ գործարարներ։ Ըստ Հ. Խաչատրյանի, ադրբեջանական կողմը, սակայն, նման ուսումնասիրություն չի կարողացել կատարել Բաքվում Մեծ Բրիտանիայի դեսպանատնից ակնկալվող ֆինանսավորման հետ կապված պրոբլեմների պատճառով։ «Ղարաբաղյան հակամարտության լուծման տարբերակներ. մտահղացումներ եւ իրականություն» գրքույկի շնորհանդեսին ներկա էր նաեւ Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Թիմոթի Ջոնսը։ Նա փաստեց, որ կոնֆլիկտների լուծման ուղղությամբ միջազգային փորձը դեռեւս լուրջ հաջողությունների չի հասել. «Միջազգային հանրությունը որոշ փորձ ունի կոնֆլիկտները սառեցնելու ուղղությամբ, սակայն դրանք իսպառ վերացնելու ուղիները դեռեւս չեն գտնվել»։ Նրա կարծիքով, համենայնդեպս, ուժը չէ այն միջոցը, որով հնարավոր է հաջողության հասնել, հայ-ադրբեջանական հակամարտության հնարավոր լուծումը պետք է լինի այնպիսին, որ ընդունեն երկու կողմերն էլ, հակառակ դեպքում՝ «այն կյանք ունենալ չի կարող»։ Գ. ՀԱԿՈԲՅԱՆ