«ԷԼԻ ՍԿՍԵՑԻՆՔ» ԱԺՄ 14-րդ համագումարում ասաց կուսակցության նախագահ Վազգեն Մանուկյանը, որը երեկ արդեն երրորդ անգամ առաջադրվեց հանրապետության նախագահի թեկնածու: «Ատելությունը սրտներումդ մի՛ մտեք պայքարի մեջ: Մենք Լեւոն Տեր- Պետրոսյանի դեմ պայքարում էինք՝ անկեղծ եմ ասում, նրա նկատմամբ չեմ ունեցել ատելություն: Ռոբերտ Քոչարյանի դեմ ենք պայքարելու. շատ վատ է, լրիվ փչացրեց Հայաստանը: Բայց էլի առանց ատելության»,- համագումարի ավարտին հորդորեց իր կուսակիցներին ԱԺՄ նախագահը: Իսկ սա արդեն համագումարի սկզբում նրա ունեցած ելույթից մեջբերում է. «Մենք կորցրել ենք բոլոր այն գաղափարները, որոնք միավորում էին մեր ժողովրդին նախորդ ժամանակաշրջանում, եւ այս պայմաններում մենք նորից մտնում ենք նախագահական ընտրությունների մեջ»: Խոսքն այն գաղափարների մասին էր, որոնք «դարերով էին եկել եւ մարմնավորվել 1988-ի Շարժման մեջ: Այդ գաղափարներով էր, որ մենք մեր առջեւ դրել էինք ֆանտաստիկ նպատակներ եւ հասանք դրանց: Ճանապարհին կորցրեցինք այդ գաղափարները: Ո՞վ էր մեղավոր: Իհարկե, իշխանությունները մեղավոր էին: Իհարկե, Լեւոն Տեր-Պետրոսյանը մեղավոր էր: Հիմա գնում է ավելի վատ բան՝ այդ գաղափարները լրիվ ոտնահարվում են, քաղցկեղի պես վերեւից գնում է այդ փչացումը: Ընտրությունից ընտրություն գնում է փչացում: 1995-ին պետք էր մարդկանց ծեծել, որպեսզի ընտրություններ ապահովեն, 1996-ին պետք էր տանկեր մտցնել քաղաք: Հիմա դա պետք չի՝ չկա դիմադրություն»: Այնուամենայնիվ, Վազգեն Մանուկյանը վստահ է, թե Հայաստանում լինելու է ընտրությունների միջոցով փոփոխություն՝ այն պարտադրված է ներկա վիճակով. «Զարմանալի է, թերթերում երբեմն գրում են, որ Ռոբերտ Քոչարյանն այլընտրանք չունի: Բայց ինչո՞ւ եք մեր ժողովրդին այդպես վիրավորում: Այսինքն, այս կոռուպցիան, անօրինականություններն, աղքատությունը, գռփելն այլընտրանք չունի՞: Լիքն է այլընտրանքը, դահլիճը լիքն է այդ այլընտրանքներով: Ուրիշ բան, որ ասում են, թե ընտրությունների միջոցով այլընտրանք չի կարող առաջանալ: Կա խնդիր. հասարակության մեջ զոռբաների մի փոքր խումբ ամեն ինչ վերցրել է իր ձեռքը եւ պատերազմ է հայտարարել հասարակությանը: Եվ մենք պարտվո՞ւմ ենք»: ԱԺՄ նախագահը հարց առաջադրեց՝ մի՞թե հասարակությունը չի կարող հաղթել նաեւ այս պատերազմում: Եվ պատասխանը հետեւյալ զուգահեռն էր. «Դուք մոռացել եք 1996-ի ընտրությունների սկիզբը. գրեթե բոլոր կուսակցությունները հայտարարում էին, որ ընտրություններից ոչ մի օգուտ չկա, պետք է բոյկոտել: Հետեւողական գնացինք, հաղթեցինք»: Իր կուսակիցներին Վազգեն Մանուկյանը հերթական անգամ կոչ արեց գնալ հաղթելու եւ խոստացավ, թե գնալու են մինչեւ վերջ: «Առավոտն» ավելի ուշ փորձեց պարզել, թե որքա՞ն է այդ «մինչեւ վերջը», արդյոք ԱԺՄ նախագահը չի՞ զիջելու իր թեկնածությունը որեւէ մեկին, սակայն նա միայն պատասխանեց. «Ես շատ լավ պատկերացնում եմ, թե ինչ է տեղի ունենալու: Ժամանակը կգա՝ դուք էլ կտեսնեք»: Դահլիճում ներկա «այլընտրանքները» նույնպես ծափերով էին դիմավորել Վազգեն Մանուկյանի այն հավաստիացումը, թե գնալու են մինչեւ վերջ: Թեեւ երբ եկավ ողջույնի խոսքերի ժամանակը՝ լրագրողները որսացին նուրբ ակնարկներ: Ասենք, «Հանրապետության» նախագահ Ալբերտ Բազեյանը հայտարարեց. «Մենք ակնկալում ենք ԱԺՄ-ից հստակ գնահատական «27»-ի ոճրագործությանը, այդ ոճրագործության հետեւանքների բացահայտման նպատակասլացություն եւ կազմակերպիչներին հայտնաբերելու ու պատասխանատվության ենթարկելու հստակ դիրքորոշում»: Առավել կոշտ էին ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի ակնարկները, որն իր գրավոր ելույթն առիթ դարձրեց, որպեսզի հակահարված տա Վազգեն Սարգսյանի եղբորը: Հիշեցնենք, որ Արամ Սարգսյանը բացասաբար էր արձագանքել «16»-ում ԱԻՄ-ի ներգրավման հեռանկարին: Եվ պրն Հայրիկյանն ի պատասխան երեկ նշեց, թե ԱԺՄ-ն ու Վազգեն Մանուկյանը ներողամտության եւ հանդուրժողականության օրինակ են. «Հանուն ազգային առաջընթացի՝ դուք եւ ձեր առաջնորդը կարողանում եք դաշնակցել նաեւ այն ուժերի հետ, որոնք 1996-ին Լեւոն Տեր-Պետրոսյանին պաշտպանելու կոչ էին անում կամ, պայքարելով մեր միասնական թեկնածուի դեմ, ասում էին. «100%-ով էլ հաղթեն՝ իշխանությունը չենք տա»: Թեեւ նաեւ ասաց. «ԱԻՄ-ը որեւէ բարդույթ չունի, որեւէ մեկին միանալու հայտ չի ներկայացրել եւ որեւէ մեկին «այո» կամ «ոչ» չի ասել: Մենք անպայման կդաշնակցենք հանուն իրական ժողովրդավարության պայքարելու պատրաստ ուժերի հետ՝ անկախ նրանց անցյալից»: Առանձին անդրադարձի են կարոտ այն գործիչների ելույթները, ովքեր ոչ վաղ անցյալում ԱԺՄ-ից էին: Նշենք, որ հրավիրված էին բոլոր կուսակցությունները՝ բացի Սեյրան Ավագյանի ՀԺԱՄ-ից: ԱԺԿ անունից հանդես եկող Դուստրիկ Մխիթարյանն անգամ մի քիչ տարօրինակ համարեց, որ ինքն այժմ հանդես է գալիս ոչ որպես ԱԺՄ-ի, այլ ուրիշ կուսակցության անդամ: Իսկ ԱԺԴ նախագահ Արշակ Սադոյանը շարունակում էր ԱԺՄ-ում իրեն զգալ՝ «ինչպես ձուկը ջրում» եւ Վազգեն Մանուկյանի զեկուցումից էլ երկար ելույթ ունեցավ՝ «դարերի մեջ ապրող ազգ-օրգանիզմի» շուրջ նախասիրած թեմայով: Ներկաները կատակում էին, թե Սադոյանը սեփականաշնորհեց ԱԺՄ համագումարը եւ այլեւս իր սեփականն անցկացնելու հարկը չունի: «Սա մայր կուսակցության համագումարն է»,- ասաց Սադոյանը, իսկ քանի որ ԱԺՄ-ն էլ իր հերթին առաջացել է ՀՀՇ-ից, ուրեմն վերջինս էլ տա՞տ կուսակցությունն է: Սակայն Սադոյանի այլ հայտարարություններ բոլորովին տեղ չէին թողնում կատակելու: Նա հերթական անգամ կոչ արեց ստեղծել խմբեր, որոնք թույլ չեն տա զանգվածային կեղծիքներ, իսկ եթե դրանից հետո էլ իշխանությունը դիմի կեղծիքների՝ «թող լինի քաղաքացիական պատերազմ»: Հնչեցին ծափեր, որոնք արժանացան Վազգեն Մանուկյանի առարկությանը. «Միշտ էլ կարելի է հաղթել առանց դրա»: Վերջում նշենք, որ երբ 1998-ին էր Վազգեն Մանուկյանն առաջադրվել նախագահի թեկնածու՝ դեմ էր քվեարկել միայն նրա կինը՝ Վարդուհի Իշխանյանը: Այս անգամ ո՛չ նա, ո՛չ ուրիշ որեւէ մեկը դեմ չէր: «Էլի սկսեցինք, էլի սկսվեց այս տանջալից ճանապարհը»,- հոգոց հանեց Վազգեն Մանուկյանը, եւ ԱԺՄ փոխնախագահ Ալեքսանդր Բուտաեւն արձագանքեց. «Կտ255ՑՖ ՍՐպՎՈՑՏՐՌռ»: ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ