Լրահոս
Օրվա լրահոսը

Թեհրանյան հյուրախաղերից հետո

Նոյեմբեր 14,2002 00:00

Թեհրանյան հյուրախաղերից հետո «Երազանքս է հայ երգը ներկայացնել համաշխարհային մեծ բեմերում»,- ասում է «Հայ երգի փոքրիկ իշխան» Գուրգեն Դաբաղյանը։ Նրա մուտքը պրոֆեսիոնալ երգարվեստ եղել է յոթ տարեկանից, երբ Վ. Հովսեփյանի հուշ-երեկոյում ներկայացնում էր Սայաթ-Նովայի «Թամամ աշխարհ» եւ «Պատկիրքդ ղալամով քաշած» երգերը։ – Օրերս ես վերադարձել թեհրանյան մենահամերգ-հյուրախաղերից։ Ո՞ւմ կողմից էր հրավերը, ի՞նչ երգացանկով հանդես եկար եւ ինչպիսի՞ տպավորություններ ունես։ – Հրավերն իրանահայ ազգային եւ մշակութային միության կողմից էր, որտեղ, ի դեպ, նախատեսված 4 մենահամերգի փոխարեն տեղի «Րաֆֆի» մարզամշակութային համալիրում հանդիսատեսին ներկայացա 2,5 ժամանոց 7 մենահամերգով՝ կատարելով իմ երգացանկի ե՛ւ հին, ե՛ւ նոր ժողովրդա-գուսանական սիրված երգեր։ Ի դեպ, իրանահայերը շատ լավ ծանոթ էին մեր ժողովրդա-գուսանական երգերին եւ ուրախալի էր, որ իմ համերգներին, ջերմ երաժշտասեր հանդիսատեսից զատ, ներկա էին նաեւ մեծ թվով իրանցի պատգամավորներ, ինչպես նաեւ Իրանի ՀՀ դեսպանատան աշխատակիցներ ու Թեհրանի հայոց թեմի առաջնորդ գերաշնորհ տեր Սեպուհ եպիսկոպոս Սարգսյանը։ Հյուրախաղերի ընթացքում հանդիպեցի նաեւ այնտեղի Սողոմոնյան, Մարի Մանուկյան եւ Թովմասյան դպրոցների իմ հասակակիցների հետ։ – Վերջերս երաժշտասերներին նվիրեցիր «Ձենդ քաղցր ունիս» անվանումը կրող քո երրորդ ձայնասկավառակը։ Ո՞ր հեղինակների երգերն են նրանում զետեղվել։ – «Ձենդ քաղցր ունիս» սկավառակը եւս բաղկացած է ժողովրդա-գուսանական երգերից, որոնց հեղինակներն են Ջիվանին, Սայաթ-Նովան, Շերամը, Սմբատը, Հավասին, Ա. Մերանգուլյանն ու Ա. Հեքիմյանը։ Նշեմ, որ սկավառակում տեղ գտած 12 երգերը բոլորովին նոր երգեր են, որոնք, ի դեպ, չեն ընդգրկվել իմ նախորդ երկու սկավառակներում եւ նրանցից երկուսը՝ Հեքիմյանի «Սիրո ամառ» եւ Սմբատի «Նազելիս» երգերը երաժշտասերների դատին եմ հանձնել նաեւ տեսահոլովակի տեսքով։ – Երգացանկդ բացառապես բաղկացած է ժողովրդա-գուսանական երգերից։ Ինչո՞վ է դա պայմանավորված։ – Սերը ժողովրդա-գուսանական երգարվեստի նկատմամբ ժառանգել եմ մեր ընտանիքից, քանզի ծնվել եւ մեծացել եմ երաժշտագետի ընտանիքում (հայրը երգիչ Լեւոն Դաբաղյանն է, հորեղբայրը՝ դուդուկահար Գեւորգ Դաբաղյանը.- Գ. Ա.), որտեղ շատ վաղ հասակից լսել, սնվել եւ կրթվել եմ հայկական երգարվեստով։ Ինձ շատ հոգեհարազատ են հայկական ժողովրդա-գուսանական երգերը, որոնք ես մեծագույն սիրով ու հպարտությամբ եմ երգում։ – Խոսենք նաեւ առաջիկա ծրագրերիդ մասին։ – Շուտով երաժշտասերների դատին կհանձնեմ բոլորովին վերջերս նկարահանված Ջիվանու «Ա՜խ, իմ հայրենիքի ջուրը» եւ Նաղաշ Հովնաթանի «Վրաստանա գոզալներ» երգերի տեսահոլովակները։ Հրաչ Քեշիշյանի հետ համատեղ կսկսենք նկարահանել եւս երկու տեսահոլովակ՝ Սայաթ-Նովայի «Շատ բան կուզիմ» եւ «Քանի վուր ջան իմ» երգերի հիման վրա։ Առաջիկայում իմ երրորդ սկավառակում տեղ գտած մի քանի երգեր եւս երաժշտասերներին կմատուցվեն տեսահոլովակի տեսքով։ Հաջորդ տարի երաժշտասերներին կնվիրեմ իմ 4-րդ սկավառակը՝ կրկին բաղկացած ժողովրդա-գուսանական նոր երգերից, որի թողարկումից հետո էլ հանդես կգամ CD-ի շնորհանդես-երեւանյան մենահամերգով։ Տեղեկացնեմ, որ օրերս հյուրախաղերով կմեկնի Ռուսաստանի մի շարք քաղաքներ, այնուհետեւ Ուկրաինա։ Ունեմ նաեւ արտերկրյա բազմաթիվ հյուրախաղային հրավերներ։ ԳԱՅԱՆԵ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել