ՀԵՐԹԱԿԱՆ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԻ ԱՎԱՐՏԸ Մալաթիա-Սեբաստիա համայնքների առաջին ատյանի դատարանում (դատավոր՝ Իսկուհի Վարդանյան) մոտ 7 ամիս ընթացավ Արմեն Բեջանյանի, Կարեն Զաքարյանի, Մանվել Ասատրյանի, Արամ Աղաբաբյանի եւ Արթուր Յազչյանի նկատմամբ հարուցված քրեական գործի դատաքննությունը։ Նրանք մեղադրվում էին 15-ամյա Արթուր Սուրենի Պարսամյանի սպանության մեջ։ Իսկ սպանությունը տեղի էր ունեցել Տիչինայի փ. 125 տան դիմաց, 2001թ. մայիսի 19-ին։ Այս նոյեմբերի 11-ին խորհրդակցական սենյակից դուրս գալով (այնտեղ էր գտնվում հոկտեմբերի 22-ից), դատավոր Վարդանյանը հրապարակեց դատավճիռը։ Այն հնչեց ամբողջությամբ (դատարաններում, ի դեպ, վերջին շրջանում ընթերցվում է միայն եզրափակիչ մասը)։ Համադրելով նախաքննությամբ եւ դատաքննության արդյունքում ձեռք բերված ապացույցները, ամբաստանյալների տված ցուցմունքները, դատարանը դրանք գնահատեց այսպես. «Արժանահավատ պետք է համարել ամբաստանյալներ Ա. Բեջանյանի, Ա. Աղաբաբյանի, Մ. Ասատրյանի նախաքննական ցուցմունքները, տուժող Կ. Բադոյանի, վկաներ Ս. եւ Ա. Ասատրյանների, Կ. Հակոբյանի, Մ. Հարությունյանի ինչպես նախաքննական, այնպես էլ դատաքննական այն ցուցմունքները, որոնք համադրելով միմյանց եւ մյուս ապացույցներին, այդ թվում փաստաթղթերին՝ համընկնում են եւ ամբողջական դարձնում յուրաքանչյուրի գործողությունների շրջանակը»։ Դատարանը Ա. Բեջանյանի որոշ պատճառաբանություններ գնահատեց «անհիմն», իսկ ընդհանրապես, մյուս ամբաստանյալների համար գտնում էր, որ նրանց առաջադրված «կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը եւ արտահայտելով բացահայտ անհարգալից վերաբերմունք շուրջ 3 րոպե տեւողությամբ կատարել են չարամիտ խուլիգանություն», համապատասխանել է իրականությանը։ Ըստ դատարանի, Աղաբաբյանի եւ Ասատրյանի գործողություններում բացակայել է Քրօրի 99 հոդվածի 2-րդ կետով նախատեսված արարքի դեպքը։ Իսկ Կ. Զաքարյանին մեղսագրվածի կապակցությամբ դատարանը «հայտնեց», որ բավարար ապացույցներ ձեռք չեն բերվել, քանի որ «Ա. Բեջանյանը եւ մյուսները» ժխտեցին Զաքարյանի կողմից Արթուր Պարսամյանին սպանելու հրահրող բացականչություններ անելը։ Վկա Արմեն Պարսամյանն էլ չներկայացավ դատարան, որը եւ հետեւաբար չճշտեց տվյալ ապացույցի իսկությունը։ ԱՄՆ ճողոպրած մյուս վկայի՝ Կարեն Բադոյանի տված ցուցմունքն էլ դատարանը բավարար չհամարեց, որպեսզի ապացույցի հիմք ընդունի։ Ինչեւէ, հրապարակված դատավճռով Արմեն Բեջանյանը դատապարտվեց ազատազրկման՝ 9 տարի ժամանակով, Մանվել Ասատրյանը, Արամ Աղաբաբյանը եւ Կարեն Զաքարյանը՝ 6-ական տարի ազատազրկման, իսկ Արթուր Յազչյանին մեղսագրված Քրօրի 105 հոդվածի 1-ին մասը «պահպանվեց» եւ նա դատապարտվեց 3 տարի ազատազրկման։ Յազչյանի համար կիրառվեց Հայաստանում քրիստոնեությունը որպես պետական կրոն հռչակելու 1700-ամյակի առթիվ հանրապետության ԱԺ-ի կողմից համաներում համարելու մասին որոշումը եւ նա, փաստորեն, ծափերի ուղեկցությամբ ազատ արձակվեց դատարանի դահլիճից։ Թե տուժող Պարսամյանի շահերի իրավահաջորդ, փաստաբան Ռուբեն Սահակյանը եւ թե տուժող Կ. Բադոյանը քաղհայցի կարգով պահանջ չէին ներկայացրել դատարանին։ Փաստաբաններ Քարամյանի եւ Միրզոյանի միջնորդությունը վկա Էդիկ Գրիգորյանի նկատմամբ քրգործ հարուցելու, մեղադրող Ա. Երիցյանի միջնորդությունը՝ վկա Միսաք Հարությունյանի նկատմամբ քրգործ հարուցելու, դատախազություն այդ կապակցությամբ դիմելու մասին, դատարանի որոշմամբ մերժվեց։ «Նշված հանգամանքները հայտնի են նախաքննության մարմնին եւ, բացի դրանից, իրադրության փոփոխման պատճառով դատարանը նպատակահարմար չգտավ դրանք բավարարել»,- նկատեց դատավոր Ի. Վարդանյանը։ Սակայն դատավճռի ողջ տեքստում, բացի այս որոշման մեջ նշվածից, որեւէ ակնարկ չկար «իրադրության փոփոխման» մասին։ Ընդհակառակը, մեղադրողը մեկ այլ վկայի էլ (Կարեն Հակոբյան) էր վախեցրել, թե քրգործ կհարուցի։ Իսկ նրա մասին բարեբախտաբար խոսք չեղավ։ Բացի Ա. Յազչյանի պաշտպան Սերգեյ Մկրտչյանից, ամբաստանյալների պաշտպանները բողոքարկելու են 1-ին ատյանի դատավճիռը։ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ