Լրահոս
Օրվա լրահոսը

Ուսումնառության «լավ օրերի» ակնկալիքով

Նոյեմբեր 14,2002 00:00

Ուսումնառության «լավ օրերի» ակնկալիքով Վաղամեռիկ Արտակ Քալանթարյանի ջանքերով, տասնմեկ տարի առաջ Տավուշի մարզի Բերդ քաղաքում հիմնադրվեց վարժարան, որի առաջին տնօրենն էլ դարձավ ինքը։ Վարժարան ընդունվում են 8-րդ դասարանը լավ եւ գերազանց գնահատականներով ավարտած այն պատանիներն ու աղջիկները, որոնք բարեհաջող անցնում են հարցազրույցը։ Կրթօջախն ունի երեք հոսք՝ հումանիտար, ֆիզմաթ, բնագիտական, որտեղ էլ դպրոցականն ընդունվելով, ըստ նախասիրության, 2 տարի անցնում է համապատասխան թեքումով խորացված ուսուցման դասընթաց, ստանալով նաեւ միջնակարգ կրթություն։ Ինչպես տեղեկացրեց տնօրեն Ռուզան Թումանյանը, վարժարանն ապահովում է գիտելիքների այնպիսի որակ, որ շրջանավարտն առանց լրացուցիչ պարապելու, հետագայում հեշտությամբ ընդունվում է ավարտած հոսքին համապատասխան որեւէ պետական բուհ։ Օրինակ, այս տարվա 48 շրջանավարտից հարցազրույցով 5 հոգի ընդունվել է պետական համալսարան, 9-ը՝ գյուղակադեմիա, 2-ը՝ ճարտարագիտական համալսարան, իսկ 24 դիմորդ էլ ընդունվել է ընդհանուր հիմունքներով։ Մյուսները, սոցիալական պայմաններից ելնելով, հնարավորություն չեն ունեցել առհասարակ որեւէ բուհ դիմելու։ Թերեւս ավելի շատ այս հանգամանքով է պայմանավորված վարժարանում սովորողների թվի տարեցտարի նվազումը։ Եթե նախկինում այստեղ սովորում էին 100-ից ավելի դպրոցականներ, ապա այժմ նրանց թիվը 45 է։ Քանի որ վարժարանն ավարտելուց հետո շատերն ի վիճակի չեն լինում շարունակել ուսումնառությունը հանրապետության բուհերում, ուստի սովորելը համարում են անիմաստ։ Իհարկե, քիչ չեն նաեւ այնպիսի ուսումնատենչ, ընդունակ դեռահասները, որոնք սովորում, ավարտում են վարժարանը՝ «լավ օրերի» ակնկալիքով, թե երբեւէ կկարողանան շարունակել ուսումը։ Սովորողների թվի նվազման պատճառներից մեկն էլ ահագնացող չափերի հասնող արտագաղթն է, որը պայմանավորված է, ինչու չէ, նաեւ իրենց երեխայի վաղվա օրվա մտահոգությամբ։ – Եթե վարժարանն ունենա հանրակացարան, ապա հնարավոր կլինի աշակերտներ ընդգրկել նաեւ շրջակա գյուղերից,- բացատրում է տնօրենը եւ շարունակում,- նախկինում կային սովորողներ, բայց հիմա, քանի որ տրանսպորտային ծախսերը բարձր են, չեն գալիս։ Վարժարանը հաջողությամբ մասնակցել է մի շարք մրցութային ծրագրերի։ Դպրոցների բարելավման ծրագրով կրթօջախը շահել է համակարգչային կենտրոն։ Ունի 4 համակարգիչ, առաջիկայում հաջորդ ծրագրով սպասվում է եւս 8-ը։ Նոյեմբերից կաշխատի ինտերնետ կենտրոնը։ Եթե վարժարանին տրվի մարզային դպրոցի կամ կրթահամալիրի կարգավիճակ, թերեւս մեծանա աշակերտաքանակը, որը երկուստեք ձեռնտու է։ Մանկավարժը կունենա ավելի մեծ լսարան եւ, փոխադարձաբար, ավելի շատ աշակերտներ կստանան կայուն գիտելիքներ։ Ուստի ակնկալում ենք համապատասխան շահագրգիռ մարմինների աջակցությունը։ ԱՐՄԵՆՈՒՀԻ ԲԱՂՄԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել