«Հանրապետությունը» պաշտպանելու է «անցողիկ թեկնածուի» «Բոլոր ընդդիմադիր ուժերը հակված եմ համախմբելու»,- «Ազատություն» ռ/կ-ին ասել է «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը: Նախկին վարչապետը նշել էր, թե ընդդիմադիր ուժ է համարում ինչպես Լեւոն Տեր-Պետրոսյանին, այնպես էլ ՀԺԿ-ին: Նրանց երկուսի հետ էլ կա կապվածություն: «Մի դեպքում մենք կապված ենք Շարժման գաղափարներով, իսկ մյուս դեպքում՝ «Կառուցենք ու պաշտպանենք» կարգախոսով,- ասել է նա,- ուստի կողմ եմ, որ ընդդիմադիր դաշտում առարկայանա համախմբումը, եւ ոչ թե տրոհումներ ու ինտրիգներ լինեն»: Հարցին ի պատասխան, թե հնարավոր համարո՞ւմ է, որ «Հանրապետություն» կուսակցության առաջիկա համագումարում նախագահի թեկնածու առաջադրվի Լեւոն Տեր-Պետրոսյանը, Սարգսյանն ասաց. «Ես երբեք ոչինչ չեմ բացառում»: Նախկին վարչապետը հավելեց, թե առաջադրվել-չառաջադրվելը նախկին նախագահի որոշելիքն է. «Մենք միշտ կողմնակից ենք եղել անցողիկ թեկնածուի: Եթե այդ թեկնածուն կլինի Լեւոն Տեր-Պետրոսյանը… կամ չգիտեմ ով, մենք կպաշտպանենք այդպիսի թեկնածուին: Լեւոն Տեր-Պետրոսյանը որպես քաղաքական գործոն քաղաքական դաշտում կա՝ անկախ նրանից, ինքը գործունեություն ծավալո՞ւմ է, թե՞ ոչ»: Արամ Սարգսյանը չհերքեց, որ «Հանրապետություն» կուսակցության ղեկավար անդամները հանդիպումներ ունենում են Լեւոն Տեր-Պետրոսյանի քաղաքական թիմի ներկայացուցիչների հետ: «Նրանք իմ բարեկամներն են, որոնց հետ այսօրվա դրությամբ էլ շփվում եմ»,- ասաց Սարգսյանը՝ ավելացնելով, սակայն, որ այդ շփումներում «նոր ակտիվություն» ինքը չի զգացել: «Պիտի ասեմ, որ մեր կուսակցությունը միարժեքորեն կողմ է քաղաքական համախմբման: Դա է պատճառը, որ մենք բազմաթիվ ֆորմատներ ենք ուզում ստեղծել եւ շփվել մնացած բոլոր քաղաքական ուժերի հետ՝ անկախ նրանից, թե իրենց գաղափարախոսությունը մեր գաղափարախոսության հետ համահունչ է թե ոչ՝ գլխավոր խնդիր ունենալով Հայրենիքը»: