ՎԱ՜Յ-ՎԱ՜Յ Եթե նախարար Անդրանիկ Մանուկյանը նախօրեին ասուլիս անցկացրած չլիներ՝ ԱժՄ համագումարում ելույթ ունեցած որոշ հռետորների ասելիքն ավելի սուղ կլիներ: Նախ «Հայրենիք եւ պատիվ» կուսակցության նախագահ Մանուկ Գասպարյանը հայտնեց, որ ամբիոն է բարձրացել հենց «պոռոտախոսներին» պատասխան տալու համար. «Անդրանիկ Մանուկյանը հայտարարում է «այսպես կոչված ընդդիմություն»: Ազգի 95%-ն այսպես կոչված են, հա՞, քեզ համար, պարո՛ն Մանուկյան: Ասում են՝ էշն ի՞նչ գիտի՝ նուշն ինչ է: 1990-ից սկսված երբեւիցե ընդիմություն չես եղել, ի՞նչ գիտես՝ ընդդիմությունն ինչ բան է, որ այսօր էլ ասում ես՝ «այսպես կոչված»: Հաջորդը Պարույր Հայրիկյանն էր. «Երեկ մի նախարար, որ ժողովրդին հարստահարելու, պետական բյուջեին մաքսատուրքեր չվճարելու միջոցով դարձել է մեծահարուստ՝ հայտարարում էր, թե ինքը համոզված է, որ Ռոբերտ Քոչարյանը հաղթանակելու է առաջին փուլում: Դա հնարավոր է միայն 1996-ի օրինակով. այդ նախարարը 1996-ին էլ մեկ փուլով «անցած» թեկնածուի կողքին էր»: Սակայն ամենասուրն ակադեմիկոս Ռաֆայել Ղազարյանի անդրադարձն էր, որն առավել վրդովվել էր այն փաստից, որ Անդրանիկ Մանուկյանը շնորհավորել է Վանո Սիրադեղյանի ծննդյան օրը. «Եվ ավելացրեց՝ «Ինձ դուր է գալիս նա: Նրա եւ Լեւոնի օրոք ես լավ էի աշխատում», այսինքն՝ լավ էի գռփում, հարստանում: Դուք գիտակցեցի՞ք ամբողջ զավեշտությունը: Ես զարմանում եմ, որ դուք բոլորդ միաձայն չասացիք՝ «վա՜յ»: Որովհետեւ ավելի զավեշտային բան ես չեմ պատկերացնում՝ որեւէ երկրում դա հնարավոր չէ. ուրեմն, կառավարության գործող նախարարը շնորհավորում է որոնման մեջ գտնվող մարդասպանին: Էլի «վա՜յ» չասացիք»: Ակադեմիկոսի այս հորդորները շարժեցին միայն Աշոտ Մանուչարյանի գութը եւ նա մի անկապ տեղ ասաց՝ «վա՛յ»: Ինչ վերաբերում է մեզ՝ մեր «վա՜յ»-ն ասել էինք դեռ 1998-ին, երբ Ռաֆայել Ղազարյանը Ռոբերտ Քոչարյանին պաշտպանելու մոլուցքից դրդված պնդում էր, թե Կարեն Դեմիրճյանն իր ուսերին իշխանության է բերում Լեւոն Տեր- Պետրոսյանին: Դրանից հետո ակադեմիկոսի ասածներից այլեւս «վա՜շ-վի՜շ» չենք անում: Ա. Ի.