ՄԵՐ ՀՈՒՅՍԵՐԻ «ՄԵՐՍԵԴԵՍԸ» Օպերային երգիչ Բարսեղ Թումանյանին հանդիպեցինք կոնսերվատորիայում, ժյուրիի կազմում, ուր ընտրվում էին երգիչներ՝ ֆրանսահայ Էժենի Ալեսյանի «Ամազոն» օպերայի բեմադրության համար, որի պրեմիերան նախատեսված է 2003 թ. գարնանը, Երեւանում։ Կոմպոզիտորին մեզ մոտ աջակցում են «Ռենեսանս» հիմնադրամը (տնօրեն՝ Բ. Թումանյան), NAB պրոդյուսերական կենտրոնը (մենեջեր՝ Վերոնիկա Պադարյան), «Մետրոպոլ» հյուրանոցային համալիրը եւ Երեւանում Ֆրանսիայի դեսպանատունը։ Բ. Թումանյանից, բնականաբար, ակնկալում էինք մանրամասն տեղեկատվություն մեր հայրենակցուհու օպերայի մասին, սակայն երգիչը սկսեց խոսել իր դարդուցավից, այսինքն այն, ինչը հուզել ու դեռ շարունակում է հուզել մեզ, որի անունն է հայ Արվեստ։ Երգչի դիտարկմամբ, այսօր արվեստում ինքնախաբեություն է։ Առաջին հայացքից պարզ թվացող մի օրինակ բերեց նա։ Այսպես, կային ժամանակներ, երբ «Մոսկվիչ» ավտոմեքենայի վրա հայը հարմարեցնում էր «Մերսեդես» ավտոմեքենայի ֆիրմայի նշանը եւ իրեն թվում էր, թե ֆիրմային ավտոմեքենայի ղեկի մոտ է նստած։ Մեր օրերում «Մերսեդեսը» իրականություն է, «ինքն էլ» ղեկի մոտ նստած իրեն թագավոր է զգում, բայց չգիտի շատ կարեւոր մի բան կամ բաներ՝ ինչը, որտեղ, երբ…»։ Աշխարհ տեսած երգիչը համոզված է (ավելին՝ համոզում է), որ մերօրյա հայերը ոչ մի բանի տեղն ու ձեւը չգիտեն։ Երգչի խոսքերով. «Թագավոր դառնալու, լինելու ցանկություն յուրաքանչյուրս ունենք, բայց առաջին հերթին հարկավոր է գավառական մտածելակերպից, կոմպլեքսներից դուրս գալ։ Ինկուբատորի ճտեր ենք դարձել։ Հարկավոր է ամեն ինչի նայել ու դիտարկել տարբեր տեսանկյուններից։ Աշխարհի ո՞ր մի երկրում կտեսնեք այս աստիճան պրոազգայինի պրոպագանդում։ Հավատացեք, սա տանում է բթացման»։ Այսուհանդերձ, նա համոզված է, որ արվեստի մեր գիգանտները ուսումնասիրել են աշխարհի տարբեր ազգերի ժողովրդական արվեստը, հետո նոր այդ հիմքի վրա «կառուցել» իրենցը։ Իսկ ի՞նչ է կատարվում հիմա։ «Ինչ սովորեցնում են կամ ինչ կուտ տալիս են, էն էլ ուտում են, առանց մտածելու, ծանրութեթեւ անելու»։ Նրա կարծիքով, ելքը՝ ստացածին գումարած ինքնակրթությունն է եւ յուրաքանչյուր մարդ պետք է ինքնազարգացման վրա աշխատի։ «Տեսեք, այսօր մեր երկիրը դարձնում ենք Սերվիսի երկիր, որ գան դրսից ու վայելե՞ն։ Մենք հո լավ գիտենք, որ մեր ժողովրդի գրպանը այսօր, նման բարձրակարգ հաճույքներից օգտվելու համար, դատարկ է։ Ձեզ չի՞ թվում, որ ինքնակրթության ֆակտորը այստեղ էլ շատ կարեւոր ու գլխավոր դեր կխաղար, եթե այն չբացակայեր։ Եթե մեր մեծահարուստները հասկանան ու գնահատեն մեզ հասած արժեքները…»։ Այստեղ երգիչը բերեց հետեւյալ օրինակը՝ Տիգրան Մանսուրյանը վերցրել է Քուչակի պոեզիան եւ վերջինիս վրա գրել «Հայրենները»։ Ուրեմն ստացվում է, արժեքի վրա ստեղծել է, ավելին՝ գումարել արժեք։ Երգիչը ավելի քան համոզված է, որ ոչ մեկին ու ոչ մեկիս հարկավոր չեն այն ամենը, ինչ սարքում են ու շինում միայն ցուցադրելու համար, նորից ու նորից կրկնելով՝ ինքնախաբեություն հարկավոր չէ։ Նրա վկայությամբ. «Կոմունիզմի ժամանակ բանվորա-գյուղացիական արվեստը ծնեց իր «ուռոդին»՝ ռաբիսին։ Սա հենց «Մերսեդես» ավտոմեքենայի ֆիրմայի նշանն էր «Մոսկվիչի» վրա ու ամենակարեւորը՝ այսօր ռաբիսը մաքուր վիճակում չի մնացել։ Ավելին՝ այն «խաչակնքվում» է պարսկական ու արաբական «վիրուսների» հետ»։ Եվ համոզված է (եւ այդպես էլ կա), եթե այդ «արվեստը» մի ժամանակ մի կլանի էր հաճույք պատճառում, այժմ՝ հազար կլանի։ Երգչի ընկալմամբ, «արվեստն այն է, ինչը դարեր շարունակ գեղեցիկ է, եթե ճաշակի տեսանկյունից հնաոճ լինի, ապա արժեք՝ միշտ կունենա»։ Նա մտահոգվում է, որ ինչ էլ սարքում ենք, միեւնույն է՝ «Մերսեդես» չի ստացվում։ Նրա խորին համոզմամբ, հարկավոր է նյութական բազա հատուկ արվեստի աշխատողների համար։ Չի կարողանում հավատալ ու համակարծիք լինել այն արվեստագետների հետ, ովքեր հանուն արվեստի, հանուն բեմի պատրաստ են «անփող աշխատելու»։ Ըստ նրա. «Մենք տաղանդավոր ազգ ենք, բայց ապացուցված է՝ եթե տաղանդը չի բավարարվում, ապա դիմում է ծայրահեղությունների։ Օրինակ, խնդրեմ՝ «անփող աշխատելու» վարկածը»։ Երգիչը հետեւյալ խելացի առաջարկությունն արեց, ասելով, որ աշխարհում արվեստին օգնության ձեռք է մեկնում նաեւ եկեղեցին՝ շատ պարզ ձեւով։ Վերջիններիս սրահները հիանալի ու անկրկնելի համերգատեղի են։ Օրինակ, նորակերտ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու սրահում ինչու չլինեն հեղինակավոր համերգներ, տեսարաններ օպերաներից (իհարկե, հարիր տեղին ու համապատասխան օպերաներից)։ Բ. Թումանյանը համոզված է նաեւ, որ շատ խոսել հարկավոր չէ, ե՛ւ պետությունը իր հարցերը (ցանկության դեպքում) պետք է լուծի իր տանը, ե՛ւ մեծահարուստները պետք է տեր կանգնեն արվեստին, հարկավոր է հիշել. «Ոչ մի միլիոնատեր Նոբելյան մրցանակ չի ստացել, թեպետ, պիտի խոստովանել, որ այդ գումարը նրան հարկավոր էլ չէ։ Հանրահայտ ճշմարտություն է՝ փող ունեցողը դեռ չի վայելել։ Ի վերջո՝ Աստված տվողին է տալիս։ Հասկացեք մի բան՝ եթե խլեն մարդկությունից ինչ ստեղծել են արվեստները, մոլորակը կկորցնի շարժման ուղղությունը եւ այս դեպքում միլիարդներն էլ չեն օգնի»։ Զրույցի վերջում, մեր հարցին, թե ո՞րն է արվեստագետի իր դավանանքը, երգիչն ասաց. «Բոլոր արվեստագետների նպատակը նույնն է՝ մարդկայնացնել մարդուն։ Պարզապես տարբեր են այդ նպատակին տանող ճանապարհները. դրանք անթիվ-անհամար են, ինչպես անթիվ-անհամար են եւ մարդուն այլասերող գործոնները։ Չմոռանանք. արվեստը կոչված է մարդուն փրկելու ինքն իրենից։ Հովանավորե՛նք արվեստը։ Միայն այդ դեպքում մեր երկիրը մերը կլինի, երկրի տերը՝ մենք։ Կիմանանք ամեն բանի տեղն ու ձեւը ու կսարքենք մեր, հայկական «Մերսեդեսը»։ Տղամարդավարի տեր կանգնենք ու բազմապատկենք դարերից մեզ հասած արվեստները։ Ինքնախաբեություն, կոսմետիկա հարկավոր չէ ու երազախաբությունից դեռ տղա չի ծնվել»։ Ս. Դ.