ԻՆՔՆԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆ Է Ջավախքում տիրող իրավիճակը տարբեր ատյաններից որակվում է իբրեւ լարված, պայթունավտանգ, իսկ ջավախեցիները՝ էքստրեմիստներ, անջատողականներ։ Հատկապես մտահոգիչ է վրացական մամուլի պատեհ-անպատեհ բարձրացրած վայնասունը։ Սակայն Ջավախքում անհանգստություն իրոք կա։ Խախտվել է տարածաշրջանի անվտանգությունը ու այսօր ոչ ոք չի կարող երաշխավորել վաղվա օրը։ Եվ ռուսական զորքի դուրսբերումը, եւ Ռուսաստան-Վրաստան հարաբերությունների սրումը լուրջ մտահոգություններ են հարուցել։ Վրացական կառավարությունը, թերեւս, ստեղծված իրավիճակի իրակա՛ն դրդապատճառները տեսնելու անհրաժեշտություն ունի։ Սամցխե-Ջավախքի նախկին նահանգապետ Գիգլա Բարամիձեի վարած «ճկուն» քաղաքականությունը հանգեցրեց Ախալցխայի հայաթափմանը։ Նախկին 80%-ի փոխարեն այսօր այնտեղ 20% հայ է ապրում։ Շարունակ խոսում ենք եղբայրությունից, բարեկամությունից, սակայն անգամ հայկական Սուրբ Նշան եկեղեցու վերաբացման ցանկացած փորձ հանդիպում է պաշտոնական-եղբայրական ընդդիմության։ Քարթլոսի եւ Հայոսի կենացը խմող Վրաստանում որեւէ հայ՝ պաշտոն չի զբաղեցնում։ Եթե հայը պետության քաղաքացի է եւ կատարում է իր պարտականությունները, ինչո՞ւ չի կարող բարձր դիրք գրավել։ Կա ներքին արգելք։ Մամուլը աղմկում է, երբ որեւէ հայ է երեւում հորիզոնում։ Վրաստանը իր վարած անհեռատես քաղաքականության պատճառով կորցրեց Աբխազիան, Օսեթիան, այժմ էլ՝ Աջարիան։ Վաղուց ժամանակն է հասկանալու, որ սին խոստումներով ժողովուրդ չեն պահում։ Այո, վրդովված է Ջավախքը։ Իբր ներկայացված ծրագրի արդյունքում, ուր աշխատատեղեր են խոստանում ռուսական զորքի դուրսբերման դեպքում, վերանորոգվելու է 4 դպրոց, որից 3-ը վրացական, համալսարանի մասնաճյուղ են բացում, երբ ընդամենը 3000 վրացի է ապրում Ջավախքում։ Մի հիվանդանոց են սարքել, որը ոչնչով չեն ապահովում։ Ըստ «Ա-ինֆո» (Ախալքալաք-ինֆո) գործակալության, միայն թոշակների պարտքը կազմում է մոտ 1 մլն 200 հազար լարի։ Տարրական իրավունքներից են զրկված մարդիկ եւ լավ օրից չէ, որ ինքնավարությունը դառնում է անհրաժեշտություն, քանզի շորթումն ու ամենաթողությունն անցել են տանելի բոլոր սահմանները։ Մի տեղեկանքի համար մարդը պիտի հասնի Ախալցխա, իսկ այնտեղ իր աշխատավարձը ստանալու գնացած մարդուն թալանում են հենց ճանապարհին։ Ավազակությունն ու թալանը տիրում է ամենուրեք։ Երբ մարդիկ խոսում են, զգացվում է, թե ինչքան խորն է ցավն ու վիրավորանքը։ Նրանք հաստատ չեն ուզում կիսել նախիջեւանցիների ճակատագիրը։ Ղարաբաղյան օրերին ջավախեցին, մոռանալով տուն-տեղ, գնաց կռվելու Արցախի համար, սակայն այսօր իրենք են մատնված բախտի քմահաճույքին եւ անզոր են պայքարելու Հայաստանի իշխանությունների վարած ջայլամի քաղաքականության դեմ։ Սակայն Ջավախքը աղքատ ազգական չէ, որ բավարարվի փշրանքներով, նրանք հայրական վերաբերմունք են ակնկալում, քանզի դրսեւորում են որդիական մոտեցում։ Ղարաբաղում զոհված զինվորների ընտանիքներն այսօր սոված են՝ թողնված եկեղեցու ողորմությանը։ Վրաստանի իշխանությունները չեն հոգալու նրանց համար եւ դա բնական է։ Օր օրի ավելանում է որբերի թիվը։ Որքան վատանում է տնտեսական վիճակը, այնքան շատ թվով մարդիկ են մեկնում օտար ափերում հաց վաստակելու։ Ու ամիս չի լինում, որ ցինկե դագաղով «չվերադառնան»։ Ռուսաստանի հետ վիզայի ռեժիմի եւ այլ դժվարությունների պատճառով կամաց-կամաց բարակում է տունդարձի ճանապարհը։ Ջավախքն անհանգստացած էր նաեւ շրջանի էլէներգիայի բաշխման պատասխանատու Ֆեդյա Թորոսյանի անօրինական կալանման համար։ Մոտ 1,5-2 տարի առաջ Հայաստանը էներգիա պիտի տրամադրեր Ջավախքին։ Ոգեւորությունը մեծ էր, սակայն վրացական կողմը սկսեց քաշքշուկներ ստեղծել եւ երկար ժամանակ չի ստորագրվում երկկողմանի պայմանագիրը։ Ստեղծվեց մի ուժ, որ իր վրա վերցրեց պատասխանատվությունը՝ հարցերը կարգավորելու եւ ապահովելու էներգիայի մուտքը տարածաշրջան։ Դա բավականին ծանր աշխատանք էր եւ Ֆեդյա Թորոսյանը, որ գլխավորում էր այդ կառույցը, նշանակալի դեր խաղաց։ Այդ տարիներին ահռելի քանակի մարդիկ հուսահատ հեռացան Ջավախքից, հայաթափումը նոր փուլի մեջ էր։ Եվ Ֆեդյա Թորոսյանի նման հերոսական մարդիկ էին, որ իրենց գործունեությամբ օգնեցին դիմակայելու դժվարություններին։ Այսօր ինչ-ինչ անճշտություններ վկայակոչելով, կապված էներգիայի սպառման գործընթացի հետ, նրան կանչել են Ախալցխա, 3 օր անց տեղափոխել Թբիլիսի։ Ջավախքում նման մարդիկ վտանգ են ներկայացնում, եւ իշխանությունները աշխատում են հնարավոր բոլոր ճանապարհներով ազատվել նրանցից, դարձնելով իրենց ստոր գործարքների քավության նոխազ։ Ջավախքում մշակույթ, որպես այդպիսին, գոյություն չունի։ Չեն եղել եւ չկան համապատասխան պայմաններ։ Ժողովուրդը համախմբման, հոգեւորի եւ մշակույթի ստեղծած մթնոլորտի կարիքն ունի։ Ամբողջ Ջավախքում միայն Սուրբ Խաչ եկեղեցին է (մնացած վայրերն անտեր են), որ կազմակերպված օղակ է հանդիսանում, ուր առաջնորդական փոխանորդությունը գործունեություն է ծավալել։ Ստեղծվել է 40 ձայնով երգչախումբ, դպրոցներում փորձում են կազմակերպել կրոնի դասեր։ Բացվում են եկեղեցիներ։ Սակայն նույն Հայր սուրբը ողջ Ջավախքի տարածքում բացում ու վերաբացում է եկեղեցիներ (Ռուսաստանում հաջողած մեր գործարար հայրենակիցների նվիրատվություններով), ուր ժամանակի ընթացքում ճանապարհների, միջոցների, հոգեւորականների բացարձակ բացակայության պատճառով մարում է այն խանդավառությունը, որ հաջողվում է բորբոքել այս կամ այն վայրում։ Ում են պետք վերաբացված ու վերաբացվելիք եկեղեցիները, եթե չկա այն հոգեւոր սպասավորը, որը բացված աղոթատանը պիտի արարողություն անի, համախմբի իր հոտը։ Այնինչ, Էջմիածնին 5-6 հոգեւորական է տվել միայն Ծալկայի եւ Բոգդանովկայի շրջանը, որոնք երբեւէ չեն անդրադառնում, որ կարելի է գոնե տարին 1-2 անգամ այցելել հայրենի եզերք եւ պատարագ մատուցել՝ Էջմիածնում փափուկ կյանք վարելու փոխարեն։ Ջավախեցիները շնորհակալ էին, որ չնայած դժվարություններին, կան կառույցներ, որոնք աշխատում են։ ՋԵՄ-ը (Ջավախքի երիտասարդական միություն), ՀՕՄ-ը (Հայ օգնության միություն), ՋԺՇ-ն (Ջավախքի ժողովրդական շարժում)։ ՀՕՄ-ն իր գործունեությունը սկսել է անցյալ տարի։ Այն զբաղվում է կրթական, մշակութային, տնտեսական խնդիրներով։ 10 դպրոցների վերանորոգման ծրագիր ունի, հոգում է հիվանդանոցի սարքավորումների, դեղորայքի հարցերը։ Ախալցխայում նախատեսված է կառուցել մանկապարտեզ, 300 որբի համար պիտի բացվի գիշերօթիկ դպրոց, որը նաեւ մոտ 150 աշխատատեղ կապահովի։ Բոլոր գյուղերում նախատեսել են ստեղծել ամբուլատորիաներ։ Նրանք գտնում են, որ օգնության կարիք, իհարկե, կա, սակայն աշխատատեղերի ապահովումը կլինի հարցերի իրական լուծումը։ ՌՈՒԶԱՆ ԱՎՈՅԱՆ