Լրահոս
Օրվա լրահոսը

Ցույցի օրերին Բուշը բացակայում է քաղաքից

Նոյեմբեր 15,2002 00:00

Ցույցի օրերին Բուշը բացակայում է քաղաքից Վաշինգթոնում ամեն շաբաթ ցույցեր են տեղի ունենում։ Այն հրապարակը, որտեղ Սպիտակ տունը շրջափակող փողոցներից հավաքվում են ցուցարարները, կոչվում է Ազատության հրապարակ։ Հայաստանի լրագրողների ԱՄՆ կատարած այցի առաջին օրը (հոկտեմբերի 25) Երեւանում եւս հանրահավաք անցկացվեց։ Ու երբ հաջորդ օրը՝ հոկտեմբերի 26-ին, Վաշինգթոնի փողոցներում հանդիպեցինք «Իրաքի պատերազմի դեմ» կարգախոսով ցուցարարներին՝ մտածեցինք՝ «ճակատագրից հեռու չես փախչի»։ Ցույցը չափազանց բազմամարդ էր, կազմակերպված եւ աղմկոտ։ Չկար մի ցուցարար, որը զարդարված չլիներ պլակատներով, խաղաղության մասին գլխարկներով, հազար ու մի այլ կարգի ցուցադրական բաներով, որոնք մեծ ուշադրություն էին գրավում։ Շատերը նույնիսկ մերկ էին հրապարակ ելել եւ վանկարկում էին՝ «Ո՛չ, Իրաքի դեմ պատերազմին», «Բուշը վատն է», եւ այլն։ Նույն օրը երկրի հեռուստակայաններից որեւէ մեկը ցույցի մասին որեւէ խոսք չհաղորդեց, թերթերը՝ նույնպես։ Մինչ մենք մտածում էինք, թե Հայաստանի չափանիշներով այս հսկայական, մարդաշատ ցույցը գուցեեւ Վաշինգթոնի համար խիստ աննշան է (թեպետ տպավորությունը ցնցող էր նույնիսկ նման խոշոր քաղաքի պայմաններում), ԶԼՄ-ներից մեկում մեզ որոշ բաներ ասացին ցույցի մասին։ Միակ թերթը, որը մանրամասն անդրադարձել էր ցույցին՝ «Վաշինգթոն փոսթն» էր, որը գրեց, թե Վիետնամի պատերազմից ի վեր սա առաջին խոշոր ցույցն էր։ Սովորաբար ԶԼՄ-ներն անդրադառնում են այն ցույցերին, որոնց ժամանակ մարդ են ծեծում կամ ձերբակալում։ Եվ ամենակարեւորը՝ ամերիկացիներին ավելի շատ հետաքրքրում են հարկերի մասին նյութերը, ինչպես նաեւ բեյսբոլն ու սպորտն ընդհանրապես։ Իսկ արտաքին քաղաքականությունը, միջազգային իրավիճակը եւ այլն, իբր, ամերիկացիներին բոլորովին հետաքրքիր չէ։ Բայց եթե միանգամից 100 հազարից ավելի մարդ փողոց է դուրս գալիս եւ բողոքում Բուշի վարած արտաքին քաղաքականության դեմ, ուրեմն վերն ասվածն այնքան էլ ճիշտ չէ։ Իրական է նաեւ այն, որ եթե 100 ամերիկացու կանգնեցնես ու հարցնես, թե որքանով է Իրաքը պրոբլեմ, հարյուրն էլ միաձայն կասեն, որ դա պրոբլեմ չէ։ Մյուս կողմից՝ «Սեպտեմբերի 11»-ը թերագնահատել հարկավոր չէ, նրա ազդեցությունը, վախը եւ շփոթվածությունը խիստ արտահայտիչ է։ Ամերիկացիք փորձում են հասկանալ, թե ինչ տեղի ունեցավ։ Նրանք հարգում են իրենց նախագահին, հավատում են նրան եւ փաստորեն օրը հազար անգամ էկրանից տեսնելով ու լսելով, որ Սադամ Հուսեյնը վատն է, որ նա վտանգավոր է ու մեղավոր, հավատում են դրան եւ գտնում են, որ Բուշը ճիշտ է, երբ ասում է, թե Իրաքի դեմ պատերազմ պետք է հայտարարվի։ Նկատելի է, որ «Սեպտեմբերի 11»-ից հետո ուշադրությունը միջազգային լրատվության, միջազգային նորությունների եւ անցուդարձի մասին սկսել է ինչ-որ չափով հետաքրքրել ամերիկացիներին։ Սակայն նույնիսկ այդ դեպքում նախընտրական քարոզարշավի ընթացքում որեւէ թեկնածու չխոսեց Իրաքի պատերազմի դեմ, վախենալով քվեներ կորցնել։ Վերադառնալով վաշինգթոնյան ցույցին, ասեմ, որ ոստիկանությունն իրեն խիստ քաղաքակիրթ է պահում եւ որեւէ կերպ չմիջամտեց երթին, փողոցները մի քանի ժամ առաջ արդեն փակել էին ավտոմեքենաների երթեւեկության համար։ Ցուցարարների մեջ այլազգիները գերակշռում էին, բազմաթիվ պլակատներով փողոց էին ելել պաղեստինցիք, հնդիկներ եւ այլք, ուսանողությունն ուներ ամենաակտիվ մասնակցությունը։ Ռադիոներից մեկի աշխատակցի վկայությամբ, ցույցին 20-30 հազար մարդ էր մասնակցում, ըստ կազմակերպիչների՝ 100 հազար։ Պարզվում է, ցույցերի օրերին քաղաքից բացակայելու սովորություն միայն Ռոբերտ Քոչարյանը չունի, այլ նաեւ Ջորջ Բուշ կրտսերը։ Վերոհիշյալ ցույցի օրը Բուշը Սպիտակ տանը չէր, սակայն տարածքում էր եւ ինչ-որ տեղ զբաղված էր դրամահավաքով։ Իսկ իրենց տներում, սրճարաններում եւ հասարակական այլ վայրերում նստած կամ կանգնած ամերիկացիները կլանված էին հեռուստատեսությամբ ցուցադրվող բեյսբոլի խաղով։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ ԱՄՆ-Հայաստան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել