Լրահոս
Օրվա լրահոսը

«ՄՏԱՎՈՐԱԿԱՆ» ՇՈՒԿԱ

Նոյեմբեր 15,2002 00:00

«ՄՏԱՎՈՐԱԿԱՆ» ՇՈՒԿԱ Առաջիկա նախագահական ընտրություններում հայ մտավորականների հավաքական կամքն ու դիրքորոշումը հայտնելու նպատակով մտավորականների մի շատ նեղ շրջանակում երեկ ժողով էր: Հայտնի էր, վերջիններս մտադիր էին ՀՀ նախագահի թեկնածու առաջադրել Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ Սրբազանին, ՀԳԱԱ ավագ գիտաշխատող Ռաֆիկ Համբարձումյանին ու Րաֆֆի Հովհաննիսյանին՝ այդ ցանկից ընտրելով մտավորականների անունից առաջադրվելիք ՀՀ նախագահի այն «միասնական թեկնածուին», որը ներկայացնելու էր հայ մտավորականության խիղճն ու միտքը, համախմբելու էր «ողջ հայությանը», կարողանալու էր «հարցեր լուծել», հայ ժողովրդի առաջ ծառացած հիմնախնդիրների լուծմանը գիտական մոտեցում ցուցաբերել: Հիշյալ ցանկից, սակայն, Պարգեւ Սրբազանը ինքնաբացարկ էր հայտնել՝ միաժամանակ հորդորելով իր անունն այդ համատեքստում չշոշափել, իսկ Ր. Հովհաննիսյանից մտավորականները որոշակի պատասխան չէին ստացել: Դեռ նախորդ օրը հայտնի էր, որ մտավորականների նախաձեռնող խումբը որոշում էր կայացրել «միասնական թեկնածու» առաջադրել ՀԳԱԱ ակադեմիկոս, Մեխանիկական ինստիտուտի տնօրեն Լենսեր Աղալովյանին: Ու երբ հայտարարվեց, որ ընտրությունը պետք է կատարվի վերջինիս ու Ռ.Համբարձումյանի միջեւ, դահլիճից ընդվզեց Հրաչյա Մաթեւոսյանը՝ իսկ ով է ասել, որ Ր.Հովհաննիսյանն իր համաձայնությունը չի տվել: Սա խառնեց նախօրոք կազմված սցենարն ու ժողովը վերածվեց թունդ բանավեճի: Հ.Մաթեւոսյանը պնդում էր, թե ամենաարժանի թեկնածուն Ր.Հովհաննիսյանն է, որ վերջինս համաձայն է իր թեկնածության առաջադրմանը: Նա պահանջեց նրա անունն ավելացնել այդ ցանկում, ավելին՝ առաջին տողում. ներկաները դժգոհեցին: Ոմանց գնահատականով՝ Ր.Հովհաննիսյանն արժանապատվությունից վեր էր համարել զանգել եւ որոշակիացնել իր առաջադրման հետ կապված հարցը: Նախագահությունից էլ պնդում էին, թե նա գրավոր համաձայնություն չի տվել: Ի վերջո, շուկայի վերածված ժողովի նախագահությունն առաջարկեց, որ «կոլեկտիվներում» քննարկված այլ թեկնածություններ եւս՝ «պաժալուստա», կարող են ներկայացվել: Հնարավոր թեկնածուների ցանկն ավելացավ մեկով՝ ՀԿԿ ԿԿ նախկին առաջին քարտուղար Վլադիմիր Մովսիսյանով: Դժգոհներ եղան, եւ «միասնական թեկնածուի» տիտղոսին հավակնող Լ.Աղալովյանը սկսեց տեղում անհանգիստ շարժումներ անել: Դահլիճը ցուցադրաբար լքեցին «Հանրագիտարանի» խմբագրության աշխատակիցները՝ Հովհաննես Այվազյանի գլխավորությամբ: Վերջինս մեր թղթակցին ասաց, թե իրենք հիասթափված են ժողովից եւ կարծիք հայտնեց, թե «մտավորականներն իրավունք չունեին այսքան անկազմակերպ լինելու». «Եթե խոսք ունեն ասելու, առաջին հերթին պետք է կարողանան իրենց խոսքը ձեւակերպել: Մենք այստեղ էինք հրավիրյալի կարգավիճակով, որովհետեւ նրանք մեր ընկերներն են, մենք էլ մտավորականներ ենք, բայց այդ նախաձեռնությանը երբեք մասնակից չենք եղել, եւ այս տեսակ մտավորականների ժողովը, կարծում եմ, մտավորականներին վայել չէ»: Ի վերջո, առաջադրվեցին հիմնական թեկնածուներ Լ.Աղալովյանն ու Ռ.Համբարձումյանը: Առաջինը բնութագրվեց իբրեւ «բազմապրոֆիլ» մարդ: Մտավորականները շեշտեցին՝ «գիտությունը երկրի ստրատեգիան է», «առանց գիտության մենք ընդունակ չենք ո՛չ ինքնապաշտպանության, ո՛չ ինքնապահպանության», ու եկան այն եզրակացության, որ ՀՀ նախագահի ամենահարմար թեկնածուները հենց Լ.Աղալովյանն ու Ռ.Համբարձումյանն են: Ու եթե Լ.Աղալովյանին նախապատվություն տվողներից մեկն ընդգծում էր, թե երկրի նախագահին անհրաժեշտ է կիբեռնետիկի մտածողություն, ապա նկարիչ Կ.Սմբատյանը կարծիք հայտնեց, թե ՀՀ ապագա նախագահը պետք է լինի հատկապես հասարակական գիտությունների գիտակ՝ ինչպիսին է Ռ.Համբարձումյանը: Իհարկե, այլ կարծիք էլ կար. «համաշխարհային սոցիոլոգներին եւ հոգեբաններին» վկայակոչելով՝ մի մտավորական նկատեց, թե «երկրի ղեկավարը պետք է ունենա վեց հիմնական հատկանիշ՝ երեւակայություն, գիտելիք, հմտություն, վճռականություն, առողջություն եւ գրավչություն», ու սրանցից մեկի բացակայության դեպքում մարդն իրավունք չունի երկրի նախագահ դառնալ, ու առաջարկեց ընտրություն կատարել՝ ելնելով այդ հատկանիշներից: Խոսեց նաեւ Ռաֆայել Ղազարյանը: Ու եթե նա մինչեւ վերջերս կարծիք էր հայտնել, թե ՀՀ նախագահի ամենահարմար եւ կոռուպցիայի դեմ պայքարելու ընդունակ թեկնածու է համարում Գառնիկ Մարգարյանին, ապա երեկ հայտարարեց, թե պաշտպանում է իր լավ ընկեր Լ.Աղալովյանի թեկնածության առաջադրումը, որովհետեւ վերջինս ղարաբաղցի է ու Ղարաբաղը չի «ծախի»: Եթե հիշենք, որ 98-ին էլ Ռ.Ղազարյանը նույն տրամաբանությամբ պաշտպանել էր Ռ.Քոչարյանի թեկնածությունը, պետք է արձանագրել, այնուամենայնիվ, որ նա անցած 5 տարում առաջընթաց է ապրել ու հիմա, թերեւս, հասկացել է, որ ՀՀ նախագահը ոչ միայն ղարաբաղցի, այլ՝ գիտնական ղարաբաղցի պետք է լինի, եւ դա է, որ մեզ կփրկի: Քվեարկության արդյունքում «մտավորականության» «միասնական թեկնածու» առաջադրվեց ակադեմիկոս Լ.Աղալովյանը: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել