Լրահոս
Օրվա լրահոսը

ՎԻՐԱՎՈՐԱՆՔ ՏՈՒԺԱԾՆԵՐԻ ՀԱՍՑԵԻՆ

Նոյեմբեր 15,2002 00:00

ՎԻՐԱՎՈՐԱՆՔ ՏՈՒԺԱԾՆԵՐԻ ՀԱՍՑԵԻՆ Սպանված զինվոր-ուսանողի ծնողները դժգոհ են Վանաձորում սկսված դատավարության ընթացքում իրենց հանդեպ ցուցաբերված վերաբերմունքից։ Վանաձորում սկսվել է 22-ամյա ասպիրանտ Արտյոմ Սարգսյանի սպանության գործի դատավարությունը: Նա սպանվել է ծառայությունը սկսելուց երկու ամիս անց: Սարգսյանը երեւանցի ասպիրանտների այն խմբի առաջնորդն էր, ովքեր բողոքում էին իրենց զորակոչելու դեմ՝ պնդելով, որ դա հակասում է Հայաստանի օրենսդրությանը, որն ասպիրանտների համար տարկետում է նախատեսում: Ինն ուսանողներ դիմել են դատարան, ասելով, որ ոչ թե փորձում են խուսափել զինծառայությունից, այլ ցանկանում են հնարավորություն ստանալ նախ ավարտել իրենց ուսումը: Սակայն մինչ նրանք սպասում էին դատարանում իրենց գործի լսմանը, դեկտեմբերի վերջին նրանց զորակոչեցին, իսկ փետրվարի 25-ին Սարգսյանը դաժան ծեծի ենթարկվեց այլ զինվորների կողմից եւ մահացավ ստացած վնասվածքներից: (Ուսանողների գործը դեռեւս լսվում է դատարանում, թեեւ նրանք արդեն մոտ մեկ տարի ծառայում են): Սարգսյանի ծնողները (հայրը՝ Ռաֆայելը, փոխգնդապետ է) պնդում են, որ իրենց որդու մահը մյուս ուսանողներին ուղղված զգուշացում է, եւ ասում են, որ նրա մահվան համար պետք է պատասխան տան որոշ բարձրաստիճան սպաներ: Սարգսյանի զորամասի հրամանատար, կապիտան Անդրանիկ Սահակյանը մեղադրվում է պաշտոնեական անփութության մեջ: 14 այլ անձանց, այդ թվում՝ 5 բուժաշխատողների, նույնպես մեղադրանք է ներկայացված: Սահակյանը եւ 4 զինծառայողներ կալանքի տակ են գտնվում: Ամենածանր մեղադրանքը ներկայացված է զինծառայող Աղաբեկ Թադեւոսյանին, որն ըստ Զինդատախազության, 10 զինծառայողներից բաղկացած զորամասի «հեղինակությունն» է եղել: Մեղավոր ճանաչվելու դեպքում Թադեւոսյանը կարող է արժանանալ մինչեւ 12 տարվա ազատազրկման: Բազմաթիվ դիմումներ են արվել զոհվածի ազգականների եւ Գյուղատնտեսական ակադեմիայի աշխատակազմի կողմից, որտեղ ուսանում էր Արտյոմ Սարգսյանը, որպեսզի դատավարությունն ընթանա Երեւանում: «Մեզ խոստացել էին Երեւանում անցկացնել դատավարությունը,- ասաց Ռաֆայել Սարգսյանը,- սակայն (իշխանությունները) վախենում են, որ Երեւանում ուսանողական բողոքի նոր ալիք բարձրանա: Բայց մենք երաշխավորում ենք, որ ամեն ինչ խաղաղ կընթանա»: Ռաֆայել Սարգսյանը եւ նրա կինը՝ Կարինե Աղաբալյանը, կտրել էին երկու ժամվա ճանապարհը Երեւանից՝ երեքշաբթի օրը դատարանի բացման նիստին ներկա լինելու համար՝ հոգեպես նախապատրաստվելով իրենց որդու սպանության մեջ մեղադրվողների հետ դեմ առ դեմ հանդիպելուն: Սակայն նրանք բոլորովին անպատրաստ էին այն իրավիճակին, որում հայտնվեցին Վանաձոր ժամանելով: Զինվորական դատախազության որոշմամբ, դատավարությունը տեղի է ունենում ոչ թե Լոռու մարզի 1-ին ատյանի դատարանի շենքում, այլ՝ Սպայի տանը (մի շենք, որը սովորաբար ծառայում է որպես զինծառայողների մշակութային միջոցառումների անցկացման վայր): Երբ Սարգսյանի ազգականները ժամանեցին Սպայի տուն, զինվորական համազգեստով մարդիկ եւ ներքին գործերի նախարարության աշխատակիցները արգելեցին նրանց ներս մտնել: Մեղադրյալների ազգականներն արդեն նստած էին դալիճում, սակայն երբ զինվորական համազգեստ հագած Ռաֆայել Սարգսյանը բացատրեց, որ ինքը տուժողի հայրն է, ստացավ հետեւյալ պատասխանը. «Նշանակություն չունի, թե ով եք, իրավունք չունեք մտնել դահլիճ»: Ոստիկանության մի սերժանտ սկսեց քաշքշելով նրան դուրս հրել միջանցքից, բայց դադարեցրեց իր գործողությունները, երբ այն խմբում, որին թույլ չէին տալիս մտնել նիստի, նկատեց մի լրագրողի եւ Հելսինկյան ընկերակցության նախագահին: Քիչ անց ժամանած ոստիկանության մայորը հարթեց լարված իրավիճակը, սակայն չբացատրեց Սարգսյանի ազգականների հանդեպ ցուցաբերված կոպիտ վերաբերմունքը: Ծնողները դիմում գրեցին դատավոր Աղասի Մկոյանին՝ նշելով, որ չեն կարող ներկա լինել դատավարությանը, մինչեւ ճնշող պայմանները չփոխվեն: (Այս գործի դատավարության համար այլ դատավոր էր նշանակված, սակայն Սարգսյանների ընտանիքը հոկտեմբերի 26-ին տեղեկացվեց, որ դատը վարելու է Զինվորական դատախազության նախկին քննիչ Մկոյանը): Դատավորը դուրս եկավ դահլիճից եւ որոշում կայացրած վերադարձավ՝ ասելով ծնողներին, որ նրանք «կարող են անել, ինչ ուզում են՝ ոչինչ չի փոխվելու: Դատավարությունը կշարունակենք առանց ձեզ»: «Ընդհանուր մթնոլորտը եւ վերաբերմունքը մեր նկատմամբ սարսափելի էր,- ասում է տուժածի մայրը,- սա ճնշում էր մեր նկատմամբ, որպեսզի չփորձենք բողոքել եւ բավարարվենք եղածով»: Դանիելյանը, որի՝ մարդու իրավունքների պաշտպանության գրասենյակը հետեւում է նման դեպքերին, քննադատեց պայմանները: «Այս ամենը խոսում է այն մասին, որ դատարանը լուծելու է հարցն այնպես, ինչպես նրան հրահանգել են վերեւից՝ զինվորական բարձր ատյաններից: Ես կարծում եմ, որ զորամասի հրամանատարն էլ է ինչ-որ մեկի հրամանը կատարել»: «Արտյոմ Սարգսյանի սպանությունը դաս է բոլոր ասպիրանտներին, որպեսզի նրանք այլեւս չբողոքեն»: Սարգսյանի ծնողներն ասում են, որ ի վիճակի չեն փաստաբան վարձել, սակայն պետք է կրկին փորձեն համոզել իշխանություններին՝ դատավարությունը Երեւան տեղափոխելու: ԺԱՆՆԱ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ «ԱրմենիաՆաուի» թղթակից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել