Լրահոս
Օրվա լրահոսը

«Կլոր սեղան» Պոնտիո համալսարանում

Նոյեմբեր 15,2002 00:00

«Կլոր սեղան» Պոնտիո համալսարանում Ինչպես արդեն հաղորդել էինք, նոյեմբերի 13-ին Աթենքի Պոնտիո քաղաքական գիտությունների համալսարանում տեղի ունեցավ 20-րդ դարի ցեղասպանություններին նվիրված «Կլոր սեղանը», որը կազմակերպել էին այդ համալսարանի եւ Հունաստանի Հայ Դատի գրասենյակի ջանքերով։ Կլոր սեղանին զեկուցումով հանդես եկավ Հայկական հարցի հայտնի մասնագետ, պրոֆեսոր Վահագն Տատրյանը։ Նրա բարձրացրած հիմնական հարցն էր տեղական (ազգային) եւ միջազգային իրավունքների հարաբերակցությունը։ Այդ առումով պրոֆեսորը վերլուծեց 1919-20 թվականների թուրքական ռազմական տրիբունալի որոշումները երիտթուրքերի վերաբերյալ, ինչպես նաեւ մի շարք միջազգային փաստաթղթեր։ Հայաստանի կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանն իր ելույթում նշեց, որ ցեղասպանությունը հիմնված էր հստակ գաղափարախոսության վրա, եւ այդ գաղափարախոսությունն իսլամիզմը չէր։ Ըստ նախարարի, այդ գաղափարախոսության հիմնական նպատակն էր բոլոր օտար ժողովուրդներին, այդ թվում՝ մահմեդական քրդերին, Օսմանյան կայսրությունից վերացնելը եւ միայն թուրքական տարրը թողնելը։ Ընդ որում, ինչպես նշեց պրն Մկրտչյանը, այդ նպատակն էին դրել Թուրքիայի երեք վարչակարգերն էլ՝ Սուլթան Համիդի, երիտթուրքերի եւ Մուստաֆա Քեմալի։ Հունական ներկայացուցիչներից առավել ուշագրավը նախկին արտգործնախարար, խորհրդարանի պատգամավոր Թեոդորոս Պանկալոսի ելույթն էր։ Թե՛ նրա, եւ թե՛ Պոնտիո համալսարանի պրոֆեսորների ելույթներում առավել լսելի էին ժամանակակից քաղաքական թեմաները՝ մասնավորապես Կիպրոսի խնդիրը։ Պրն Պանկալոսն այդ հարցում կտրուկ էր՝ Կիպրոսի թուրքական համայնքի ղեկավար Ռաուֆ Դենքթաշը պետք է պատասխանատվության կանչվի միջազգային տրիբունալի կողմից, ինչպես Սլոբոդան Միլոշեւիչը։ Հունաստանի հասարակայնությունը չափազանց դժգոհ է ՄԱԿ-ի առաջարկած Կիպրոսի խնդրի կարգավորման ծրագրից, որը փաստորեն հավասար քաղաքական իշխանություն է տալիս հույներին եւ կղզու հյուսիսային մասը վերահսկող թուրքերին։ Սակայն այդ դժգոհությունը կարծես թե հաշվի չի առնվում Հունաստանի իշխանության կողմից։ Թվում է, որ ամերիկյան միջնորդությամբ պաշտոնական Աթենքը որոշակի պայմանավորվածության է հասել Անկարայի հետ։ Հաջորդ շաբաթ Հունաստան է ժամանելու Թուրքիայի ապագա վարչապետ Էրդոշանը։ ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ Աթենք

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել