Անձամբ ես՝ աղքատ չեմ Կողոպուտից հետո՝ գրոշներ 2002թ. սեպտեմբերի 12-ին Սոցիալական ապահովագրության կենսաթոշակային հիմնադրամի նախագահ Մուշեղյանը հանդիսավոր ելույթ ունեցավ ռադիոյով, ընդ որում մի քանի անգամ, հայտնելով, որ կառավարությունը, որի կազմում է նաեւ ինքը, իբր այնքան է «մտահոգված» չքավոր դարձած թոշակառուներով, որ անգամ կարճ ժամանակում՝ հոկտեմբերի 1-ից կրկնակի «ավելացնում» է թոշակը, սակայն «մոռացավ» ասել, թե քանի… լումայով։ Մի՞թե դեռ մինչեւ 2000թ. անձամբ ձեզ հայտնի չէր, որ «Փարոսի» գումարը կազմում էր 4800 դրամ։ Իսկ Վարդան Խաչատրյանին ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարի աթոռին նստեցնելուց հետո՝ նույն թվականի հուլիսից, նրա իսկ նախաձեռնությամբ, վարչապետ Անդրանիկ Մարգարյանի համաձայնությամբ եւ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խրախուսմամբ, 500 դրամով այն կրճատեցին։ Ի դեպ, սա այն Վ. Խաչատրյանն է՝ նախկին պատգամավորը, որը իր պատգամավորության ընթացքում կուրծք էր ծեծում, թե իբր սաստիկ «մտահոգված է» աղքատացած թոշակառուների հարցով։ Այ այսպես։ Նախարար դառնալուց հետո Խաչատրյանի դիմակը բացվեց։ Ես միշտ հետեւում եմ մամուլին, ինչպես նաեւ խորհրդարանի նիստերին։ Եկավ 2002 թվականը։ Հունվարի 1-ից կրկին «Փարոսից» 300 դրամ թռցրին (4300-ը դարձավ 4000) եւ «ավելացրին» թոշակին, որ օրական կազմում է 10 դրամ։ Իրականում այս երկու «բարեփոխումներից» հետո թոշակառուներիս օրական եկամուտը կազմում է 240-250 դրամ։ Ամոթ Գագիկ Թադեւոսյանին։ Եվ չարժե հիմար ձեւանալ, թե իբր չեք հասկանում, թե ինչի մասին է խոսքը։ Բողոքս ձեր խայտառակ կողոպուտների մասին՝ ինձ նմանների հոգու ճիչն է, որոնք արժանացել են 49,74 բալի եւ ամսական ընդամենը 8200 դրամ եկամուտ ունեն։ Լավ կլիներ արտասահմանյան մեքենաներով քիչ պտտվեիք։ Հիմա արդեն հասկանալի է, թե ինչպիսին է կառավարության «մտահոգությունը»։ Մի՞թե կես դար աշխատել եմ նրա համար, որպեսզի մեր ամոթալի պետությունը ինձ աղքատ անվանարկի։ Ամոթ նախագահին։ Անձամբ ես՝ Մուրադովաս, աղքատ չեմ։ Ես զոհ եմ իմ սեփական հողի վրա, թեեւ ծագումով երեւանցի չեմ։ Բայց ես Հայաստանի Հանրապետության քաղաքացի եմ։ Ցավոք, օրական 10 դրամով թոշակն «ավելացնելու» հարցով 2002թ. ապրիլի 1-ին ՀՀ նախագահին ուղղված բողոքս (հ41722005) նախագահի աշխատակազմի աշխատակից Արտյոմ Ռուստամյանը մակագրել է… արխիվին։ Ընդ որում, սա եզակի երեւույթ չէ։ Չնայած այս անմարդկային վերաբերմունքին, ես «Առավոտ» թերթի միջոցով խնդրում եմ Հայաստանի նախագահին ինձ հիմնավոր պատասխան տալ. ինչպե՞ս ես՝ 49,74 բալով գնահատված թոշակառուս՝ 4200 դրամ թոշակով եւ 4000 դրամ «Փարոսի» նպաստով պահպանեմ իմ գոյությունը։ Բացի գոյությունը պահպանելուց կան նաեւ կոմունալ ծառայություններ, աղ, օճառ, սպիտակեղեն։ Հագուստը, կոշիկը չե՞ն մաշվում։ Նույնիսկ սոցապ նախարարությանն ուղղված բողոքներն ու դիմումները որեւէ հետեւանք չեն ունենում։ Փոխարենը ինձ նմանները ոտնահարվում եւ վիրավորանքի են արժանանում։ Ի պատասխան իմ բողոքի՝ «Փարոսի» նպաստը խարդախ ճանապարհներով հատկացնելու մասին, ստանում եմ գրություն (203, 16.09.2002թ.), թե իմ «Փարոսի» գումարը 4000 դրամ է։ Նման անփույթ պատասխանը իսկական ֆելիետոնի նյութ է։ Մեզանից ո՞վ չգիտի իր աշխատավարձի կամ թոշակի չափը։ Հարգելի խմբագրություն, խնդրում եմ նամակս հրապարակել ձեր ազդեցիկ թերթում, որպեսզի ուրիշների զրկանքների հաշվին «բարեսրտության» մեղավորները համապատասխան պատիժ կրեն։ ԵՎԳԵՆՅԱ ՄՈՒՐԱԴՈՎԱ թոշակառու