Լրահոս
Օրվա լրահոսը

Մի տնից չենք, մի հալի ենք

Նոյեմբեր 15,2002 00:00

Մի տնից չենք, մի հալի ենք Ընդհանուր առմամբ Հարավային Կովկասում ամենաշատը ոտնահարված են մարդու աշխատանքի եւ կյանքի անվտանգության իրավունքները: Այս եզրակացության են եկել Հայաստանում, Ադրբեջանում եւ Վրաստանում սոցիոլոգիական հարցում անցկացրած մասնագետները՝ «Մարդու իրավունքների պաշտպանությունը՝ որպես միջէթնիկական համաձայնության հիմք» խորագրով ծրագրի շրջանակներում: Ինչպես հայտնի է, Երեւանի մամուլի ակումբը Ֆրիդրիխ Նաումանի հիմնադրամի, բրիտանական «Արեւելք-Արեւմուտք» կենտրոնի եւ Հայկական Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի կոմիտեի նախաձեռնությամբ նոյեմբերի 12-14-ն անցկացրեց կոնֆերանս՝ նույն խորագրով, որին հաջորդեց 3 երկրների լրագրող -ներկայացուցիչների համատեղ ասուլիսը: Սոցհարցումները ցույց են տալիս, որ Հայաստանում ազգային փոքրամասնությունների իրավունքները չեն ոտնահարվում, որովհետեւ այստեղ փոքրամասնություն գրեթե չկա, իսկ եղած 3 տոկոսինն էլ ոտնահարվում են մեծամասնությանը հավասար: Իսկ Ադրբեջանում, ինչպես նշում են հենց տեղի լրագրողները, օրինաչափ է հայերի մարդկային իրավունքների ոտնահարումը, եթե հաշվի առնենք երկու ազգերի միջեւ պատերազմի հանգամանքը: Ադրբեջանցի մեր գործընկերները ցավով են նշում, սակայն, Ադրբեջանի մոտ մեկ մլն փախստականների իրավունքների ոտնահարման փաստը: Վերջիններս ապրում են վրանային-բարակային պայմաններում, զրկված են մարդու հիմնական իրավունքներից եւ, որ ամենակարեւորն է, իրենց հետ էլ Ադրբեջանի ողջ հասարակության շրջանում մեծ լարվածություն են մտցնում՝ վերջնականապես փլուզելով աշխատանքային շուկան, ինչն էլ խոչընդոտում է ղարաբաղյան կոնֆլիկտի հարթեցմանը: Բնականաբար, մարդու իրավունքները չեն կարող քաղաքականությունից եւ տարածաշրջանային կոնֆլիկտների համատեքստից դուրս քննարկվել: Եվ որպեսզի որոշ չափով թուլանա կոնֆլիկտի սրությունը, պետք է նախ մարդու իրավունքների պաշտպանության հարցում մեղմացնենք կոնֆլիկտները: Ջավախքի հայերն էլ, պարզվում է, ավելի ըմբռնումով են մոտենում իրենց խնդիրներին, քան հայաստանցին՝ ջավախեցիների: Մեր վրացի գործընկերներն ուրախությամբ նշեցին տարբերությունն անցյալ հանդիպման համեմատ, երբ նրանց նույնիսկ կոնյակ չէին հյուրասիրել: Այսօր կարող ենք արձանագրել, որ մեր հարեւանների հետ համերաշխությունը գնալով կայանում է: Այս անգամ մեր հարեւաններն ակնհայտորեն գոհ էին եւ շարունակ շեշտում էին երեք երկրներում մարդու իրավունքներին առնչվող խնդիրների նույնության հանգամանքը, ինչը մեծապես կախված է 3 ժողովուրդների մենթալիտետի չափազանց մեծ նմանությունից: Հ. ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել