Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ անել

Նոյեմբեր 14,2002 00:00
xosrov

Կամ որո՞նք են մեր հրատապ քայլերը

«Առավոտի» թիվ 198, 201 եւ 202 համարներում տպագրել էինք Խոսրով Հարությունյանի «Պատմությունը դասեր չի տալիս» հոդվածը: Ներկայացնում ենք հոդվածի եզրափակիչ մասը:

Սակայն տվյալ պարագայում առարկայական են այն խնդիրները, որոնց ճիշտ լուծումները կհանգեցնեն նաեւ հանրային հետաքրքրությունը շարժող բազմաթիվ այլ հարցերի կարգավորմանը կամ գոնե բավարար պայմաններ կստեղծեն դրանց աստիճանական լուծման համար: Մեծ իմաստով, առարկայորեն մենք այսօր մեկ խնդիր ունենք՝ կառուցել այնպիսի պետություն, որն ունակ կլինի ապահովել իր քաղաքացիներին արժանապատիվ կյանքով ապրելու հնարավորություններ՝ միեւնույն ժամանակ երաշխավորելով հանրային կյանքի անվտանգությունն ու կանխատեսելիությունը: Մի խնդիր, որով պայմանավորված է մեր հանրության հավաքական ապագան: Եվ ակնհայտ է, որ այդ խնդիրն իր բովանդակությամբ զուտ տնտեսական կամ սոցիալական չէ, չնայած որ նրա հետեւանքները դրսեւորվում են առաջին հերթին եւ հիմնականում կյանքի այդ ոլորտներում: Այն քաղաքական է եւ ուղղակիորեն վերաբերում է պետության ինստիտուցիոնալ կայացմանը՝ լծորդված հանրային կյանքի բարոյականացման խնդիրների հետ: Հետեւաբար, մեր հասարակության ամենաառաջնահերթ խնդիրը պետք է լինի արդար ազատական տնտեսական համակարգի պահանջներին համապատասխանող եւ այդ տնտեսական համակարգը երաշխավորող քաղաքական համակարգի իրավական եւ բարոյահոգեբանական հիմքերի շուտափույթ ձեւավորումը:

Հարկավոր է անհապաղ ձեռնամուխ լինել պատահական, փորձառություն եւ կենսագրություն չունեցող, իսկ հաճախ եւ կասկածելի «հեղինակություն» ունեցող, բացահայտորեն սեփական կամ կլանային շահեր հետապնդող տարրից քաղաքական գործընթացը, հետեւաբար եւ քաղաքական իշխանությունը, ձերբազատելու գործին՝ կուսակցությունների պատասխանատվությունը հանրային կյանքում բարձրացնելու ճանապարհով: Այլ կերպ ասած, անհետաձգելի պետք է համարվի Պետության քաղաքական համակարգի եւ նրա բարձրագույն քաղաքական մարմնի՝ Ազգային Ժողովի վերակենդանացումն ու հետագա կայացումը երաշխավորող քայլերի իրականացումը:

Դրա համար անհրաժեշտ է այսօր արդեն Ընտրական oրենսգրքում կատարել փոփոխություն եւ անհամեմատ մեծացնել համամասնական ընտրակարգով բաշխվող մանդատների թիվը:

Միաժամանակ, անհրաժեշտ է վերանայել կուսակցությունների մասին օրենքը՝ այն ավելի դեմոկրատացնելու եւ կուսակցությունների քաղաքական գործունեությունն ավելորդ վարչարարական սահմանափակումներից ձերբազատելու առումով: Մյուս կողմից, ակնհայտ է, որ օրենքի կարգավորման առարկա պետք է դառնա նաեւ ներկուսակցական դեմոկրատիան եւ կուսակցությունների ֆինանսական գործունեության հրապարակայնության եւ թափանցիկության ապահովումը: Առանձնահատուկ նշանակություն է ստանում օրենսդրորեն կուսակցական մամուլն արգելելու խնդիրը, մի հարց, որ կուսակցություններին ոչ միայն կազատի ահռելի ֆինանսական բեռից, այլեւ ազգային անվտանգության տեսակետից խիստ վտանգավոր, ստվերային ու անհասկանալի ազդեցությունների տակ հայտնվելու հեռանկարից:

Անհրաժեշտ է նաեւ Ազգային Ժողովի կանոնակարգում վերականգնել այն դրույթը (որը զուտ կուսակցական նկատառումներից ելնելով վերացվել է 1997թ.), համաձայն որի համամասնական ընտրակարգով ընտրված պատգամավորը հանդիսանում է համանուն կուսակցական ֆրակցիայի անդամ եւ չի կարող կուսակցությունից դուրս գալ (կամ փոխել ֆրակցիան)՝ մնալով պատգամավոր: Այս սկզբունքի ամրագրումը կանոնակարգում կկայունացնի եւ կանխատեսելի կդարձնի բարձրագույն քաղաքական մարմնի գործունեությունը՝ զերծ պահելով այն ավելորդ ցնցումներից:

Քաղաքական համակարգի կայացման խնդրում առանձնահատուկ նշանակություն է ստանում «ընտրություններ-Ազգային Ժողովում քաղաքական մեծամասնություն-կառավարություն» քաղաքական շղթայի անընդհատության եւ կանխատեսելիության ապահովումը: Այն ոչ միայն կբարձրացնի ընտրությունների դերն ու կարեւորությունը հասարակական կյանքում, այլեւ կխթանի հասարակության վստահության ձեւավորումը ինչպես քաղաքական այդ կարեւոր ինստիտուտի, այնպես էլ սեփական ուժերի նկատմամբ: Դրա համար հարկավոր է օրենքով ամրագրել, որ կառավարությունը ձեւավորում է Հանրապետության նախագահը Ազգային Ժողովում քաղաքական մեծամասնության կամ մեծամասնություն հանդիսացող քաղաքական կոալիցիայի կազմից: Ընդ որում, նշված օրենքը պետք է ընդունել հիմա եւ սահմանել, որ այն ուժի մեջ կմտնի ավելի ուշ (օրինակ՝ 2006թ.-ից): Այս մոտեցումն արդեն այսօր կստիպի կուսակցություններին շատ պատասխանատու վերաբերվել իրենց ցուցակների անհատական կազմի ձեւավորման խնդրին: Իսկ եթե օրենսդրորեն ամրագրվի, որ Ազգային Ժողովի ընտրություններին մասնակցող կուսակցությունները պարտավոր են նաեւ հրապարակել հաղթանակի դեպքում իրենց ապագա կառավարության անհատական կազմը, ապա կարելի է համարել, որ կուսակցությունների պատասխանատու քաղաքական վարքագիծն ավելի երաշխավորված կլինի:

Հօգուտ քաղաքական կանխատեսելի համակարգի ձեւավորման անհրաժեշտ է նախապատրաստվել, այդ թվում նաեւ օրենսդրորեն, որպեսզի Ազգային Ժողովի հաջորդ հերթական ընտրություններին կուսակցական ցուցակներում պատգամավորության թեկնածուների հաջորդականությունը ձեւավորվի ընտրությունների արդյունքում՝ ընտրողների կողմից:

Ընդ որում, այս քայլերը պետք է կատարել կառավարման համակարգի բարեփոխումներին եւ քաղաքացիական ծառայության ինստիտուցիոնալ կայացմանը զուգահեռ:

Բայց եթե քաղաքացիական ծառայության կայ ացմանն ուղղված քայլերն այսօր հանրությանը տեսանելի են եւ, որոշ բացառություններով, պետք է հուսալ, որ ոչ շատ հեռու ապագայում դրանք իրենց զգացնել կտան, ապա կառավարման համակարգի բարեփոխումների ոլորտում առ այսօր չի նկատվում հայեցակարգային որեւէ հստակություն:

Մինչդեռ կառավարման համակարգի բարեփոխումներից է կախված եւ դրանցով է պայմանավորված հանրային կյանքն արդարացիորեն կանոնակարգելու եւ իր քաղաքացիներին արժանապատիվ կյանքով ապրելու համար անհրաժեշտ հնարավորություններ ապահովելու ընդունակ Պետության կայացման գործընթացի հաջողությունը: Ավելին, նշված բարեփոխումների արդյունավետությամբ կարող է կանխորոշվել հանրային օրգանիզմը քայքայող այնպիսի հիվանդության ծավալների ու խորության նվազեցումը, ինչպիսին կաշառակերությունն է: Այլ կերպ ասած, այս ոլորտի՝ ժամանակի մարտահրավերներին համահունչ բարեփոխումների արդյունավետությամբ են պայմանավորված մեր հանրային կյանքի հիմնական որակները (կայացած քաղաքական համակարգ ունենալու պարագայում անգամ իռացիոնալ կառավարման համակարգի դեպքում ձախողման է դատապարտված ցանկացած քաղաքական նախաձեռնություն):

Հետեւաբար, մեր հրատապ խնդիրների հաջորդ համախումբն առնչվում է կառավարության կառուցվածքի արդիականացմանը, այն ազատական տնտեսական համակարգի պահանջներին համապատասխանեցնելուն: Իսկ դա նշանակում է, որ անհրաժեշտ է օրենսդրորեն օպտիմալացնել կառավարման կառուցվածքը թե ուղղահայաց եւ թե հորիզոնական ուղղություններով: Ուղղահայաց օպտիմալացումը նշանակում է կառավարման հանրապետական եւ տարածքային մարմինների (նախարարություններ ու մարզպետարաններ) պատասխանատվությունների հստակեցում եւ տարանջատում՝ ժողովրդավարական ապակենտրոնացման սկզբունքներից ելնելով: Տվյալ դեպքում խոսքն այն մասին է, որ անհրաժեշտ է նախարարություններին վերապահել բացառապես համապատասխան ոլորտում քաղաքականության մշակման եւ պետական այլ մարմինների կողմից դրա իրականացման ընթացքի վերահսկողության պատասխանատվությունը, ինչպես նաեւ այդ պատասխանատվության լիարժեք իրականացման համար անհրաժեշտ լիազորությունները, իսկ մարզպետարաններին՝ մարզի տարածքում համապատասխան նախարարության մշակած քաղաքականության իրականացման եւ համայնքների ներդաշնակ զարգացման աջակցության պատասխանատվությունները՝ վերջիններիս համարժեք լիազորություններով: Պատասխանատվությունների տարանջատման այս սկզբունքին համապատասխան պետք է նախագծվի նաեւ կառավարման այդ մարմինների կառուցվածքը (բացառությամբ մեկ-երկու նախարարությունների, պետք է կտրականապես հրաժարվել նախարարությունների տարածքային ստորաբաժանումներ ունենալու հայեցակարգից, ինչպես նաեւ մարզպետների ավելի ծավալուն պատասխանատվություններին համապատասխանեցնել մարզպետարանների կառուցվածքն ու նրանց ենթակայեցնել մարզի տարածքում գործող ստորաբաժանումներն ու պետական կառույցները): Լուրջ բարեփոխումների կարիք է զգում նաեւ Կառավարության կենտրոնական ապարատը՝ վերջինիս վերապահվող պատասխանատվությունների հստակեցման եւ որոշումների նախապատրաստման գործընթացի արդյունավետության բարձրացման նպատակով: Այս կերպ կարելի է հասնել կառավարման ուղղահայացում հասցեագրված պատասխանատվությունների համակարգի ձեւավորմանը, հետեւաբար եւ կառավարման պատասխանատվության ու թափանցիկության ապահովմանը:

Միաժամանակ, Երկրի կառավարման արդյունավետությունը մեծ մասամբ պայմանավորված է նաեւ վերջինիս կառուցվածքի հորիզոնական օպտիմալացմամբ: Այսինքն հրատապ է դարձել հանրային կյանքում ինքնուրույն քաղաքական կարգավորման անհրաժեշտության կարիք ունեցող ոլորտների իմաստավորումն ու հստակեցումը եւ դրանց օրենսդրորեն ամրագրումը կամ, այլ կերպ ասած, նախարարությունների ցանկի հաստատումն օրենքով (դրանով կարելի է վերջ տալ զավեշտական թվացող այն երեւույթին, երբ կառավարությունից կառավարություն անընդհատ փոփոխվում են ոչ միայն նախարարությունների անվանումները, այլեւ թվաքանակն ու անվանացանկը): Կառավարության կազմի նման անորոշությունը խոչընդոտում է նաեւ քաղաքացիական ծառայության կայացմանը: Եվ վերջապես, անհրաժեշտ է մեկընդմիշտ լուծել կառավարության կառուցվածքից դուրս գտնվող, սեփական պատասխանատվությամբ, բայց պետության անունից գործող ու վերջինիս վերապահված բացառիկ իրավասության շրջանակներում հանրային կյանքի տարբեր ոլորտներում պետական քաղաքականության իրականացման պատասխանատվությունը պատվիրակման ճանապարհով ստանձնած կառույցների՝ ազգային գործակալությունների խնդիրը (քաղաքական առումով վաղուց արդեն բովանդակազուրկ «կառավարությանն առընթեր վարչությունների» փոխարեն):

Կառավարության հորիզոնական կառուցվածքին առնչվող մի կարեւոր խնդիր եւս: Այդ կառուցվածքում իր գործնական դրսեւորումը պետք է ստանա մեր Երկրի երկարաժամկետ գերակայություններից ամենաառանցքայինը՝ Եվրոպական ուղղվածությունը: Այսինքն, հարկավոր է նախատեսել նախարարություն, որին կվերապահվի եվրոպական կառույցների հետ մեր ինտեգրացման գործընթացի կոորդինացումը (ի դեպ, դա ԱՆ-ն չի կարող լինել) կամ, որն ավելի ճիշտ է կառավարման արդյունավետության տեսանկյունից, Կառավարության կազմում նախատեսել համակարգող նախարարի (փոխվարչապետի) պաշտոն բացառապես Հանրապետության եւ Եվրոպայի կառույցների փոխհարաբերությունները համակարգելու պատասխանատվությամբ: Այսպիսի լուծումը ոչ միայն կբարձրացնի Եվրոպայի հետ մեր համագործակցության նպատակայնությունն ու արդյունավետությունը, այլեւ, ընդգծելով մեր մտադրությունների լրջությունն ու գործնական բնույթը, կձեւավորի անհրաժեշտ վստահություն մեր եվրոպական գործընկերների մոտ:

Նման համալիր մոտեցման դեպքում կարելի է հուսալ, որ աստիճանաբար կձեւավորվի ոչ միայն թափանցիկ եւ կանխատեսելի, այլեւ ժամանակի մարտահրավերներին դիմագրավելու ունակ, ժողովրդավարական առողջ ավանդույթներ ստեղծող եւ բազմապատկող, ժամանակակից պետական կառավարման քաղաքական համակարգ:

Անկասկած, կայուն եւ կարողունակ պետական համակարգ ստեղծելը բացառիկ նշանակություն ունի մեր Պետության ապագայի համար: Բայց բոլոր դեպքերում այդ նույն Պետության կայուն եւ անվտանգ զարգացման հեռանկարի երաշխավորման տեսանկյունից դա միայն անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայմանն է: Այսինքն, մեր ներքին կյանքը կանոնակարգելն ու ավելի կանխատեսելի եւ հուսալի դարձնելը, որքան էլ շատ կարեւոր է, այդուհանդերձ բավարար չէ մեր համընթաց զարգացումն երկարաժամկետ հատվածում ապահովելու համար: Անհրաժեշտ է որակապես փոխել մեզ հետ կապված իրերի վիճակը նաեւ արտաքին միջավայրում: Այլ կերպ ասած, հարկավոր է շարժել միջազգային հանրության (շարքային եվրոպացիների, ամերիկացիների եւ այլոց) կենդանի հետաքրքրությունը մեր Պետության եւ մեր ժողովրդի նկատմամբ, նրանց՝ մեր մշակութային ժառանգությամբ, հոգեւոր ավանդույթներով, պատմական անցյալով ու այսօրով եւ, որն ավելի կարեւոր է, վաղվա վերաբերյալ մեր պատկերացումներով ու ձգտումներով ներկայանալու եւ առավել ճանաչելի դառնալու ճանապարհով: Այդ ամենը, մեր «տանը» կարգ ու կանոն հաստատելուն ուղղված հետեւողական ու համակարգված քայլերի հետ մեկտեղ, մեծապես կնպաստի մեր Պետության միջազգային հեղինակության բարձրացմանը եւ հայության բարի համբավի (իմիջի) ձեւավորմանը:

Հետեւաբար, մենք պարտավոր ենք ազդարարել, որ մշակույթն ու կրթությունն առաջիկա տաս-տասնհինգ տարիների մեր ռազմավարական առաջնահերթություններն են: Մեծ իմաստով, մեր պետականությունը կարող է գոյատեւել՝ հենվելով երեք սյուների վրա. մշակույթ, ժամանակակից կրթական համակարգ եւ մեր ձեռքբերումները պաշտպանելու ընդունակ մարտունակ բանակ: Այս ոլորտներում առաջընթացի եւ ձեռքբերումների ապահովումը պետք է դառնա մեր հասարակության եւ բոլոր ժամանակների մեր իշխանությունների առաջնահերթ խնդիրն ու նպատակը: Ընդ որում, առավել հրատապ պետք է համարել մեր մշակույթը դրսում ներկայացնելու, օտարներին հաղորդակից դարձնելու խնդիրները՝ օգտագործելով Հայաստանում Քրիստոնեության պետական կրոն հռչակման 1700-ամյակի միջազգային հնչեղությունը եւ վերջինիս լույսի տակ, որպես նրա բնականոն շարունակություն, առաջիկա տարիներին հայ մշակութային պատմության կարեւորագույն հոբելյանների միջազգայնացման հնարավորությունները: Այլ խոսքով, մշակույթ եւ կրթություն՝ ահա այն այցեքարտերը, որոնցով մենք կարող ենք արժանապատվորեն ներկայանալ աշխարհին՝ արթնացնելով մեր նկատմամբ օտարների առողջ հետաքրքրությունը: Եվ փառք Աստծո, որ դրա համար ավելի քան ներկայանալի ժառանգություն ունենք: Դարավոր պատմություն ունեցող հոգեւոր մի ինքնատիպ ժառանգություն, որը կարող է ներկայանալ (եւ իրականում էլ այդպես է) որպես համաշխարհային քաղաքակրթության գանձարանում մեր նախնիների մնայուն ավանդը, որպես պատմության ընթացքում ձեւավորված մարդկության մշակութային հարուստ եւ գունեղ խճանկարի, թեկուզ եւ փոքր, բայց սեփական երանգն ու դեմքն ունեցող հատված:

Պետական քաղաքականության նման մարտավարությունը մեծապես կնպաստի դրսում Հայաստանի եւ հայության շուրջ բարենպաստ մթնոլորտի ձեւավորմանը, կբարձրացնի յուրաքանչյուր հայի համար Հայաստանի, որպես քաղաքական գործոնի, կարեւորությունը՝ խթանելով մեզանում (թե ներսում եւ թե Սփյուռքում) ազգային արժանապատվության քաղաքակիրթ գիտակցությունն ու Հայրենիքի շուրջ համախմբվելու բնական ձգտումը՝ հանրային կյանքում ստեղծելով բավարար բարոյական միջավայր «պատասխանատու իշխանություններ» ձեւավորելու համար: Ավելին, նման հայեցակարգային մոտեցումն ավելի դյուրին կդարձնի մեր շատ ազգային խնդիրների նկատմամբ միջազգային հանրության շահագրգիռ եւ արդարացի վերաբերմունքի ապահովումը: Սակայն, միանգամայն հասկանալի է, որ միջազգային մշակութային կյանքին ինտեգրվելու, ինչպես նաեւ կրթյալ եւ ուսյալ ազգի համբավ ձեւավորելու վերը նկարագրված մարտավարությամբ Հայաստանի միջազգային վարկի ամրապնդումը միաժամանակ պետք է ծառայեցնել մեր պետության երկարաժամկետ շահերի իրացման խնդիրներին, այն ենթադրությամբ, որ նման մարտավարության պարագաներում այդ խնդիրների լուծման գործում միջազգային հանրության աջակցության ակնկալումն ավելի հավանական է թվում:

Հետեւաբար, այս ամենը պետք է զուգահեռել արտաքին հարաբերությունների ոլորտում հավասարակշռված, մեր երկարաժամկետ շահերին միտված նախաձեռնողական ու հետեւողական քաղաքականությամբ: Ավելին, նման մոտեցումը հասկանալի առումով էապես կլրացնի Հայաստանի միջազգային հեղինակության բարձրացմանն ուղղված մեր հավաքական ջանքերը՝ դրանց հաղորդելով հավելյալ լրջություն եւ վճռականություն: Ինչ վերաբերում է մեր արտաքին գերակայություններին երկարաժամկետ ապագայի կտրվածքում, ապա դրանք կարելի է բանաձեւել հետեւյալ կերպ՝ եվրոպական ուղղությամբ հետեւողական եւ համընթաց շարժում՝ համալրված մեր անմիջական հարեւանների հետ՝ միմյանց շահերն ու հետաքրքրությունները ճանաչելու եւ հարգելու վրա խարսխված համագործակցությամբ, տարածաշրջանի կայուն եւ անվտանգ զարգացման համակարգում Հայաստանի մնայուն մասնակցության ապահովմամբ՝ ամրապնդված վերջինիս համար անհրաժեշտ տարածաշրջանային երաշխիքներով եւ ինտեգրացիոն գործընթացներով, խոշոր պետությունների հետ հավասարահեռ եւ փոխշահավետ համագործակցությամբ: Ընդ որում, այս խնդիրներում առանձնահատուկ դերակատարում է վերապահվում Ազգային Ժողովին՝ խորհրդարանական դիվանագիտության առումով: Մասնավորապես, հարկավոր է նոր շունչ հաղորդել Եվրոպայի Խորհրդի շրջանակներում դեռեւս 1998-1999թթ. Հայաստանի Ազգային Ժողովի նախաձեռնություններին, որոնք ուղղված էին տարածաշրջանում խորհրդարանական եւ արտախորհրդարանական քաղաքական մշտական շփումների ճանապարհով վստահության մթնոլորտի եւ ինտեգրացիոն միտումների ձեւավորմանը: Ի դեպ, ծանրակշիռ կարող է լինել խորհրդարանի դերը նաեւ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում: Ահա այսպիսին է ներկայանում մեր ներքին եւ արտաքին կյանքում ծառացած բազում խնդիրների լուծմանը միտված պետականաշինության եւ հանրային կյանքի կազմակերպման հրատապ քայլերի համախումբը: Այն անկասկած սպառիչ չէ, սակայն թվում է բավարար, գոնե առանց խարխափելու դեպի «թունելի ելքը» հանրության ընթացքն ապահովելու համար:

ԽՈՍՐՈՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2002
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930