Լրահոս
Օրվա լրահոսը

ԽՈՍՏԱՑԵՔ, ՈՐ ԽՈՍՏԱՆԱՆՔ

Նոյեմբեր 14,2002 00:00

ԽՈՍՏԱՑԵՔ, ՈՐ ԽՈՍՏԱՆԱՆՔ Բնությունը Շիրակի դաշտավայրին տաք ձմեռ երբեւէ չի խոստանում: Այս տարի, սպասվածին հակառակ, տաք ձմեռ չեն խոստանում նաեւ տաքություն ապահովողները՝ Գյումրիի «Ջերմամատակարարում» ՓԲԸ-ն ու հատկապես Մայիսյան գյուղում տեղակայված մատակարարիչը՝ «Հայգազարդ» ՓԲԸ-ի «Գյումրիջերմո» մասնաճյուղը: Իսկ ջերմային էներգիայի սպառողները՝ Անի թաղամասի բնակիչներն էլ իրենց հերթին չեն խոստանում կուտակված պարտքերի մարումը: Ասենք, բնակիչները սեփական երկրի կառավարությունից ի՞նչ պիտի սովորեն. վերջինս մինչեւ օրս Գյումրիի «Ջերմամատակարարում» ՓԲԸ-ին չի փոխհատուցել 473 մլն դրամը: Իսկ պարտքերի չափն ու փոխկապակցվածությունը պարզապես ապշեցնում է. բնակիչները 595 մլն դրամ են պարտք Գյումրիի «Ջերմամատակարարում» ՓԲԸ-ին: Տարբեր սուբյեկտների՝ այս ընկերությանն ունեցած պարտքերի ընդհանուր չափը, ներառյալ ոչ բնակելի շինությունների գծով, անցնում է 1 մլրդ դրամի սահմանագիծը: Մոտավորապես այդքան էլ «Ջերմամատակարարում» ՓԲԸ-ն է պարտք «Հայգազարդ» ՓԲԸ-ի «Գյումրիջերմո» մասնաճյուղին: «Գյումրիջերմոն» էլ 4 ամսվա աշխատավարձ է պարտք իր աշխատակիցներին: Վերջինիս տնօրեն Սամվել Համբարձումյանի հավաստմամբ, այս մարզում մասնագետների թիվը խիստ սահմանափակ է: Եղածներն էլ խաբվելու (աշխատանքի դիմաց չվարձատրվելու) մտավախություն ունեն, ուստի դժվարությամբ են հանձն առնում նորից աշխատել: Այս հարցն անգամ դատարանում չի լուծվում: Մայիսին «Գյումրիջերմոն» դատի էր տվել «Ջերմամատակարարում» ՓԲԸ-ին. ակնկալվող 298 մլն դրամի փոխարեն վճարվել է ընդամենը 5 մլն 200 հազար դրամ, որը, Ս. Համբարձումյանի խոսքերով, շատ քիչ գումար է նորից ջեռուցում ապահովելու համար: Այժմ արգելանքի տակ են դրված Գյումրիի «Ջերմամատակարարում» ՓԲԸ-ի հաշիվները: Վերջինիս գործադիր տնօրեն Սամվել Ենգոյանի հավաստմամբ, գանձումներ ապահովելու նպատակով իրենք էլ իրենց հերթին են դատի տվել բնակիչներին, սակայն դարձյալ արդյունքի չեն հասել: Բնակիչներից շատերի կարծիքով էլ դատարան դիմելու լիարժեք իրավունքն իրենցն է, քանի որ կնքված պայմանագիրը հավասարաչափ խախտվում է ինչպես իրենց, այնպես էլ տվյալ ձեռնարկության կողմից. բնակարաններում նախատեսված ջերմաստիճանը չի ապահովվում կամ էլ, բնակիչների խոսքերով ասած, ջեռուցումը տալիս են «հովհարային անջատումներով»: Նրանցից շատերը նույնիսկ բողոք-դիմում են ներկայացրել՝ հրաժարվելով ջեռուցումից: «Թող նորմալ ջեռուցում խոստանան, մենք էլ վճարները խոստանանք»,- ասում են բնակիչները: Գյումրիի «Ջերմամատակարարում» ՓԲԸ-ն էլ իր հերթին նմանատիպ խոստում է տալիս բնակիչներին. «Խոստացեք վճարել պարտքերը, մենք էլ նորմալ ջեռուցում կխոստանանք»: Չնայած երկու կողմն էլ քաջ գիտակցում են, որ մեր հանրապետությունում նման խոստումներ ոչ տրվում են, ոչ էլ կատարվում: Ի դեպ, թաղամասի տարբեր շենքերում ջերմաստիճանի չափը ստանդարտ չէ: Ս. Համբարձումյանն արդարանում է՝ պնդելով, որ Մայիսյանից էներգիան Անի թաղամասի կենտրոնական ջերմային կայաններ է հասնում հաստատուն ջերմաստիճանով, իսկ թե ինչու է ջերմաստիճանն այստեղ իջնում՝ արդեն իր խնդիրը չէ: «Ջերմամատակարարում» ՓԲԸ-ի տնօրենն այլ կերպ է արդարանում՝ հիշյալ փաստը բացատրելով հաղորդակցական ցանցերի մաշվածությամբ եւ նյութական բազայի բացակայությամբ: «Յուրաքանչյուր սեզոնից հետո անհրաժեշտ է վերանորոգման աշխատանքներ կատարել, ինչը մենք չենք կարողանում անել, նորմալ գանձումներ չապահովելու պատճառով»,- պարզաբանեց Ս. Ենգոյանը: Նա բնակիչներին մեղադրում է նաեւ ջրագողության մեջ. «տեղի-անտեղի օգտագործում են ջուրը: Սրա հետեւանքով, ի դեպ, նրանք ենթակա են վարչական տույժի, սակայն ելնելով սոցիալ- տնտեսական ծանր պայմաններից, ձայն չենք հանում, նրանք էլ օգտվում են առիթից՝ միաժամանակ դժգոհելով, թե համակարգը լավ չի աշխատում»: Չնայած փոխադարձ մեղադրանքներին, Ս. Ենգոյանը ասում է, որ կառավարությունում բանակցություններ են տարվում Անի թաղամասում նորից ջեռուցում ապահովելու համար: Հարկ է նկատել, որ շենքերը բետոնից են եւ առկա են հիվանդության համար բոլոր նպաստավոր պայմանները: Սակայն նույնիսկ, այսպես ասած, «վերասիայի» («նիսյայի») պայմաններում կարծես թե այս ծառայության մատուցումը երկու կողմերին էլ ձեռնտու է. գնորդին խիստ անհրաժեշտ է, իսկ վաճառողին անհանգստացնում է սեփական հիմնարկի լինել-չլինելու հարցը: Ու մինչդեռ «Օրինաց երկիր» կուսակցության մարզային կազմակերպությունը կառավարությանը ներկայացնելու համար պարտքերը սառեցնելու ծրագիր է մշակում, ՀՀ էներգետիկայի հանձնաժողովն արդեն որոշել է ջերմային էներգիայի սակագինը՝ 1քմ բնակմակերեսի համար 2573 դրամ, իսկ ավագանին շուտով կհաստատի նաեւ բնակչությանը հասանելիք վճարի չափը: ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել